Բաժիններ՝

Ներառական կրթությունից դեպի վերառում

Մի քանի տարի առաջ ամերիկացի լրագրող Ամանդա Ռիփլեյը, ուսումնասիրելով աշխարհի մի շարք զարգացած կրթական համակարգերը, կատարել էր հետաքրքիր եզրահանգում։ Այդ երկրներին միավորում է այն, որ հասարակության ներսում կա համաձայնություն, թե ինչի՞ համար է դպրոցը։ Ցավոք, Հայաստանում ոչ միայն համաձայնություն չկա այս հարցի շուրջ, այլև նման հարց քննարկելու մտադրություն էլ չկա։ Հետևաբար՝ յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում դպրոցի դերը։ Մի մասը կարծում է, որ դպրոցն ակադեմիական գիտելիքներ ուսուցանելու վայր է։ Մյուսների կարծիքով՝ դպրոցում պետք է սովորեցնել ամեն ինչի մասին։ Մի մասի կարծիքով՝ ներառական կրթություն պետք է իրականացնենք։ Մյուսները դեմ են ներառական կրթությանը։

Անդրադառնանք ներառական կրթությանը։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանը մինչև 2025 թվականը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության։ Այս հարցը շարունակում է մնալ ուշադրության կիզակետում։ Հասարակության զգալի մասը դեմ է այս քաղաքականությանը։ Բայց տարակարծություններ կան նաև այն մարդկանց շրջանում, ովքեր կողմ են ներառական կրթությանը։ Այդ տարակարծությունները վերաբերում են՝ ինչպես անցման ձևին, այնպես էլ՝ մեխանիզմներին։

Տարակարծություններ կան նաև այն հարցում, թե ինչ խնդիրներով երեխաները կարող են սովորել հանրակրթական դպրոցներում։ Կան բազմաթիվ տարակարծություններ երեխաների գնահատման շուրջ։ Ծնողները, երեխայի կարիքները գնահատողները, դպրոցի աշխատակազմը հաճախ տարակարծություններ են ունենում, ինչը հասկանալի է։ Մարդուն գնահատելը հեշտ չէ։ Յուրաքանչյուր երեխա ինքնատիպ է, և դժվար է ստանդարտ գործիքներով բոլորին գնահատելը։

Ամեն դեպքում անցումը ներառական կրթության հիմքում ունի սխալ, որի մասին շատ քիչ ենք խոսում։ Այս բարեփոխումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ հանրակրթական դպրոցում իրավիճակը լավ է, և մենք ցանկանում ենք հատուկ դպրոցների երեխաներին նույնպես բերել այդ միջավայր։ Այլ կերպ ասած, գործում է վերևից, ճշմարիտի դիրքերից խոսելու տրամաբանությունը։

Կարդացեք նաև

Օրերս ներառական կրթության մասին մամուլի ասուլիս էր, և բանախոսներից մեկը՝ Հայկ Դավեյանը, խոսեց այս մասին։ Նա նշեց, որ Հայաստանում ներառական կրթությունը դիտարկվում է՝ որպես երեխաների տեղափոխում հատուկ դպրոցներից սովորական դպրոցներ։

Որպես կանոն՝ ներառական կրթությանը վերաբերող քննարկումներին հիմնականում մասնակցում են հոգեբանները, սոցիալական մանկավարժները, լոգոպեդները, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, հատուկ դպրոցների աշխատողները։ Այսինքն՝ ներառական կրթությունը դիտարկվում է՝ որպես նեղ մասնագիտական խնդիր, որը կոպտագույն սխալ է։ Հանրակրթական դպրոցներում սովորող երեխաների ծնողները, առարկայական ուսուցիչները, հանրությունը դուրս են մնացել այս քննարկումներից։ Պատահական չէ, որ այսօր ներառական կրթության հիմնական ընդդիմախոսները ծնողներն են և առարկայական ուսուցիչները։

Ծնողները համարում են, որ իրենք և իրենց երեխաները լավն են, և ինչո՞ւ պետք է այլ երեխաներ հայտնվեն այդ դպրոցում։ Ուսուցիչներն էլ մտածում են, որ իրենք չեն կարողանում սովորեցնել իրենց այսօրվա աշակերտներին, էլ ուր մնաց՝ սովորեցնեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։

Ծնողները և ուսուցիչները մտածում են՝ որպես տանտերեր, և չեն ուզում դուռը բացել այլ երեխաների առջև։ Ո՞րն է լուծումը։ Լուծումը տունը փոխելն է։ Այլ կերպ ասած՝ համակարգը փոխելը։ Մեզ պետք է ոչ թե ներառում, այլ վերառում։ Ներառումը սխալ է, քանի որ այս դեպքում ենթադրվում է, որ պիտի փոխվեն միայն հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ծնողները։

Որպես նորեկներ՝ հենց նրանք պիտի հարմարվեն մեր խաղի կանոններին։ Իսկ մենք պիտի մնանք անփոփոխ ու շարունակենք նույն ձևով աշխատել։ Վերառումը ճիշտ է, քանի որ այս դեպքում բոլորս պիտի փոխվենք։ Բոլորս վատն ենք և պիտի մտածենք լավը դառնալու մասին։ Աշխարհն այսօր չի փոխվում, քանի որ մարդը մտածում է, որ մյուսները պիտի փոխվեն, իսկ ինքը մնա անփոփոխ, քանի որ ինքն արդեն լավն է։ Ու քանի որ բոլորը սպասում են մյուսների փոխվելուն, արդյունքում՝ բան չի փոխվում։

Վերառումը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք ուսումնական նոր ծրագիր, որը գրողները պետք է իրենք էլ փոխվեն, որպեսզի նորովի գրեն։ Հաճախ ծրագիր գրողները մտածում են, որ իրենք արդեն գիտեն՝ ինչ պետք է գրել, և գրում են նույն բաները։ Վերառումը ենթադրում է, որ պետք է փոխվեն ուսուցիչներին ներկայացվող պահանջները։ Այսօրվա ուսուցիչը չի կարող հաջողության հասնել։

Եթե մի կողմից՝ պահանջում եք, որ ուսուցիչը գերազանց արդյունքներ ապահովի կենտրոնացված քննությունների ժամանակ, իսկ մյուս կողմից՝ դասարանում ունենք ամենատարբեր մակարդակի երեխաներ, ապա ուսուցիչը չի կարողանալու հաջողության հասնել։ Այս ցանկը կարելի է շարունակել։

Երբ ասում ենք՝ ներառական կրթություն, հասկանում ենք մի քաղաքականություն, որը վերաբերում է դուրս մնացածներին, բացառվածներին։ Ներառական կրթությունն ընկալվում է՝ որպես լավություն հատուկ դպրոցներում սովորող երեխաների և նրանց ծնողների համար։ Բայց իրականում մեզ պետք է վերառում, որը ենթադրում է ներառում՝ գումարած յուրաքանչյուրիս՝ ավելի լավը դառնալու ձգտում։ Առանց վերջինի ներառական կրթությունը ձախողվելու է։ Բոլորս պիտի մտածենք ավելի լավ տիրույթ ստեղծելու մասին, որպեսզի ներառումը բերի որակական փոփոխության։ 

Ի դեպ, այս խնդիրը գլոբալ է։ Այն առկա է միջազգային հարաբերություններում։ Բազմաթիվ զարգացած, ժողովրդավարական երկրներ մտածում են, որ իրենց համակարգը լավն է, և Հայաստանի նման երկրները պետք է հարմարվեն, որպեսզի ներառվեն։ Խնդիրն առկա է նաև Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում։ Նման ծրագրեր իրականացնողները հաճախ մտածում են, որ իրենք լավն են և գիտեն լուծումները։ Իսկ շահառուները չգիտեն և պետք է ընդունեն այդ լուծումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս