Ինչո՞ւ Սևանա լճից դուրս չեն բերվում ձկնաբուծական տնտեսությունները
Շուրջ 6 տարի առաջ ՀՀ իշխանությունները մեկնարկեցին «Սևանա լճում իշխանի պաշարների զարգացման և ձկնաբուծության համալիր» ծրագիր, որը դժգոհության մեծ ալիք առաջացրեց բնապահպանների և լայն հասարակության շրջանում:
Ըստ ծրագրի՝ մինչև 2023թ. նախատեսվում է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը Սևանա լճում հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի, ինչի համար տարեկան լիճ պետք է լցվի նաև 50 000 տոննա ֆոսֆոր և ազոտ պարունակող արհեստական կեր: Ընդ որում, յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան ընդամենը 1.5%-ը ծրագրով պետք է բաց թողնվի լիճ, իսկ մնացածը ենթակա է արտահանման:
2014թ. հիմնադրվեց «Սևանի Իշխան» ՓԲ, 2015թ.՝ «Սևան Ակվա» ՓԲ ընկերությունները, որոնց հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության կողմից 2013-ին ստեղծված Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամն է։
Ներկայումս հետախուզման մեջ գտնվող՝ նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նախագիծն այն ժամանակ անվանեց «բնապահպանական», իսկ էկոլոգներն այս ծրագիրն անվանեցին «քաղաքական պատվեր և բիզնես»՝ մեծ ռիսկեր տեսնելով դրանում։
Համառ լուրերը պնդում էին, որ այդ ձկնաբուծարանների իրական շահառուն 2011-2018 թթ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն է։ Շրջանառվում էր նաև Ալեքսանդր Սարգսյանի անունը։ Ղարիբյանը, ի դեպ, 2018թ. հունիսի 8-ից նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։
Այսօր «SOS Սևան» նախաձեռնության անդամները Սևանա լճի ծաղկման պատճառներից մեկը համարում են տեղադրված ցանցավանդակները։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նույնպես չի հերքում ցանցավանդակների «մեղավորությունը»։
«Լճում տեղադրված ցանցավանդակները ևս նպաստում են Սևանա լճում ջրիմուռների բազմացմանը»,- հուլիսի սկզբին ասել է նախարարը։
Է.Գրիգորյանը նաև հայտարարել է, որ, «եթե համապատասխան ուսումնասիրությունից հետո, պարզվի, որ Սևանի ցանցային ձկնաբուծական ընկերության գործունեությունը նպաստում է լճի հատակի ֆոսֆորային նստվածքի կուտակմանը, ինչն էլ իր հերթին՝ նպաստում է լճի ջրի ծաղկմանը, ընկերության գործունեությունը կարգելվի»։
168.am-ը նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իր հայտարարությունից հետո ի՞նչ է արվել։
– Ես ասել եմ՝ պետք է ուսումնասիրել, որովհետև այնտեղ տրվող կերը պարունակում է ֆոսֆոր, որի քանակությունը նույնպես վնասակար է։ Բայց ես չեմ ուզում, որ մենք կեղծ թիրախներ գտնենք մեզ համար, որովհետև ցանցավանդակային տնտեսությունը պետական ծրագիր է և նախատեսված է Սևանի իշխանի վերականգնման համար։ Ես ինքս կողմ չեմ, որպեսզի էնտեղ լինի ցանցավանդակ, որովհետև այնտեղ պետությունը նաև կառուցել է գործարան և այդ գործարանում մանրաձուկ է արտադրում, և ես կողմ եմ, որ այդ մանրաձուկն ուղղակի լցվի լիճը, և ոչ թե ձուկն