Բաժիններ՝

«60 մլրդ դրամի կարգի գումար կպահանջվեր, եթե բարձրացվեին նաև պաշտոնյաների աշխատավարձերը». Ջանջուղազյանը՝ կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին

Հաջորդ տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների 10% ավելացումը բյուջեից մոտ 25 մլն դրամ հավելյալ հատկացում կպահանջի: Սակայն, ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, բյուջեն հավասարակշռված է, և սա չի կարող խնդիր լինել:

«Մենք ունենք գնահատականներ ոչ միայն՝ ծախսային մասի հետ կապված, այլ փաստաթուղթն իր մեջ ներառում է մակրոզարգացումների կանխատեսումները, դրան համապատասխան բյուջետային շրջանակը, ներառված են նաև ռիսկերը, որ առկա բոլոր ուղղություններով՝ թե՛ դեպի վերև, թե՛ դեպի ներքև տնտեսական աճի հետ կապված, գործոնները, որոնք կարող են հանգեցնել այս կամ այն շեղման այդ կանխատեսումներից, ինչպես նաև կա փաստաթղթում մի առանձին մաս, որտեղ նաև այլ սցենար է ներկայացված, որը իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց այն հավականություններն են, որ ունենք: Ընդհանուր առմամբ, մեր կարծիքով, մենք հավատարիմ ենք մնացել մեր ծրագրային այն դրույթին, ըստ որի՝ մեր ամբողջ գործունեությունը պետք է ուղղենք բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշերին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ և ներառական տնտեսություն ունենալուն: Հետևաբար՝ մեր այս ամբողջ գործունեությունը հենց այդ ուղղությամբ էլ կազմակերպվում է, և միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հենց այդպիսին է»,- ասաց Ա.Ջանջուղազյանը՝ նշելով, որ ՄԺԾԾ-ն մոտ օրերս կհրապարակվի:

Թե որքա՞ն գումար է անհրաժեշտ լինելու բյուջեից նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման համար, նախարարը նշեց, որ հարցի պատասխանն էական կախվածություն ունի նրանից, թե ինչ տեսքով  կընդունվի օրենքը, որովհետև այսօր նվազագույն աշխատավարձի հետ է կապված բազային աշխատավարձը, պաշտոնյաների աշխատավարձի հաշվարկը, թեև քննարկումներից պարզ էր, որ սա չի ազդելու պաշտոնյաների աշխատավարձերի վրա, այլ խոսքը միայն նվազագույն շեմի մասին է:

Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ 60 մլրդ դրամի կարգի գումար կպահանջվեր, եթե բարձրացվեին նաև պաշտոնյաների աշխատավարձերը, սակայն այս դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների չափի մասին կարելի կլինի խոսել օրենքի վերջնական ընդունումից հետո:

Նախարարի խոսքով՝ ակնկալվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պարբերական աճ, որը նաև բացահայտում է լրացուցիչ ակնկալիքները տնտեսության չդիտարկվող մասից, որը հաջորդ տարիներին կլինի 0.4-0.5%:

Այս տարվա հարկեր/ՀՆԱ ակնկալվող ցուցանիշը Ա. Ջանջուղազյանն անվանեց բացառիկ.

«Մեզ համար լավագույն ուղին հավասարակշռված ուղին է, որովհետև լավագույն դեպքում միշտ կարելի է գտնել ճանապարհ լրացուցիչ վարչարարության միջոցով ավելի հարկեր ունենալու, և հակառակը՝ թուլացնել վարչարարությունը, որ հարկեր քիչ առաջանան: Երկուսն էլ եթե գծից շեղվում են, իրենց բացասական հետևանքներն ունեն, առաջին դեպքում սահմանափակվում է տնտեսվարողի հնարավորությունը նոր արդյունք ստեղծելու, երկրորդ դեպքում, ընդհակառակը, այդ միջոցները կարող են օգտագործվել՝ ոչ ի նպաստ տնտեսության»:

Նախարարը ֆինանսական հոսքերի կառավարման տեսակետից որևէ խնդիր չի տեսնում: Նրա խոսքով՝ ամեն դեպքում դա պետք է օրակարգում լինի, որ կանխատեսումները մոտեցվեն իրականությանը:

Թե բյուջեի ընդհանուր ծախսերը ՄԺԾԾ ծրագրով 2020թ. որքա՞ն են ավելանալու, և արդյոք տնտեսական աճը կհասցնի՞ ապահովել այդ եկամուտները, Ա.Ջանջուղազյանը կարծիք հայտնեց, որ տնտեսական աճն ավելիի հնարավորություն է ընձեռելու, և ավելի բարձր են լինելու թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը.

«Բայց մենք գնացել ենք հավասարակշռված՝ մեր տեղեկատվության վրա եղած գնահատված սցենարով, իսկ դա մեզ հուշում է, որ միջին 5% տնտեսական աճը հավասարակշռված է, դա մոտ 40-45%-պ միջակայքում է, բայց դա չի նշանակում, որ չի կարող լինել մինչև 8.5%, բայց դրա հավանականությունն ավելի փոքր է: Մենք ամբողջ ջանքերը ներդնելու ենք, որ դա տեղի ունենա, և կարելի է վերանայել պատավորություններն ու նոր ծրագրեր ներառել»:

Նախարարի խոսքով՝ հարկաբյուջետային կանոնները հուշում են, որ այդ միջոցների լավագույն օգտագործումը ենթակառուցվածքների ստեղծումն է: Նա ձեռնպահ մնաց թիվ նշել՝ հիմնավորելով, որ խարդավանքը պետք է պահպանվի փաստաթղթին նայելու:

«Որևէ ռիսկ չենք տեսնում, որ հավասարակշռվածության առումով կարող է խոչընդոտ հանդիսանալ»,- հավելեց Ա.Ջանջուղազյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս