«Վարչապետն անընդհատ նշում է, որ կոռուպցիա չկա, բայց պարզվում է՝ փայտի կոռուպցիան դեռևս մնում է». Քաղտեխնոլոգ
Իջևանում տեղի ունեցած իրադարձություններն ավելի խորն ու բարդ են, քան թվում է առաջին հայացքից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվող մի շարք քաղաքացիներ փակել էին Իջևան-Երևան ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի թույլ տան զբաղվել փայտի վաճառքով։ Բաղոքի ակցիայի ժամանակ եղել էին վիրավորներ և ձերբակալվածներ։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ հասկանալի է, որ Իջևանում մեծ թվով քաղաքացիներ զբաղված էին հանցավոր ռեժիմում գումար աշխատելով, որով էլ պահում էին իրենց ընտանիքները։ Չունենալով եկամտի այլ աղբյուր, նրանք ստիպված են եղել իրենց հոգսը հոգալ այդ ճանապարհով։
«Վարչապետը մեկ տարի լինելով կառավարման ղեկին՝ խոստումներ էր տալիս, նշելով, որ, երբ ստանձնի Կառավարության ղեկավարի պաշտոնը, ներդրումներ կբերի Հայաստան։ Դրանից հետո նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո ներդրումներ կգան Հայաստան, սակայն դրանից հետո էլ ներդրումներ չեղան։ Փաստորեն, վարչապետն իր խոստումները չկարողացավ կատարել։ Մասնավորապես՝ Իջևանում որևէ ձեռնարկություն չկառուցվեց, որը կարող էր մարդկանց կտրել այդ հանցավոր բիզնեսով զբաղվելուց։ Այսինքն՝ իշխանությունները չստեղծեցին համապատասխան միջավայր, որպեսզի ներդրումներ լինեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա նկատեց, որ անտառից ծառ կտրելն ու վաճառելը հանցավոր գործունեություն է, սակայն տվյալ պարագայում այդ մարդիկ այլ ելք չունեն։ Ուստի դա սոցիալական խնդրի հետևանքով էր, որը նախապես պետք է իշխանությունները լուծեին։
Ըստ քաղտեխնոլոգի՝ փայտի մաֆիան նոր չէ ձևավորվել Հայաստանում, այն ձևավորվել է 90-ականներին՝ ցուրտ ու մութ տարիներին, որն այսօր հենց այնպես չի պատրաստվում զիջել դիրքերը։
«Մեկ տարվա ընթացքում վարչապետն անընդհատ նշում է, որ կոռուպցիա չկա, այն վերացել է, բայց պարզվում է, որ փայտի կոռուպցիան դեռևս մնում է։ Մենք այդպես էլ չտեսանք և չիմացանք՝ արդյո՞ք ձերբակալվածներն էին հանդիսանում փայտի մաֆիայի պարագլուխները, թե՞ կալանավորվել էին միայն փողոցի ցուցարարները։ Ինչո՞ւ փայտի պարագլուխների նկատմամբ որևէ գործողություն չի կատարվել, երբ վարչապետը խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ վարչապետը թերացել է ոչ միայն ներդրումների ներգրավման հարցում, այլև՝ փայտի մաֆիայի հարցում որևէ բան չի արել»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը վստահ է, որ Իջևանում, որը փոքր քաղաք է, մի քանի հարյուր հոգու ցույցի դուրս բերելն այդքան էլ հեշտ գործ չէ, առնվազն անհրաժեշտ է մի քանի շաբաթ, որպեսզի այդ մարդկանց միանգամից փողոց դուրս բերեն։ Այս պարագայում Արմեն Բադալյանի համար անհասկանալի է, թե արդյո՞ք ԱԱԾ-ի և ոստիկանության տեղական կառույցները տեղյակ չեն եղել, որ նման բողոքի ակցիա է նախապատրաստվում: Ավելին՝ նա կասկածում է, որ դրա մասին չեն իմացել։
«Եթե չեն իմացել, նշանակում է՝ խիստ անորակ են աշխատում, ինչն այդքան էլ հավատալի չէ, քանի որ այնտեղ աշխատում են այն մարդիկ, որոնք այդ կառույցներում երկար ժամանակ աշխատել են և ունեն համապատասխան փորձ։ Այստեղ գալիս է երկրորդ տրամաբանությունը, որ նրանք իմացել են, սակայն չեն կանխել, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն կանխել, ո՞րն է նպատակը։
Թվում է, թե սա շատ հեշտ պատասխան ունի, քանի որ առաջ են քաշում այն վարկածը, թե այս ամենը նախկին իշխանությունների ձեռքի գործն է։ Չի բացառվում նման բան, միաժամանակ չեմ կարող մերժել այն վարկածը, ըստ որի՝ բողոքի ակցիայի մասին իմացել են որոշ ուժային կառույցներ և վարչապետին չեն զեկուցել»,- նշեց նա։
Ամփոփելով իջևանյան ամբողջ իրադարձությունները, քաղտեխնոլոգը նշեց, որ նմանատիպ գործողությունները կարող են լինել տարբեր համայնքներում ու ոլորտներում, որից էլ հետևում է այն, որ, երբ սկսում են կազմակերպված քաոս ղեկավարել, դրանով ցույց են տալիս, որ վարչապետը չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, և հասարակության մոտ նրանից արագ ազատվելու ցանկություն է առաջանում։
Զվարթ Խաչատրյան