Մեկժամյա հերթական աչքկապոցին
Ցանկացած երկրի ղեկավարի խոսքը պետք է ունենա ոսկու գին, և նրա ներկայացրած ու վերհառնած մոտեցումը պետք է ունենա ֆունդամենտալ ամրություն: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ընթացքում, հանրությանը հերթական անգամ կանգնեցրեց հերթական քաղաքական փակուղու առաջ:
Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցից պարզ էր մի բան՝ նա իր քայլերով շարունակում է քանդել համակարգը, քանի որ այլ ձև չես կարող նկարագրել այն հայտարարությունները, որոնք նա հնչեցրեց իր մեկժամյա խոսքում:
Կարևոր է փաստել, որ պետական համակարգն իր կառուցվածքային փոփոխություններով ու կադրային լուծումներով վերածվել է երեքակնանի սայլի. եթե Փաշինյանը խոսում է իր կադրային «փայլուն» քաղաքականության մասին, դա հիշեցնում է դառը «կոշմար», քանի որ 1,5 տարվա ընթացքում հնարավոր բոլոր տարբերակներով Փաշինյանն ու իր թիմակիցներն ազատվում էին հին ու պրոֆեսիոնալ կադրերից, և առիթը բաց չթողնելով՝ իր հետ քայլածներին աշխատանքի տեղավորելու համար: Հավելենք, որ հենց այդ, իր բնորոշմամբ, «կոռումպացված ռեժիմի» կադրերն էին, որ այսքան ժամանակ կարողացել են համակարգը քիչ թե շատ հեռու պահել անդառնալի ցնցումներից: Իսկ իր նշանակած կադրերի ու ցուցակով պատգամավոր դարձածների «լյապերն» ու «մառազմատիկ» արտահայտությունները տեղեկատվական դաշտում և սոցցանցերում մեմերի ալիքների առիթ են դառնում: Կադրային քաղաքականության մասին խոսելիս, երբ Փաշինյանը նշում էր, որ հիմնական խնդիրները կապված են համակարգում հին աշխատակիցների հետ, պետք է փաստել, որ մարդը մեկ տարվա ընթացքում անընդհատ քննադատում էր, իսկ իրականում համակարգում հիմնական աշխատողները տարել են ողջ բեռը:
Հատկանշական է փաստել մի կարևոր դրույթ. Փաշինյանն ամբողջ հարցազրույցը կառուցեց՝ թիրախավորելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, այնպիսի տպավորություն է, որ նա ուրիշ ոչ մի առանցքային խնդիր չուներ իր առջև դրած՝ միայն Թովմասյանի հարցն է, որ ունի օրակարգային արագ լուծման հրատապություն: Ասվածից կարող ենք բխեցնել հետևյալ եզրույթը, որ, ըստ էության, նկատելի էր, հետևյալը՝ հավանաբար Փաշինյանն ուժային բոլոր մեթոդներով փորձել է ճնշել ՍԴ նախագահին, սակայն որևէ շոշափելի արդյունքի չի հասել, և հենց այդ պատճառով էլ նա իր շեշտադրումները կատարում էր նման՝ բավականին նյարդային որակումներով:
Հարցազրույցից ակնհայտ դարձավ նաև այն, որ ներկայումս գործող վարչապետը բավականին էմոցիոնալ ու ջղագրգիռ վիճակում էր՝ դա նկատելի էր նրա ժեստիկուլյացիայից ու ձայնային պարբերական ելևէջներից: Ինքնատիրապետման հաճախակի կորստի արդյունքում՝ իր հարցազրույցում նա հիշեցնում էր երբեմնի ընդդիմադիր Նիկոլին: Դա հատկապես ակնհայտ էր դառնում, երբ նա խոսում էր նախկին իշխանությունների, հատկապես՝ Սերժ Սարգսյանի մասին: Այնպիսի տպավորություն էր, որ նա իր կառավարման այս ողջ ընթացքում ուղղակի շարունակում է կռվել Սերժ Սարգսյանի ստվերի դեմ: Տեղին է նշել նաև, որ դրան զուգահեռ՝ այս ընթացքում նա ոչ մի նոր ու շոշափելի արժեք չի ստեղծել, չնայած ամեն անգամ խոսում է այս կամ այն արժեք ստեղծելու լեյտմոտիվի մասին:
Հարկ է նշել, որ Փաշինյանն իր խոսքում ընդհանրապես չխոսեց ՀՀ արտաքին քաղաքականության և արտաքին մարտահրավերների, տարածաշրջանային ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս մենք գտնվում ենք տարածաշրջանային բավական տուրբուլենտ փուլում, և միանգամից մի քանի լուրջ ռազմական գործողությունների ակնհայտ սպառնալիք կա, մասնավորապես՝ Վրաստանում ընթացող հակառուսական ալիքը, որն անմիջապես կարող է ազդել ՀՀ բնականոն կյանքի վրա՝ Լարսի ճանապարհի փակմամբ, և Իրանի շուրջ տևական ժամանակ ընթացող զարգացումների մասով: Այս ամենին զուգահեռ՝ նա շատ թեթևակի անդրադարձ կատարեց Արցախի բանակցային գործընթացներին՝ ներկայացնելով իր կողմից արդեն քանիցս նշված թեզերը: Արցախի հետ կապված նրա դիրքորոշումից պարզ էր մի բան՝ Ալիևի հետ օպերատիվ կապ կա, բայց, միևնույն է, շարունակում են զոհեր լինել: Սա նշանակում է, որ նա ուղղակի ասում է՝ իմ վրա հույս չդնեք, ինչ տեղի ունենա սահմանին և արցախաադրբեջանական շփման գծում, ես այդքան էլ մեղավոր չեմ: Ուղղակի այստեղ պետք է հավելենք, որ օպերատիվ կապ ասվածը եղել է բոլոր ժամանակներում, բայց դրա մասին երբեք չի բարձրաձայնվել:
Հավելենք նաև մի շատ կարևոր դետալ. իր հարցազրույցում Փաշինյանն անդրադառնալով այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշել է, որ «նրանք, ովքեր ասում են, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե ես իրավունք չունեմ նման բան անելու, ապա Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»:
Սա հիշեցնում է մի յուրահատուկ մարգարեություն, քանի որ այդ հարցազրույցին զուգահեռ՝ Երևանից 200 կմ հեռավորության վրա ոստիկանական զորքերը ճնշում էին Իջևանում ընթացող բողոքի ակցիան, որի ընթացքում կիրառվել էին բավականին կոշտ մեթոդներ: Ասվածից փաստենք հետևյալը՝ այս անգամ ևս գործ ունենք Փաշինյանի հերթական քաղաքական իպոիլյացիայի հետ, երբ ժողովրդահաճո հայտարարությանը հաջորդում է լրիվ հակառակ գործընթաց:
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