Երբ թղթից թափոնները դառնում են գյուղատնտեսության մեջ օգտագործվող բաժակներ
Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքի բնակիչ Խաչատուր Սարգսյանը թափոններից ազատվելու հեշտ և օգտակար միջոց է գտել։
Հինգ տարի առաջ սրտի ծանր վիրահատությունից անմիջապես հետո նա որոշեց սեփական գյուղում բնությանը, գյուղատնտեսությանը և գյուղացիներին օգտակար ինչ-որ գործ անել։
Խաչատուր Սարգսյանը որոշեց գյուղատնտեսության մեջ մեկանգամյա օգտագործման բաժակներ արտադրել, որոնց արտադրության մեջ օգտագործում է միայն թղթից թափոններ։
Բաժակների մեջ գյուղացիները կարող են զանազան սերմեր աճեցնել՝ վարունգ, լոլիկ և այլն, այնուհետև հենց բաժակով դնել հողի մեջ, որոշ ժամանակ անց բաժակը քայքայվում է՝ այդպիսով սերմը պաշտպանելով միջատներից։ Բացի այդ, նախկինում գյուղացիները սերմերը դնում էին պլաստմասսե բաժակների մեջ և հող դնելուց առաջ հանում բաժակներից, որի արդյունքում և՛ սերմն էր վնասվում, և՛ բաժակը դառնում թափոն և աղտոտում միջավայրը։
168.am-ի հետ զրույցում Խ. Սարգսյանը պատմեց բաժակների արտադրության, գործընթացի դժվարությունների, պետական աջակցության բացակայության և առաջիկա ծրագրերի մասին։
«Ինձ մոտ գաղափարն առաջացել է հինգ տարի առաջ, քանի որ աշխարհը գնում է առանց թափոնների արտադրության, ես էլ որոշեցի այդ գործում օգտակար լինել, հավաքել թղթից թափոններ և գյուղատնտեսության մեջ օգտագործվող բաժակներ արտադրել։ Այսինքն՝ թափոններից արտադրում եմ առանց թափոնի արտադրանք, հումքը հավաքում եմ փողոցներից, խանութների տարածքներից, որտեղ շատ են թափված թղթերը»,- պատմեց Խաչատուր Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բաժակների արտադրության բոլոր սարքավորումները սեփական միջոցներով է ստեղծել, առանց պետական աջակցության, միայն որոշ չափով աջակցել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնը, որի միջոցով դրամաշնորհ է շահել և այդ գումարով հավաքել իր արտադրամասի վերելակը։
«Վերելակի կառուցումը պարտադիր էր, քանի որ այդ վերելակով պատրաստի արտադրանքը բարձրացնում եմ տանիք և չորացնում։ Այս փոքրիկ արտադրամասը կառուցված է իմ սեփական տանը կից կառույցում, ես վարձակալության գումար չեմ տալիս»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ այս պահին արտադրամասում աշխատում են ինքն ու կինը և մեկ ժամում արտադրում են 2000 բաժակ։ Ասում է՝ այս պահին շատ հնարավորություններ չունի, որպեսզի լրացուցիչ աշխատողներ ընդունի, բայց հուսով է, որ հաջորդ տարի չորս հոգու աշխատանքի կընդունի և կավելացնի արտադրության ծավալները։
Խաչիկ Սարգսյանը նշեց, որ այս ամենը Հայաստանում նորություն է, և ժողովուրդը պետք է սովորի առանց թափոնների աշխատել գյուղատնտեսության մեջ և սովորի այդ բաժակների օգտագործմանը։
«Մարդիկ տարել, փորձարկել են և գոհ մնացել, փորձարկել ենք նաև, որ այն բույսերին չի վնասում։ Ես իմ գործն իմ ուժերով արել, ավարտել եմ, այս պահին պետության օգնության կարիքը չեմ զգում, եթե զգամ, պետք է դիմեմ Կառավարությանը, որպեսզի օգնեն, անհրաժեշտության դեպքում կգնամ նաև Գյուղատնտեսության նախարարություն, հասկանամ՝ ինչ են առաջարկելու ինձ»,- ընդգծեց Խ. Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ աշխարհը վաղուց է անցել նման բաժակների օգտագործման, եվրոպական բազմաթիվ երկրներ գյուղատնտեսության մեջ օգտագործում են միայն մեկանգամյա օգտագործման թղթից բաժակներ, այդ պատճառով էլ արտադրությունը սկսելուց առաջ եվրոպական փորձը մանրամասն ուսումնասիրել է։
Բաժակների արտադրությունը օգնել է նաև գյուղը մաքրել թղթերից: Խաչիկ Սարգսյանի խոսքով՝ համագյուղացիներն արդեն գիտեն, որ փողոցում թափված թղթերը կարող են հավաքել և իր տուն բերել, նույնիսկ կողքի գյուղերից են բերում: Ասում է, որ դրանք կիլոգրամներով գնում է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան