Բաժիններ՝

«Սևանա լճի շրջակայքում տեղակայված օբյեկտները պետք է ունենան ինքնամաքրման կայաններ». Հանրային խորհրդի անդամ

Այսօր Հանրային խորհրդի նիստում խորհրդի անդամ Յուրի Ջավադյանն անդրադառնալով Սևանի խնդիրներին՝ նշեց, որ լճի ափին տեղակայված են մոտավորապես 2400 ռեստորաններ, հանգստյան տներ, որոնցից 300-ը մշտապես գործում է, և դրանց աղտոտումը մեծ չափերի է հասնում, միայն լվացքի հեղուկը, որը թափվում է լիճ, պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր:

«Խստագույն արգելված է որևէ արտանետում լցնել ջուրը: Երկու տարի է արդեն՝ պայքարում ենք դրա համար, մեզ հաջողվել է տեղադրել 10 ինքնամաքրման կայան, դրանք հիմնականում թերակղզու մասում են: Ծաղկման շրջանում ուսումնասիրեցինք և տեսանք, որ կայանների շրջանում ընդհանրապես ծաղկում չկա»,- ասաց Յուրի Ջավադյանը:

Ըստ Յուրի Ջավադյանի, այս ամենը հաշվի առնելով՝ լճի շրջակայքում տեղակայված օբյեկտներին պետք է հորդորել, որպեսզի բոլորն ունենան ինքնամաքրման կայաններ:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին կա երեք նախնական մաքրման կայան՝ Մարտունիում, Վարդենիսում և Գավառում:

«Նախնական մաքրման կայաններից լողացող նյութերը հանում ենք ընդհանուր 240  տոննա ծավալով, մնացածն արդեն կենտրոնացված թափում ենք լիճ, 240-ն էլ տանում տեղավորում ենք, այսպես ասած, մեր քաղաքային աղբավայրերում, ինչպես գիտեք՝ իսկի Երևանը չունի կարգին աղբավայր, ինչ մնաց՝ Վարդենիսում: Դե, այստեղ էլ անձրևների միջոցով այդ նյութերը կրկին հետ են գալիս լիճ՝ այդքան չարչարանքներից հետո: Սրանից բացի, նաև աղտոտում ունենք, երբ բարձրանում է ջրի մակարդակը, ոռոգումից և գոլորշացումից ունենք միլիարդ 300 տոննա գոլորշացում: Չկա մի տեղ, որ Սևանն աղտոտված չլինի»,- շեշտեց ՀԽ անդամը:

Սևանը մաքրելու համար Յուրի Ջավադյանն առաջարկեց իրականացնել մի շարք միջոցառումներ, արդեն ծրագիր են մշակել և ներկայացրել Ազգային ժողովին և  ՀՀ վարչապետին:

Նրա խոսքով՝ Ճապոնիայից մասնագետներից մեկը Հայաստան է բերել այնպիսի նյութ, որով այնտեղ մաքրում են իրենց լճերը, նման նյութերի արտադրություն Հայաստանում կա, այն արդեն սկսել են փորձարկել լճում, սակայն պետք է փորձարկեն նաև, թե դրա օգտագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ ձկների, մանրաձկների վրա:

«Մենք չորս անգամ ջրի մակարդակն իջեցրել ենք, քանի որ վատ վիճակի մեջ էր հայտնվել Արարատյան դաշտավայրը, քանի որ ոռոգում չկար: Մենք այդ տարիների ընթացքում չարաշահել ենք Սևանին և առաջացրել խնդիրներ»,- հավելեց Յուրի Ջավադյանը:

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանն էլ նշեց, որ դեռևս 1970-ականներին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լիճը պետք է բարձրացվի 7 մետրով, որպեսզի լճի շերտավորումն ապահովվի:

«Նախարարությունն իրկանացնում է լճի ջրի մոնիտորինգ, հուլիս ամսվա տվյալները բավականին հուսադրող են այն առումով, որ 20 մետր խորության վրա չի արձանագրվել ֆոսֆորի առկայություն, ինչը նշանակում է, որ ծաղկման գործընթացն ավարտված է»,- շեշտեց Է. Փիրումյանը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս