Բաժիններ՝

«Իսկ էդ դեպքում ի՞նչ են անելու սովորական տաքսիները, որոնք ամեն մեքենայի համար մոտ 40.000 դրամ փող են վճարում». Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վահագն Սահակյանը համոզված է, որ Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներին հուլիսի 1-ից բոլոր տեսակի վճարներից ազատումը կհանգեցնի քաոսի:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում «Իմ քայլը՝ հանուն  Շիրակի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներին հուլիսի 1-ից բոլոր տեսակի վճարներից կազատեն, և հավելեց, որ տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմանների բավարարել, և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար կլինի:

168.am-ի հետ զրույցում Վահագն Սահակյանը մասնավորապես ասաց. «Եթե հստակ չսահմանեն, թե ո՞վ կարող է չունենալ ԱՁ հաշվառում և տաքսի քշել, ուրեմն քաոս է լինելու, լինելու է մոնոպոլիա. «Յանդեքս» տաքսին (օնլայն տաքսիները բոլորը նրա տակ են, անուններն են տարբեր) կդառնա միակ օգտագործողը Հայաստանում, և  ոլորտը կդառնա մոնոպոլ:

Եթե այդ  անհատ տաքսիստն իրավունք ունենա պատվեր վերցնելու օնլայն հարթակներից, դա նշանակում է՝ մնացած տնտեսվարողներին ուղղակի մատաղ են անում՝ հանուն «Յանդեքսի»:

Ո՞նց եք պատկերացնում՝ 15-20 հազար մեքենա՝ մի ընկերության մեջ, ու հարկ չվճարող անհատ տաքսիստ. իսկ էդ դեպքում ի՞նչ են անելու սովորական տաքսիները, որոնք ամեն մեքենայի համար մոտ 40 հազար դրամ փող են վճարում»:

Ըստ Վ. Սահակյանի՝ նախ պիտի սահմանվի, թե ով կարող է կոչվել անհատ տաքսիստ կամ ԱՁ չհանդիսացող տաքսիստ. «Անհատ տաքսու վարորդ կարող է կոչվել այն վարորդը (դա ներկայացրել եմ նաև  խորհրդարան), ով իրեն կամ ընտանիքին սեփականության իրավունքով  պատկանող մեքենայով  ինքնուրույն պատվերներ կկատարի, դա չպիտի իրեն ազատի լիցենզավորման գործընթացից, բայց եթե ինքը մտնելու է որոշակի օնլայն հարթակներ և պատվերներ է կատարելու, դա չեղավ անհատ տաքսիստ, դա եղավ մեծ կորպորացիա, որը հարկ չի վճարում պետությանը: Օնլայն հարթակներն օգտագործում են վարորդներին. Պատվերի ընդամենը 10 տոկոսն է տալիս պետությանը, երբ իր կողքին տաքսին 20 անգամ ավելի շատ վճար է անում. Ո՞նց կարող են նույն հարթակում տարբեր հարկային բեռի տակ աշխատել տաքսիները»:

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահի համար որոշումն ընդունելի կլինի, եթե այդ վարորդներն իրավունք չունենան պատվեր վերցնել օնլայն հարթակներից. «Իսկ ովքեր ուզում են պատվեր ընդունել, պիտի ԱՁ դառնան ու վճարեն հարկերը՝ ինչպես մյուսները»:

Նա, սակայն, կողմ է այն որոշմանը, որ լիցենզիան դառնա անվճար.

«Լրիվ կողմ եմ, ես հազար անգամ ասել եմ՝ լիցենզիան կապ չունի վճարման հետ, ընդամենն անվտանգության հարց է. մենք՝ որպես ուղևոր, պետք է վստահ լինենք, որ մեր պետությունը հետևում է այդ ոլորտին, և, որ ամեն վարորդ չի, որ կարող է գալ մեզ և մեր ընտանիքին տեղափոխել»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս