Դեմոկրատիայի «ժանգոտ» վարագույրը, կամ՝ ՀՀ մանիպուլյատիվ դիկտատորը

Բոլոր ժամանակներում պետությունների ներսում անզիջում պայքար է գնացել քաղաքական կառավարման համար: Փաստացի ներկայումս աշխարհում առկա է կառավարման երկու ձև՝ դեմոկրատիա կամ ժողովրդավարություն և դիկտատուրա կամ բռնապետություն: Այսօր էլ աշխարհի շատ երկրներում իշխում է կառավարման դիկտատուրական ձևը, չնայած այն հաճախ հանրությանը մատուցվում է «դեմոկրատական» սոուսով:

Հավելենք, որ բռնապետությունը բնորոշ է հատկապես մահմեդական երկրներին, թեև, իհարկե, կան նաև մահմեդական լուսավորյալ պետություններ՝ Մալազիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, և այլն: Հարավային Ամերիկայում նույնպես տարածված է քաղաքական բռնություն, մասնավորապես՝ Չիլին, Կոլումբիան, Արգենտինան երկար ժամանակ բռնապետական երկրներ են եղել:

Մի քանի դրվագ բռնապետություն հասկացության մասին․ օրինակ, ինչո՞ւ է առաջանում բռնապետություն, և ինչո՞ւ են ժողովուրդները հանդուրժում այն: Հայտնի է, որ երկարատև բռնապետության պայմաններում սոցիալական ցնցումներ քիչ են լինում: Իսկ ժողովրդական երկրներում ազատ խոսքի և գործելու իրավունքը ծնում է տարաբնույթ պայքարի ձևեր, սոցիալական ընդհարումներ և այլն: Գուցե սա է պատճառը, որ բռնապետությանն այդքան շուտ սովորում է «ժողովուրդը» և սկսում է վախենալ քաղաքական փոփոխություններից: Տեղին է նշել, որ այստեղ նաև մեծ դեր ունի ազգային մտածելակերպը: Մենք՝ հայերս, էությամբ հեղափոխական չենք և դժվարությամբ ենք ընդունում փոփոխությունները: Մենք պահպանողական ազգ ենք:

Բռնապետական կարգերին հատկանշական է նաև սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումն իշխանության շահերին և համատարած (տոտալ) վերահսկողության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։

Հարկ է փաստել, որ աշխարհի ոչ մի բռնապետական կամ ամբողջատիրական իշխանություն չի հայտարարում, որ ինքը հակաժողովրդավարական է, այլ ճիշտ հակառակը՝ որքան ուժեղ է բռնապետությունը, և որքան խիստ՝ ամբողջատիրական իշխանությունը, այնքան շատ է օգտագործվում «ժողովրդավարություն» եզրը, և այնքան շատ է տվյալ տիպի իշխանության կրողը հանդես գալիս ժողովրդի անունից (Բենիտո Մուսոլինի, Ավգուստո Պինոչետ, Ադոլֆ Հիտլեր)։

Ահա այս ձևաչափում անդրադարձ կատարենք ՀՀ ներկա իրողությանն ու տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։  Որպես կանոն՝ նշենք, որ ցանկացած, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» ամենամեծ հմայքն այն է, որ կարողանում է ամեն բան գլխի վրա շուռ տալ` ոչ մի բանի առջև չկանգնելով, և իր ցանկացած քայլ ներկայացնել՝ որպես «դարի նվաճում», որ արվել է հանուն դեմոկրատիայի, ազատության, մարդու իրավունքների համար մղվող սրբազան պատերազմ է:

Իսկ իրականությունն այն է, որ, ինչպես բնորոշ է բոլոր իշխանություններին, ՀՀ այսօրվա «հեղափոխականներն» էլ կամաց-կամաց բռնում են հասարակությունից կտրվելու ճանապարհը։ Եվ ինչպես բնորոշ է իշխանության բուրգում գտնվողներին, վերջիններս էլ համառորեն պնդում են, թե նման բան չկա։ Բայց այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների, մեկ առանձնահատկություն ունի՝ առանձնակի հակակրանք ու անհանդուրժող վերաբերմունք իր տեսակետին դեմ արտահայտվողների նկատմամբ։ Չի ընդունվում ոչ մի քննադատություն, քննադատեցիր, ուրեմն նախկին ռեժիմի սպասարկու ես՝ հակահեղափոխական։

Այն հանգամանքը, որ Փաշինյանը, ինչպես համաշխարհային շատ բռնապետներ, իշխանության եկավ ժողովրդական օվացիաների ներքո, ապացուցման կարիք չունի, ապացուցման կարիք չունի նրա վարած պսևդոդեմոկրատական կառավարումը, որին ականատես ենք արդեն 14 ամիս։ Գործող վարչապետի հռետորաբանությունն ու որդեգրած դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան ժամանակակից բռնակալի հնչեցրած հրովարտակ։

Ներկայացնենք մի քանի դրվագ, որոնք տեղի ունեցան իշխանափոխությունից հետո․ գործընթացը սկսվեց բոլոր հակահեղափոխականներին «ասֆալտին պառկեցնելու» ու «գլուխները ցխելու» կոչերով, որին հաջորդեց՝ «հանգիստ, նստեք տեղներդ»՝ սոցցանցային «մեմ» դարձած սպառնալիքը։ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հիշեցնելու, որ երկրի գերագույն հրամանատարն ու բացարձակ տերն ինքն է, այս կերպ նա մի յուրահատուկ ինքնահաստատման օրգիա է կազմակերպում ինքն իր համար։ Իսկ այն, ինչ նա կատարեց դատական համակարգի ու Սահմանադրական դատարանի (ՍԴ) նկատմամբ, «ժողովրդավարություն» եզրույթի հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունի, և դասական բռնապետական վարչակարգին բնորոշ գործողություններ էին, երբ հայտարարում է, որ «ՀՀ-ում չկա մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ Ակնհայտ է, որ այսօր ՀՀ ՍԴ-ն բլոկադայի է ենթարկված, քանի որ այն ներկայումս միակ ոլորտն է, որտեղ չեն տիրում փաշինյանական կարգերը, իսկ դիկտատորի համար նման կառույցի սուվերենությունն անթույլատրելի է։

Մի քանի եզրույթ կարևորի մասին․ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր գործունեության ընթացքում եղել է նախկին իշխանությունների սուր քննադատը, որոնց մասին հնչեցրել և մանիպուլյացրել է հազարավոր «օդում կախված մուտիլովկաներ»։ Ներկայումս ցանկացած քննադատություն նա համարում է «ժողովրդի կամքին բռնանալու» ակցիա, կամ դավադիր ուժերի հերթական ուղղորդված գործողությունը։ Ինչպես բոլոր բռնապետական երկրներում, ՀՀ-ում ևս այսօր բացահայտ քաղաքական հետապնդումներ ու ձերբակալություններ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են «կարված գործերով»  ու պատվերով ցուցմունքներով։

Ամփոփելով՝ փաստենք, իր գործունեության 14 ամիսների ընթացքում Փաշինյանը շատ կազմակերպված կարողացավ խորը դիկտատուրական արմատներ գցել, որի միջոցով փորձում է հնարավոր բոլոր տարբերակներով պահել իր իշխանությունը։ Եվ այս ֆոնին բավականին մարազմատիկ է հնչում իշխանության ներկայացուցիչների պարբերաբար շրջանառվող այն թեզը, որ ՀՀ-ում հաստատվել է ժամանակակից դեմոկրատական իշխանություն, իսկ ԱԺ նախագահը ՀՀ-ն համեմատում է «դեմոկրատական բաստիոնի» հետ։ Ինչպես ասվում էր հայտնի դասական  դարձած ֆիլմում՝ «կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա»։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

ՀԳՈւինստոն Չերչիլ. «Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ եղանակն է, սակայն դրանից ավելի հաջող կառավարման ձև մարդկությունը դեռևս չի ստեղծել»:

Տեսանյութեր

Լրահոս