50 տարվա 40 ծառեր չորանում են. Ոռոգման ջրի խնդիր՝ Արաբկիրում
Ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիր է առաջացել նաև Երևանում: Մեկ ամսից ավելի է՝ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցում (4, 6, 8, 10) ջուր չկա. ահազանգում են քաղաքացիները:
«40 անգամ զանգում եմ թեժ գիծ, ասում եմ՝ հասցեն՝ անփոփոխ, բողոքը՝ նույնը, պատասխանում են՝ հա, դո՞ւք եք, ու գրանցում, անջատում են հեռախոսը: 50 տարվա 40 ծառեր են այստեղ չորանում»,- 168.am-ի զրուցում ասաց բնակիչներից մեկը:
«2-3 օրը մեկ 20 լիտրանոց տարաներով տանում և ջրում եմ, բայց դժվար է, ֆիզիկապես հնարավոր չէ: Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական համայնքը բացարձակ ոչինչ չեն անում: Մարդու հասակին հասնող տերևներ են հավաքում: Նման բան անգամ աշնանը չի եղել: Ուզում եմ, որ խորհրդային տարիներին բնորոշ պատասխաններ չուղարկեն քաղաքապետարանից, ինչպիսին որ սա է՝ «վարչական համայնքին ուղարկվել է գրություն»,- հավելեց նա:
Կապ հաստատեցինք Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման բաժնի հետ, մեզ պատասխանեցին, որ ջրի ճնշումը քիչ է, աշխատանքներ են տանում, որպեսզի ջրցան մեքենայով այս վիճակը մի քիչ մեղմանա:
Հավելենք, որ հուլիսի 30-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. Ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հաճախ հատում է 40 աստիճանի սահմանագիծը, կանաչ տարածքների պատշաճ և խնամված տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպել պարբերական ոռոգում: Ընդ որում, օդի չորության և անբարենպաստ հողային կառուցվածքի պայմաններում Երևանի ոռոգման համակարգը շուրջ 10-ն անգամ գերազանցում է, օրինակ, ԱՊՀ մյուս մայրաքաղաքների ցանցերը:
Մեկ տարեշրջանի ընթացքում մայրաքաղաքում 1 հա կանաչ զանգված ոռոգելու համար անհրաժեշտ է 8-9 հազ. խմ ջուր, իսկ խիստ տապի պայմաններում՝ 12-14 հազ. խմ: Այնինչ, մի շարք պատճառներից ելնելով, որոնցից հիմնականներն են՝ ջրատարների ընթացիկ վերանորոգումը, ջրի ճնշման անկումը, ֆիզիկապես որոշակիորեն մաշված խողովակաշարերը, կանաչ գոտիները թերի են ոռոգվում, ինչն էլ իր հերթին ոչ միայն լիարժեք կանաչ տարածքներ չի ապահովում, այլև կարող է նպաստել հրդեհավտանգ իրավիճակի ի հայտ գալուն: Ջրի ոչ լիարժեք ապահովման պատճառներից մեկն էլ մի քանի վարչական շրջաններ սնուցման նույն աղբյուրից ոռոգման ջուր մատակարարելն է (Աջափնյակ-Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր-Կենտրոն):
Ներկայումս նախագծանախահաշվային փաստաթղթեր են մշակվում՝ ոռոգման ցանցերն ըստ վարչական շրջանների հնարավորին առանձնացնելու համար:
Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում առկա իրավիճակում մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման պարբերականությունն ավելացնելու և կանաչ գոտիների տեսքն ու նպատակային նշանակությունը վերականգնելու նպատակով:
Անի Կարապետյան