Նվազագույն աշխատավարձի պերճանքն ու թշվառությունը
Պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի, առավել եւս դրա ցանկալի մակարդակի խնդիրը առավել վիճարկվածներից է տնտեսագետների շրջանում: Մշտապես կա բանավեճ դրա սոցիալական եւ տնտեսական հետեւանքների, դրանց հավասարակշռման վերաբերյալ: Իրականում հավասարակշռման հարթություններն ավելին են՝ պետական եւ մասնավոր հատված, փոքր եւ մեծ ձեռնարկություններ, կենտրոն եւ տարածաշրջաններ, բյուջետային ֆինանսներ եւ բիզնեսի բեռ, եւ այլն:
Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2012 թվականից էապես բարձրացել է՝ 32,500 ՀՀ դրամից 55,000 դրամի՝ չհասնելով թե՛ 2012 թ., թե՛ 2014թ. Կառավարության ծրագրերով 2017 թ. համար նախատեսված 65, 000 դրամ թիրախին: Այդ ընթացքում բազմիցս եղել են քննարկումներ, պառլամենտական հարցապնդումներ՝ նվազագույն աշխատավարձը նվազագույն կենսապայմաններին համապատասխանեցնելու, կամ կենսապահովման աշխատավարձի (living wages) սահմանման մասին: 2015 թվականի հուլիսյան 10 տոկոսանոց բարձրացումից հետո, հարցը կրկին բարձրացավ 2019-ին:
Ի պատասխան պատգամավորներ Կարապետյանի եւ Թունյանի օրենսդրական նախաձեռնության, որով նախատեսվում էր նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել 55,000 ՀՀ դրամից 63,000 դրամի, ՀՀ կառավարությունը 2019թ. հունիսի 27-ի նիստին քննարկելով այդ առաջարկությունը, հանդես եկավ այն 68,000 դրամ սահմանելու ավելի ռադիկալ օրենսդրական նախաձեռնությամբ:
Նախաձեռնությանը կից հիմնավորման մեջ որպես ծախս 63,000 դրամ մակարդակի համար գնահատվում է 69,4 մլրդ դրամ, սակայն ֆինանսների նախարար Ջանջուղազյանի գնահատմամբ, դա կարող է լինել, եթե բարձրացվեն նաեւ պաշտոնյաների աշխատավարձերը, որոնք բարձրացնել չի նախատեսվում: Թեեւ հավանության արժանացած օրենքի նախագիծն այդպիսի դրույթ չի պարունակում, պետական աշխատավարձերի չբարձրացման նման խնդիր է դրել նաև պատգամավոր Թունյանը, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովում օրինագիծը պետք է քննարկվի լրամշակված փաթեթով:
Դա նշանակում է ՀՀ-ում պետական աշխատավարձերի համակարգի որոշակի կառուցակարգերի փոփոխություն, որի մասին այժմ կարող ենք միայն ենթադրություններ անել:
Անդրադառնանք առաջարկվող փոփոխությունների գաղափարախոսությանը: Մի կողմից, դա մարդուն կենսապահովման նվազագույն պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ գումարի և նվազագույն աշխատավարձի տարբերության անընդունելիությունն է ընդհանրապես, մյուս կողմից՝ նույն դրույթը Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված Հայաստանի պարտավորություններով պայմանավորելը:
Կառավարության նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ նվազագույն աշխատավարձի «օպտիմալ մեծությունը հաշվի է առնում ինչպես սոցիալական ներառականության գործոնը, այնպես էլ՝ տնտեսության մակրոմիջավայրի հիմնական ցուցանիշների գործոնները, այսինքն՝ որքան է նվազագույն աշխատավարձի մեծությունը, որը պետք է լինի Հայաստանի ներկա տնտեսության պայմաններում»։
Կառավարության հիմնավորման գաղափարախոսությունն առավել հավասարակշռված է, եւ ըստ էության կրկնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության 1970 թվականի Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիայի Հոդված 3-ի դրույթները՝ այն է. Նվազագույն աշխատավարձի մակարդակի սահմանման ժամանակ հաշվի առնվող գործոնները, որքանով հնարավոր է եւ ընդունելի է ազգային գործելակերպին եւ պայմաններին համապատասխան, ներառում են.
ա) աշխատողների եւ նրանց ընտանիքների պահանջմունքները` ուշադրության առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կենսապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները եւ այլ սոցիալական խմբերի կյանքի համեմատական մակարդակը,
բ) տնտեսական գործոնները` ներառելով տնտեսական զարգացման պահանջները, արտադրողականության մակարդակը եւ զբաղվածության բարձր մակարդակի ձեռքբերման եւ պահպանման ցանկալիությունը:
Կառավարությունը այն գնահատել է 4 մեթոդներով՝
Կիրառված եղանակներով նվազագույն աշխատավարձի գնահատված չափերն են՝ սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդով՝ 67,660 դրամ, ըստ ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցության եղանակով՝ 64,600 դրամ, նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերության եղանակով՝ 70,142 դրամ, եւ 2019թ. մայիսին հարցմանը մասնակցած 1,580 գործատուների առաջադրած միջին մեծությամբ՝ 70,254 դրամ։
Չեմ անդրադառնում սոցիալ-ներառական հաշվարկների տրամաբանությանը, դրանք հիմնված են կենսապահովման զամբյուղի վրա եւ մանրամասնված են պատգամավորների օրենսդրական նախաձեռնության մեջ: Առանց այլ տվյալների հետ համադրման, միայն այս մոտեցման օգտագործումը թերեւս ռոմանտիկ է, քանի որ ենթադրվում է, որ անկախ արտադրողականության մակարդակից եւ տնտեսական հիմնարարներից, օրենսդրությամբ ուղղակի կարելի է կյանքի կոչել պատշաճ կենսակերպ բոլորի (տվյալ դեպքում՝ բոլոր լիովին զբաղվածների) համար:
Փաստերը վկայում են, որպես կանոն, որ կենսապահովման մակարդակին մոտ նվազագույն աշխատավարձ իրենց կարողանում են թույլ տալ միայն հարուստ երկրները: Այս հարցի կարելիության տնտեսագիտական հիմնավորմանը մանրամասն կանդրադառնամ ներքեւում: Չեմ ուզում քննարկել նաեւ գործատուների հարցմանը՝ մեկամսյա առցանց հարցման վիճակագրական նշանակալիության տվյալներին (այդ թվում տարածքային, ըստ ճյուղերի եւ ըստ ձեռնարկությունների չափերի բաշխվածությանը) չտիրապետելու պատճառով: Այստեղ տեսականորեն կարող են առաջանալ խնդիրներ, օրինակ, երբ մեկ ճյուղի ներկայացուցիչները դեմ են, մնացյալը կողմ են, կամ ընդհակառակը։
Տնտեսության «մակրոմիջավայրի հիմնական ցուցանիշների գործոնների» տեսակետից, հետաքրքիր, սակայն մասնագետների կողմից առանձնապես չկիրառվող մոտեցում է նվազագույն աշխատավարձի ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցության քննարկումը: Բանն այն է, որ աշխատավարձի մակարդակն էապես կարող է տարբերվել մեկ շնչին ընկնող ՀՆԱ միեւնույն մակարդակն ունեցող երկրներում, ինչպես նաեւ կարող է տարբերվել նույն երկրում ժամանակի ընթացքում: Օրինակ, ԱՄՆ-ում այս երկու ցուցանիշների շեղումը 1990-ից ի վեր ավելի քան խոսուն է:
Բնականաբար, այս ցուցանիշն առավել տարբեր կլինի ավելի մեծ վերաբաշխում ունեցող եւ ավելի ցածր վերաբաշխում ունեցող երկրներում, ավելի բարձր կորպորատիվ շահութաբերություն ունեցող երկրներում (օրինակ՝ Իռլանդիայում, որտեղ հարկերը ցածր են եւ բազմաթիվ տրանսնացիոնալ ընկերություններ ունեն գրասենյակներ), եւ այլն (տե՛ս ՏՀԶԿ պարզաբանումն այս առումով):
Առավել մանրամասն անդրադառնանք տնտեսագետների կողմից լայնորեն կիրառվող աշխատավարձերի շուկայի կարեւորագույն հարաբերական ցուցիչին՝ նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի հարաբերությանը: Այս հարաբերակցությունը սերտորեն առնչվում է նաեւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված Հայաստանի պարտավորություններին:
Քննարկենք այն ավելի մանրամասն կերպով: Սոցիալական խարտիան, ինչպես նաեւ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին 1970 թ. կոնվենցիան, մակարդակի կոնկրետ ցուցումներ չունեն:
Մասնավորապես, 1996 թ. Վերանայված սոցիալական խարտիայի 4-րդ հոդվածի 1-ին պարագրաֆով սահմանվում է. Արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝
1. ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց եւ նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ: Սույն իրավունքի ճանաչումը չունի խարտիայի մաս կազմող որեւէ քանակական չափորոշիչ: Կա սակայն խարտիայի մոնիտորինգն ապահովող հանձնաժողովի մեկնաբանություն (զուտ նվազագույն աշխատավարձը պետք է լինի զուտ միջին աշխատավարձի առնվազն 60%-ը), որի նկատմամբ երկրները տալիս են հաշվետվություններ (խարտիայի հաշվետվություններ բաժնի ձևաչափեր ենթաբաժնի մեթոդական ցուցումներ, էջ 278):
Համաձայն այս հաշվետվության, այդ չափորոշիչին չեն համապատասխանում եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, անգամ եկամուտների էական վերաբաշխում իրականացնող Բելգիան (երիտասարդության մասով) եւ այլն: Հրապարակված զեկույցները պարզապես ամրագրում են, որ երկրում «նվազագույն աշխատավարձը ապրելու պատշաճ մակարդակ չի ապահովում»:
Ընդհանրապես, ինչպես Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների հանձնաժողովի կողմից հրապարակված ներքեւում բերվող ինֆոգրաֆիկը ցույց է տալիս, աշխատանքի իրավունքի իրացման տեսակետից ամբողջովին համապատասխանող երկիր 2018թ. Եվրոպայում առկա չէ, իսկ ՀՀ-ն ակնհայտորեն առաջատար է Կովկասում:
Այս առումով հարկ է անդրադառնալ այս գնահատականի երկու ասպեկտի՝ ցուցանիշին, եւ բնույթի պարտադիր լինելուն: Թեեւ Եվրոպայի խորհրդի սոցիալիստական թեւը վերջին տարիներին անընդմեջ խոսում է միջին աշխատավարձի 60% ցուցանիշի մասին, 2011 թ. նոյեմբերի 11-ին խորհրդարանի ընդունած Աղքատության եւ սոցիալական բացառման դեմ պլատֆորմի բանաձեւում ձեւակերպումներն այլ են:
Մասնավորապես. Նվազագույն եկամուտ. Խորհրդարանը ցանկանում է…… որ Հանձնաժողովն օգնի անդամ երկրներին կիսվել նվազագույն աշխատավարձի մասին լավագույն փորձով, եւ խրախուսում է անդամ երկրներին ձեւավորել նվազագույն եկամտի մեխանիզմներ՝ հիմնված յուրաքանչյուր անդամ երկրում եկամտի միջնարժեքի առնվազն 60%-ի վրա: Այստեղ խիստ կարեւոր դրույթ է ոչ թե միջին աշխատավարձի, այլ աշխատավարձի միջնարժեքի չափը որպես հիմք ընդունելը:
Դրանց տարբերություններին ես անդրադարձել եմ մանրամասնորեն: Երկրորդ կարեւորագույն խնդիրը նշված մակարդակի ցանկալի եւ ոչ թե պարտադիր լինելն է: Այն ոչ թե լուծված, այլ դեռեւս օրակարգային հարց է Եվրոպայում: 2019թ. հուլիսի 16-ին Ստրասբուրգում Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր նախընտրական ելույթում անդրադարձել է այդ ոլորտի անելիքներին. Սոցիալական շուկայական տնտեսությունում, լիովին զբաղված ամեն ոք պետք է վաստակի նվազագույն աշխատավարձ, որը բավարար է արժանապատիվ ապրելու համար:
Այդ նպատակի համար մենք կառուցակարգ կզարգացնենք, իհարկե, հաշվի առնելով աշխատանքային շուկաների տարբերությունը:
Բայց ես կարծում եմ, որ օպտիմալ տարբերակն այն է, որ կոլեկտիվ բանակցություններ լինեն գործատուների միությունների եւ արհմիությունների կողմից, քանի որ նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի ոլորտին կամ տարածաշրջանին: Ոլորտային եւ տարածաշրջանային օպտիմալության այս ձեւակերպումը համահունչ է Աշխատանքի միջազգային կազմակերպության վերոնշյալ կոնվենցիայի «տնտեսական զարգացման պահանջների, արտադրողականության մակարդակի եւ զբաղվածության բարձր մակարդակի ձեռքբերման եւ պահպանման ցանկալիության» դրույթին, քանի որ դրանք էապես կարող են տարբերվել:
Ամփոփեմ:
ՀՀ միջազգային պարտավորությունները նվազագույն աշխատավարձի քանակական ցուցանիշներ չեն պարունակում, իսկ Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների հանձնաժողովի հաշվետվական ձեւաչափերում ամրագրված աշխատավարձի միջինի (իրականում միջնարժեքի) 60%-ի ցուցանիշը կարելի է դիտարկել որպես ցանկալի թիրախ, սակայն երբեք որպես պարտավորություն, քանի որ անգամ հարուստ երկրների ճնշող մեծամասնության կողմից այն չի բավարարվում:
Ընդ որում, եթե վերոնշյալ քաղաքական փաստաթղթում այդ ցուցիչը նշվում է որպես նվազագույն թիրախ, ապա անգամ նվազագույն աշխատավարձի ջատագով տնտեսագետների կողմից դա համարվում է առավելագույն թիրախ:
Ինչպես նշեցի վերեւում, նվազագույն աշխատավարձի թեման ամենաբեւեռացնողներից է տնտեսագետների համար: Մինչեւ 1990-ական թվականները, Չիկագոյի համալսարանի գաղափարախոսության դոմինանտ ազդեցությամբ, տնտեսագետների ճնշող մեծամասնությունը ընդունում էր որպես ի վերուստ տրված ճշմարտություն, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն աշխատատեղեր է կրճատում: Հետո, երբ Պրինստոնի համալսարանի շատ հարգի երկու պրոֆեսորներ՝ Դեյվիդ Քարդն ու Ալան Կրյուգերը միկրոտվյալների վրա հիմնված, գետի երկու ափերին (սակայն տարբեր նահանգներում եւ տարբեր նվազագույն աշխատավարձ ձեռք բերած) գտնվող ամբողջովին համադրելի ռեստորանային բիզնեսի աշխատավարձերի մանրամասն հետազոտություն կատարեցին, պարզվեց, որ դա միշտ չէ, որ այդպես է:
Միկրոտվյալների վրա հիմնված այլ հետազոտություններ հետեւեցին, եւ նախկին կոնսենսուսը կոտրվեց: Ոչ թե պարզվեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում կրճատում չկա, այլ պարզվեց, որ միշտ չէ, որ այդպես է, եւ չափերը կարող են տարբերվել: ԱՄՆ-ում հատկապես վերջին նախագահական ընտրությունների ժամանակ սրվեց նվազագույն աշխատավարձի քաղաքականության խնդիրը:
Շատ դեմոկրատներ առաջարկում էին այն կրկնապատկել՝ 1 ժամում 7.25 ԱՄՆ դոլարից հասցնելով 15 դոլարի: Վերոնշյալ բեկումնային ուսումնասիրության համահեղինակ Ալան Կրյուգերը, ով 2011-13 թթ. նախագահ Օբամայի գլխավոր տնտեսական խորհրդատուն էր, 2015-ին «Նյու Յորք Թայմզ»-ում հանդես եկավ հրապարակումով, որտեղ նշում էր, որ «մեկ ժամվա համար 12 ԱՄՆ դոլարը [մի քանի տարվա ընթացքում-Վ.Գ.] ցածր աշխատավարձ ստացողներին ավելի շատ օգուտ, քան թե վնաս կտա, իսկ մեկ ժամվա համար 15 ԱՄՆ դոլար նվազագույն աշխատավարձը մեզ կտանի անծանոթ ծովեր, որը սպառնում է անցանկալի եւ չնախատեսված հետեւանքներով»:
Իր հրապարակման մեջ Կրյուգերն, ի թիվս այլոց, էապես հենվում է մի հետազոտության վրա, որտեղ էական ցուցիչ է Կայցի ինդեքսը՝ նվազագույն աշխատավարձի հարաբերությունը աշխատավարձի միջնարժեքին, եւ աշխատավարձի աճը տրամաբանական է համարում մինչեւ այդ հարաբերակցության 54 տոկոսը:
Կայցի ինդեքսն էական գործոն է նաեւ Ամհերստում Մասաչուսետսի համալսարանի պրոֆեսոր, աշխատանքի շուկայի հայտնի տնտեսագետ, նվազագույն աշխատավարձի ջատագով Արինդրաջիտ Դուբեի եզրակացություններում, համաձայն որոնց, նվազագույն աշխատավարձը հարկավոր է սահմանել աշխատավարձի միջնարժեքի 50 տոկոսի շուրջ՝ տեղայնացնելով կոնկրետ տարածաշրջանների համար, սակայն երբեք չգերազանցելով 60 տոկոսը, որից ավելի բարձր լինելու դեպքում վնասն ավելին է, քան օգուտը:
Զուր չէ, որ 2015-ին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Օսբորնը որպես կենսապահովման աշխատավարձի ցանկալի թիրախ 2020 թվականի համար հայտարարեց հենց Կայցի ինդեքսի 60 տոկոսի թիրախը, որի հասանելիությունը կառավարությունն այս պահին քննարկում է:
Երբ նայում ենք ՏՀԶԿ կողմից հրապարակված Կայցի ինդեքսին շուրջ 30 համեմատաբար զարգացած երկրների համար, տեսնում ենք, որ միայն հետեւյալ երկրներն են հատում 60 տոկոսի, կարելի է ասել, կախարդական սահմանը՝ Ֆրանսիան (62%) եւ Պորտուգալիան (61%), որոնք սահմանային են, եւ առավել պոպուլիստական տրամադրություններով հայտնի լատինաամերիկյան երկրները՝ Չիլին (71%), Կոստա Ռիկան (68%), Կոլումբիան (89%), ինչպես նաեւ Թուրքիան (74%): Այս երկրներում օրենսդրության ոչ խստիվ կիրառությունը կարելի է նորմ համարել:
Զարգացող երկրներում, որպես կանոն, պոպուլիստական տրամադրություններին համընթաց, Կայցի ինդեքսը շատ ավելի բարձր է: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության, զարգացող մի շարք երկրներում այդ ցուցանիշը բարձր է՝ հաճախ պայմանավորված այն փաստով, որ միջին աշխատավարձերը ցածր են պատշաճ կենսապայմաններ ապահովելու համար, որի արդյունքում պետությունը սահմանում է հարաբերականորեն ավելի բարձր աշխատավարձ:
Հարկ է քննարկել, սակայն, նման առատաձեռնության գինը: Ինչպես ցույց է տալիս Աշխատանքի միջազգային կազմակերպության ամսագրում տպված հենց այն հետազոտությունը, որի վերոհիշյալ տվյալները բերված են ԱՄԿ կայքում, արդյունքը օրենսդրությանը համապատասխանության էական նվազումն ու ստվերի ավելացումն է։ Բնականաբար, անտրամաբանական է, որ Ինդոնեզիայում նվազագույն աշխատավարձն ավելի բարձր լինի միջին աշխատողի աշխատավարձից: Նման հրամանագրին տնտեսության պատասխանը կա՛մ արտադրողականության եւ արդյունավետության ակնթարթային եւ սրընթաց, սակայն անհավանական թռիչքն է, կա՛մ շատ ավելի հավանական ավելացած ստվերը: Ինչպես ներքոբերյալ արդյունքները ցույց են տալիս, Ինդոնեզիայում նվազագույն աշխատավարձի օրենսդրության համապատասխանելիության ցուցիչը 50-70 տոկոսի սահմաններում է։
Ամփոփենք:
Տնտեսական երեւույթները, տնտեսվարողների վարքը հաճախ անհնար է կարգավորել հրամաններով: Աշխատուժի շուկան ամբողջ աշխարհում ունի գրեթե միանման բաշխվածություն, եւ նվազագույն աշխատավարձի մասին օրենսդրությամբ շուկայի համամասնությունները հնարավոր է փոխել (տվյալ դեպքում աշխատավարձի բացվածքը սեղմել) միայն որոշակի սահմաններում (թերեւս մինչեւ Կայցի ինդեքսի 60 տոկոսը): Այդ սահմաններից դուրս ազդեցությունը բերում է ավելի զորեղ հակազդեցության՝ այն զսպանակի պես հետ է ուղղվում, եւ ամենացածր վարձատրվողները կամ կրճատվում են, կամ գնում են ստվեր:
Ազդեցիկ տնտեսագետ Ալան Կրյուգերի բառերով, այս սահմաններից դուրս գալը հղի է «անցանկալի եւ չնախատեսված հետեւանքներով»: Այժմ դիտարկենք ՀՀ տվյալները:
ՀՀ-ում այժմ անվանական աշխատավարձի միջնարժեքը կամ մեդիանան 120 հազար ՀՀ դրամ է (միջինի 2/3-ը), դրա 50 տոկոսը՝ 60 հազար դրամ անվանական (43,700 առձեռն), իսկ 60 տոկոսը՝ 72,000 դրամ (52,640 առձեռն)։
Այսինքն՝ այս պահին 55,000 առձեռն կամ «մաքուր» նվազագույն աշխատավարձով հնարավորությունների վերին սահմանը փոքր-ինչ գերազանցում ենք։ Պատգամավորների կողմից առաջարկվող չհարկվող նվազագույն 63,000 դրամը անվանական շուրջ 85,900 դրամ աշխատավարձ է, իսկ կառավարության կողմից առաջարկվող 68,000 դրամը՝ շուրջ 92,600 դրամ անվանական աշխատավարձ: Կայցի ինդեքսով սրանք համապատասխանաբար կազմում են 71.5 եւ 77.1 տոկոս:
Եթե վերը բերված միջազգային փորձով համեմատությունները Հայաստանում պահպանվեն, ապա քանի որ ցուցանիշը համադրելի է վերեւում բերված 2009թ. Բրազիլիայի չափանիշին, Կառավարության այս առաջարկի արդյունքում պետք է տնտեսությունում նվազագույն աշխատավարձի օրենսդրության համապատասխանությունն իջնի շուրջ 80 տոկոսի։
Այլ խոսքերով, այս որոշումը կարող է ետ պտտել 2018-ին արձանագրված շուրջ 50-60 հազար աշխատատեղերի ստվերից դուրս գալը (որոնց էական մասը, դատելով միջին աշխատավարձի հաշվարկից, պետք է լինեն նվազագույն աշխատավարձ վճարող): Դիտարկենք, թե 2014-2017թթ. տնտեսությունն ինչպես է արձագանքել 2015թթ. նվազագույն աշխատավարձի բարձրացմանը (50,000 դրամից այժմ առկա 55,000 դրամ)՝ օգտվելով ՊԵԿ խմբային տվյալներից (ցավոք, ավելի վաղ եւ ավելի ուշ, ինչպես նաեւ ավելի մանրամասն տվյալներ ինձ մոտ առկա չեն, քանի որ ի պաշտոնե հասու եմ եղել այդ ժամանակահատվածին): Պատկերը հետեւյալն է.
Ինչպես տեսնում ենք, Կայցի ինդեքսի բարձր մակարդակը (այն 2014թ. շուրջ 65 տոկոսից կիջներ 60-ի, եթե 50,000 նվազագույն աշխատավարձը 10 տոկոսով չբարձրանար եւ ինդեքսը կրկին բերեր 65 տոկոսի մատույցներ) թույլ չտվեց աշխատանքի շուկայում դիմակայել 2015թ. տնտեսական դժվարություններին (կապված Ռուսաստանի Դաշնությունում առկա խնդիրների հետ, երբ միայն տրանսֆերտների ներհոսքը կրճատվեց շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարով):
Ընդհանուր զբաղվածությունը վերականգնվեց միայն 2017-ին՝ պայմանավորված համեմատաբար բարձր տնտեսական աճով, սակայն ամենախոցելի հատվածում մի քանի հազար աշխատատեղեր կրճատվեցին:
Այս արդյունքներն ամբողջովին համապատասխանում են միջազգային վերլուծություններին՝ այն է, նվազագույն աշխատավարձը մեծացնում է համախառն ներքին արտադրանքի եւ զբաղվածության վերաբաշխումը ցածր որակավորում ունեցող ճյուղերից դեպի բարձր որակավորում ունեցող ճյուղեր, հատկապես մեծացնելով այդ կրճատումները տնտեսական դժվարությունների ժամանակ:
Խիստ հետաքրքիր է նաեւ, որ Հոնդուրասի համար տրված գնահատականը ընդհանուր առմամբ պահպանվում է Հայաստանում՝ նվազագույն աշխատավարձի 10 տոկոսանոց բարձրացումը բերում է զբաղվածության շուրջ 1% կրճատման:
Այս օրինաչափության պահպանման պարագայում 68,000 դրամ նվազագույն աշխատավարձին անմիջապես անցման պարագայում (24% աճ) ՀՀ-ում պետք է սպասել ընդհանուր առմամբ շուրջ 12,000 աշխատատեղի կրճատման (ցածր որակավորում ունեցողներն իրականում 3-4 անգամ ավելի շատ կկրճատվեն, սակայն ավելի բարձր որակավորմամբ աշխատատեղերը կավելանան):
Ուզում եմ ընդգծել, որ կրճատումները նվազագույն աշխատավարձի բարձրացման մեխանիկական հետեւանք չեն, ինչպես նաեւ չեմ պնդում, որ զբաղվածության վերաբաշխումը ցածր որակավորում ունեցող ճյուղերից դեպի բարձր որակավորում ունեցող ճյուղեր առաջընթացի վատ ցուցանիշ է:
Ավստրալիայում, օրինակ, աշխարհի ամենաբարձր նվազագույն աշխատավարձը (այժմ ժամում 12 ԱՄՆ դոլար ըստ գնողունակության պարիտետի), ըստ Ավստրալիայի ռեզերվային (կենտրոնական) բանկի մանրամասն հետազոտությունների, չի բերել զբաղվածության նվազման:
Կարեւոր է հիշել, սակայն, որ Ավստրալիայում Կայցի ինդեքսը՝ նվազագույն աշխատավարձի հարաբերությունը միջնարժեքին, երբեք չի անցել 55 տոկոսը: Այսինքն, պետական կարգավորումը եղել է կարելիի սահմաններում: Հայաստանում եւս աշխատատեղերի կրճատումը ի վերուստ տրված անխուսափելի փաստ չէ:
Այն կարող է իրականանալ միայն այն պատճառով, որ այժմ նման աճը չի համապատասխանի աշխատանքի շուկայի այժմյան համամասնություններին: 68,000 նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում բացասական ազդեցություն չի ունենա, երբ մեր միջին աշխատավարձը ներկայիս 180,000 դրամից շոււրջ 45-50,000 դրամով ավելի կլինի:
Թեեւ 2015թ. նման արտաքին շոկեր չունենք, բիզնեսի՝ նոր կարգավորմանը հարմարվելու հնարավորությունն, ըստ իս, սահմանափակ է:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ-ում, թեեւ գրանցված տնտեսական աճին, 2018թ. միջին աշխատավարձը նվազել է շուրջ 5,000 դրամով: Իհարկե, միջին աշխատավարձի թվի նվազումը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՊԵԿ վարչական ռեգիստրում շուրջ 60,000 ավելացած աշխատատեղերի զգալի մասը եղել է նվազագույն աշխատավարձի սանդղակում (ըստ էության, դա ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, քանի որ Վիճակագրական կոմիտեի հարցումների վրա հիմնված տվյալներով այդպիսի տարբերություն չկա), որն էլ իջեցրել է միջին հաշվարկը: Այս գործոնով հանդերձ, կարծում եմ, 24% անմիջական աճին հարմարվելը հեշտ չի լինի: Դիտարկենք՝ բիզնեսի 2015-ի արտաքին շոկերին եւ նվազագույն աշխատավարձի 10 տոկոսանոց ավելացմանը հարմարվելը՝ ըստ աշխատավարձերի տարբեր սանդղակների:
Կարեւոր է նկատել, որ ՊԵԿ տվյալները աշխատավարձի միջինի վերաբերյալ ավելի ցածր են, քան Վիճակագրական կոմիտեի տվյալները: Հարցն ընդգրկման մեջ է: ՊԵԿ տվյալները համապարփակ են, եւ 2018-ից արդեն Վիճակագրական կոմիտեն հրապարակում է աշխատավարձի տվյալները՝ ելնելով ՊԵԿ վարչական ռեգիստրից: Արդյունքում նախկին տվյալների հետ համադրելի թիվը 2018թ. համար 172,727 դրամ է, իսկ եթե հաշվի առնենք նաեւ ՊԵԿ բազայում առկա, սակայն նախկինում ԱՎԾ կողմից չհաշվարկվող «փոքր եւ գերփոքր կազմակերպությունների տվյալները», այն ըստ Վիճակագրական կոմիտեի, կկազմի 166,044 դրամ:
Սա կարեւոր է ոչ միայն այն տեսակետից, որ քննարկվող 120,000 դրամ աշխատավարձի միջնարժեքն էապես թերագնահատված չէ (ինչպես շատերը պնդում են, ստվերի պատճառով), այլեւ այն տեսակետից, որ հնարավորություն է տալիս գնահատել աշխատավարձի ֆոնդի ընդհանուր աճը գործարարի համար: Առկա տվյալների հիման վրա փորձենք գնահատել նաեւ նվազագույն աշխատավարձի աճի ազդեցությունը 2014 թվականին (ինչպես 2015-ին, այն եւս բարձրացավ հուլիսի 1-ին):
Քննարկենք Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող աշխատուժի հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազայից վերցված 2014թ. հուլիսի մեկին նախորդող (երկրորդ) եւ հաջորդող (երրորդ) եռամսյակային տվյալները (ամսական տվյալների քանակը բավարար չէ ներկայացուցչականություն ապահովելու համար):
Թերեւս կարող ենք արձանագրել, որ 2014 եւ 2015 թվականներին, համապատասխանաբար 11 եւ 10 տոկոսանոց նվազագույն աշխատավարձի աճերը բերել են միջին աշխատավարձի առնվազն 6-տոկոսանոց աճի (այլ հավասար պայմաններում տնտեսապես ծանր 2015թ. աշխատավարձի բնականոն աճը ենթադրելով 2%-ից ոչ ավելի):
Այսպիսով, ամենապահպանողական գնահատականներով, նվազագույն աշխատավարձի նախատեսված 24% աճը կավելացնի աշխատավարձին ուղղվող ծախսերը առնվազն 11-12 %-ով (փոքր ձեռնարկությունների համար այն շատ ավելի բարձր կլինի):
Հաշվի առնելով, որ հարկային օրենսդրությամբ եկամտային հարկի գծով միջին իջեցումն ընդամենը 2 տոկոսի շուրջ է (միջին 25% դրույքաչափից իջնելով 23%-ի), ապա նվազագույն աշխատավարձն անմիջապես 24% բարձրացնելու պարագայում, հաշվի առնելով Կայցի ինդեքսի բարձր մակարդակը, կրճատումների հնարավորությունը դառնում է իրական:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի «Աշխատանքի եւ աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ» բաժնում նախատեսվում է, որ «միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նվազագույն ամսական աշխատավարձի … չափերը», առաջարկում եմ նվազագույն աշխատավարձը 24%-ով բարձրացնել ոչ թե անմիջապես, այլ հավասարաչափ՝ միջինժամկետ հատվածում:
Վերը բերվող գծապատկերում կիրառված պարզագույն գծային էքստապոլյացիայից (առկա միտումն ապագայի վրա տարածելուց) երեւում է, որ այդ պարագայում հնարավոր է «նավարկել» Կայցի ինդեքսի 60 տոկոսանոց վերին շեմի մատույցներում, որի արդյունքում թեեւ ամենացածր վճարվող աշխատատեղերի վրա ճնշումները չեն վերանա, սակայն կլինեն կառավարելի:
Ավելին, 68-70 հազար դրամի թիրախը 2023 թվականին հնարավորություն կտա նաեւ համամասնորեն բարձրացնել պետական հատվածի աշխատավարձերը:
Խիստ կարեւոր է նվազագույն աշխատավարձը բարձրացնել ոչ միայն պետական հատվածում նվազագույն աշխատավարձ ստացողների համար, այլեւ համամասնորեն՝ ամբողջ պետական հատվածի:
Համաձայն ՏՀԶԿ/ԵՄ SIGMA կառույցի 2019թ. մարտին հրապարակված Հայաստանի՝ պետական կառավարման սկզբունքներին համապատասխանության սկզբնապայմանների չափման զեկույցի, մարդկային ռեսուրսների կառավարման հատվածում ամենացածր գնահատականը վճարման պետական համակարգինն է:
Իսկ վճարման համակարգի գնահատականում, թեեւ օրենսդրության ընդհանուր առմամբ համապատասխանությանը, էական խնդիր է համարվում ոչ բավարար մրցունակությունը (էջ 71). Հիմնական աշխատավարձի խտացման գործակիցը համարժեք է (1: 7.7)…
Պետական հատվածում եւ տնտեսության այլ հատվածներում աշխատավարձերի վերաբերյալ համախառն տվյալների համաձայն, պետական հատվածում աշխատավարձի միջին աշխատավարձը 2016 թ.-ին այլ ոլորտներում միջին աշխատավարձի 82 տոկոսն է: Սա ցածր է, չնայած որ վերջին 20 տարիների ընթացքում կայուն աճել է…
Հարկ է նշել սակայն, որ երկու սեկտորների (այսինքն, բարձրագույն կրթությամբ աշխատողների) աշխատողների նմանատիպ խմբերի աշխատավարձի վերաբերյալ տվյալները, որոնք համեմատության համար ավելի լավ հիմք են ապահովում, մատչելի չէ:
Ելնելով այս գնահատականից (որն իր արտացոլումն է ունենալու ԵՄ հետ երկխոսության մեջ, սակայն ինչպես եւ այլ դեպքերում, պարտադրող քանակական նորմ չի պարունակում), խիստ անցանկալի կլինի պետական հատվածում միայն նվազագույն աշխատավարձ ստացողների աշխատավարձը բարձրացնել:
Այդ պարագայում, մասնավոր հատվածում կանխատեսվող 11-12 տոկոս աշխատավարձերի աճի պայմաններում պետական/մասնավոր աշխատավարձերի հարաբերակցությունը 2019թ. հունիսի 85 տոկոսից կիջնի շուրջ 70 տոկոսի:
Ըստ պետական այրերի վերեւում բերված հայտարարությունների, պետական հատվածում աշխատավարձերի աճ չի նախատեսվում։ Գործող օրենսդրության պայմաններում նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում պետական հատվածում աշխատավարձեր հնարավոր է չբարձրացնել միայն Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի համապատասխան հավելվածներում ամրագրված սանդղակների գործակիցների մեջ փոփոխություններ անելով։
Մասնավորապես, հարկ կլինի ձեւափոխել 9-րդ հավելվածը՝ սկզբնական 1.25 գործակիցը բարձրացնելով շուրջ 1.39-ի: Բացի վերը նշված՝ պետական հատվածում աշխատավարձի ընդհանուր մակարդակի խնդրից, այս դեպքում կխախտվի պետական հատվածի տարբեր ենթահատվածների աստիճանակարգումը։
Այս պարագայում քաղծառայության եւ այլ ուժային կառույցների վճարները կհավասարվեն բանակին (որը հենց սկսվում է 1.39-ից, եւ ավելի բարձր է մնացյալ ուժային կառույցներից, որոնք «տեղավորված» են քաղաքացիական ծառայության եւ բանակի միջեւ): Բոլոր հավելվածների այնպիսի փոփոխությունը, որը միայն ներքեւի հատվածները կփոխի՝ առանց վերեւին ձեռք տալու, կբերի վերոնշյալ խտացման գործակցի (1: 7.7) նվազմանը, ինչը եւս ցանկալի չէ, քանի որ եւս բացասաբար կազդի պետական հատվածի մրցունակության վրա: Ավելի կարեւոր խնդիր է, իհարկե, տարբեր ենթահատվածների (հատկապես ուժային եւ քաղաքացիական) աստիճանակարգումը ձեւափոխելը՝ այն ձեւավորվել է երկար քննարկումների արդյունում, եւ շատ նուրբ հավասարակշռման խնդիր է:
Իհարկե, որեւէ նմանատիպ կարգավորում հավերժ չէ եւ ենթակա է փոփոխության, սակայն խիստ ցանկալի է այդ փոփոխությունները կատարել ոչ թե ելնելով նվազագույն աշխատավարձի դինամիկայից, այլ պետական կառավարման համակարգի բարեփոխումների համատեքստից:
Ելնելով պատգամավորների նախաձեռնությանը Կառավարության տված ֆինանսական գնահատանի տվյալներից՝ պետական բյուջեով նախատեսված 478.8 մլրդ ՀՀ դրամ աշխատավարձի ֆոնդի համար մոտավոր գնահատենք սպասվող նվազագույն ծախսերը:
Ենթադրենք, որ բազային աշխատավարձը, որի հիման վրա հաշվարկվում է ամբողջ պետական ապարատի աշխատավարձը, գտնվելու է օրենքով նախատեսված ամենացածր սահմանին՝ այսինքն, պետական ապարատի ամենացածր վարձատրվող աշխատակիցը ոչ թե ստանալու է նվազագույնից փոքր-ինչ ավելի (ամենաշատը 25%), այլ հենց նվազագույն աշխատավարձ: Այդ պարագայում գնահատենք ծախսը երկու բաղադրիչով՝ աշխատավարձի ֆոնդի եւ կուտակային կենսաթոշակային համակարգի համավճարների:
Միեւնույն ժամանակ, 2019թ. պետական բյուջեն «Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին» հոդվածով նախատեսում է` 56,779,611.8 հազար դրամ: Եթե հենվենք այս թվին, ինչպես նաեւ հաշվի առնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցում է 490 հազար մարդ, ապա 7.5 տոկոս համավճարի դեպքում կարող ենք ենթադրել՝ այս պետությունը լրացուցիչ կվճարի շուրջ 5 մլրդ դրամ: Արդյունքում, նվազագույն ծախսը կարելի է գնահատել 59-60 մլրդ դրամ:
Պետական հատվածի վարձատրության մասին օրենսդրությունը չփոխելու դեպքում նվազագույն ծախսերի կարելի է հասնել, եթե պետական համակարգի աշխատավարձերը չավելանան: Այդ պարագայում կավելանա միայն մասնավոր հատվածի համար կուտակայինի համավճարը: Այդ դեպքում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 60 հազար դրամի շրջակայքում: Կլինի նաեւ լրացուցիչ եկամուտ՝ աշխատավարձի ֆոնդի շուրջ 10-11 տոկոս գնահատված աճից։
Համաձայն 2019 թ. բյուջետային ուղերձի, եկամտային հարկի գծով 2019 թվականի բյուջետային մուտքերը կանխատեսվել են 372.2 մլրդ դրամ՝ 2018-ի 356 մլրդ դրամի փոխարեն։ Հաշվի առնելով, որ այժմ եկամտային հարկի միջին տոկսադրույքը 25% է, կարող ենք ենթադրել, որ կիրառվող եկամուտների բազան 1 տրիլիոն 488,8 մլրդ դրամ է:
Կանխատեսված 11 տոկոս աճի դեպքում այն կկազմի 1,652 մլրդ դրամ՝ ավելանալով շուրջ 164 մլրդ դրամով։ Եթե ենթադրենք նաեւ կանխատեսվող շուրջ 2 տոկոսանոց զբաղվածության կրճատումը, ապա հավելուրդը կլինի շուրջ 130 մլրդ դրամ, ինչի 23 տոկոսը կկազմի շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ։
Այս կտրվածքով նայելիս, լրացուցիչ զուտ ծախսերը պետության համար կկազմեն շուրջ 25-30 մլրդ դրամ։
Վերեւում արված առաջարկս՝ նվազագույն աշխատավարձը 24%-ով բարձրացնել ոչ թե անմիջապես, այլ հավասարաչափ՝ միջինժամկետ հատվածում, շահեկան է նաեւ այս տեսակետից: Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված աճի դինամիկան եւ համամասնությունները բավարար են 3-4 տարիների ընթացքում վերոնշյալ 25-30 մլրդ դրամ լրացուցիչ ծախսն ապահովելու համար, եւ հնարավոր կլինի նվազագույն աշխատավարձը բարձրացնել առանց առկա աշխատավարձային համակարգերը տեսականորեն աղճատող (ենթադրաբար, քանի որ այս մասին տեղեկություններ չկան) փոփոխությունների:
Ամփոփեմ։
Նվազագույն աշխատավարձի կտրուկ՝ 24%, անմիջապես բարձրացումը, թեեւ բազմահազար ընտանիքների եկամուտները կբարձրացնի կենսապահովման շեմից վեր, ընդհանուր առմամբ կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ։ Այն կարող է աշխատատեղերը նվազեցնել շուրջ 12,000-ով, ավելացնել գործատուների կողմից աշխատանքի վարձատրության ողղված միջոցները 11-12 տոկոսով, պետական աշխատավարձերի անփոփոխության պարագայում՝ վերացնել պետական տարբեր ենթահամակարգերի աստիճանակարգությունը, ինչպես նաեւ նվազեցնել պետական համակարգի գրավչությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի եւ երբեւէ չի ունեցել որեւէ միջազգային պարտավորություն, որը նվազագույն աշխատավարձի քանակական ցուցիչներ է պարունակում, այնինչ չպարտադրող սկզբունքների մակարդակով պետական հատվածի աշխատավարձերի հնարավոր հարաբերական նվազումը նույնքան խնդրահարույց է, որքան Վերանայված սոցիալական խարտիայի զուտ հաշվետվական թիրախներին չհամապատասխանելը։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ակնկալվում է, որ «միջնաժամկետ ժամանակահատվածում … կպահպանվեն բնագավառում նվազագույն ամսական աշխատավարձի … չափերը», առաջարկում եմ նվազագույն աշխատավարձը 24%-ով բարձրացնել ոչ թե անմիջապես, այլ հավասարաչափ՝ միջինժամկետ հատվածում: Որպես առաջին քայլ, առաջարկում եմ 2020-ին նվազագույն աշխատավարձը բարձրացնել 3,000-4,000 դրամով:
Այդ դեպքում լրացուցիչ ծախսերը կլինեն նվազագույն՝ միայն նվազագույն ստացողներինը, ինչպես նաեւ մասնավոր հատվածում աշխատողների համար կենսաթոշակային համավճարների բարձրացումը, որոնք ամբողջովին բյուջետային կառավարելիության տիրույթում են: Հետագայում, 2021-23թթ. համաչափ քայլերով կարելի է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 68-70 հազար դրամի՝ առանց աշխատանքի շուկան եւ պետական ֆինանսական կառավարման համակարգերը զգալի լարվածության տակ դնելու:
ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան Սիմոն» գործարարության եւ տնտեսագիտության քոլեջի դեկան
Հ.Գ. Իմ կողմից տրված գնահատականները ընդհանրական են (առավել ճշգրիտ հաշվարկները պահանջում են շատ ավելի ժամանակ եւ տվյալներ), պահպանողական (օրինակ, քննարկել եմ միայն նվազագույն աշխատվարձի ջատագով տնտեսագետների մոտեցումները կամ վերցրել վիճակագրորեն հավաստի նվազագույն տվյալները եւ ամենակարեւորը՝ բաց եւ հասանելի. տեքստում եւ հղումներում բերված են բոլոր թվային տվյալները եւ հղումներում տրված են բոլոր աղբյուրները):
Վերջնական ճշմարտության եւ համապարփակության հավակնություն չունենալով, հուսով եմ, որ թե՛ պետական այրերը, թե՛ հարցով հետաքրքրվող մասնագետները այս հրապարակումը հիմք կընդունեն՝ առավել ճշգրիտ գնահատականների, ինչպես նաեւ տնտեսագետներին մշտապես հետաքրքրող այս թեմայով արդյունավետ մասնագիտական քննարկումների համար։