աճեցնի և բիզնես անի այդ առումով։ Բայց մեկ տարվա մեջ այդ տնտեսությունից արտանետվող ֆոսֆորի քանակը մոտավորապես 1 տոննայի չափ է, իսկ անասնապահությունից կամ գյուղատնտեսությունից արտանետվողները՝ հազարավոր տոննաներ։ Եվ ես նշել եմ, որ պետք է հասկանալ՝ ամեն արտանետման ազդեցությունն ինչքան է, և թիրախավորել այն գործողությունները, որոնք մեզ կբերեն ավելի շատ արդյունք։ Եթե կգտնենք, որ այդ ցանցավանդակային տնտեսությունը, քանի որ իրենց մոտ ֆոսֆորը միանգամից անմիջականորեն լցվում է լիճ, վտանգ է առաջացնում լճի համար, ես հայտարարել եմ, որ 10 րոպե հետո այդ ցանցավանդակն այդտեղից դուրս կգա։
– Բնապահպաններն արդեն տարիներ շարունակ բարձրացնում են այս խնդիրը, կառավարություններն էլ՝ թե՛ նախորդ, թե՛ ձեր, մշտապես հայտարարում են, որ կուսումնասիրեն։ Մինչ այժմ այդ խնդիրը չի՞ ուսումնասիրվել, որ հիմա նորից պետք է ուսումնասիրեք։
– Մինչև հիմա ուսումնասիրված այն տեղեկատվությունը, որ ունենք, դա վերաբերում է այդ կերից 1 %-ի չափով արտանետվող ֆոսֆորի ծավալին, որ կազմում է 1 տոննա։ Իհարկե, դա արտանետում է, աղտոտում է, բայց եթե անասնապահությունից կա 12 հազար տոննա կամ 10 հազար տոննա, եթե այլ աղբյուրներից կան հազարավոր այլ տոննաներ, ես կարծում եմ, որ պետք է թիրախավորել այն աղբյուրները, որոնք ավելի շատ վնաս են տալիս։
– Բայց չե՞ք կարծում, որ դա արդարացում չէ, որ, եթե մյուս ուղղություններն ավելի շատ են աղտոտում, ապա կարող է սա էլ մնալ։
– Ես չեմ ասում՝ սա էլ մնա։ Այլ կերպ եք ինտերպրետացիա անում իմ ասածները։
– Համեմատական եք անցկացնում, և այդպես է ընկալվում։
– Ես ասում եմ, որ պետք է գտնել հիմնական աղտոտման թիրախները և գործողություններն ուղղորդել այնտեղ, որտեղ արդյունքը կլինի ամենաշատը։ Դուք գիտեք, որ մենք դիմել ենք գերմանական այդ լայնածավալ հետազոտությանը, որ պետք է կատարվի։ Եթե կնշվի, որ այս ցանցավանդակային տնտեսության ազդեցությունն այնպիսին է, որ վտանգ է, կիսավտանգ է, քառորդ վտանգ է, ապա այդ ցանցավանդակները դուրս կհանվեն։ Ընդ որում, ես նշեմ, անձամբ իմ կարծիքով՝ ցանցավանդակային տնտեսությունները ճիշտ չէ օգտագործել փակ ջրավազանային տարածքներում, բայց պետությունը 9 մլրդ դրամ գումար է ծախսել, ինչ-որ գործընթացներ է արել, պետք է հասկանալ՝ իր ազդեցությունը՝ որպես պոպուլյացիայի վերականգնման գործիք, այնքա՞ն լավ է, այնքա՞ն էական է, որ դա պետք է լինի, թե՞ ոչ։
– Բայց խոսք էր գնում, որ այդ բիզնեսը նախկինում Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկին էր պատկանում, ով ներկայումս գործող վարչապետի խորհրդականն է։ Խոսքն Արամ Ղարիբյանի մասին է։
– Կա տնօրեն, կա խորհուրդ, որը որոշումներ է ընդունում, և խորհրդի մեջ ներգրավված են պետական տարբեր մարմիններ, ներառյալ՝ նաև Շրջակա միջավայրի նախարարությունը։ Չնայած մենք առաջարկել ենք, որպեսզի մեր նախարարությունը դուրս գա այդ խորհրդի կազմից։
– Շահագրգիռ կողմ չլինելո՞ւ համար։
– Այո։ Ծրագիրն ինքը պետական ծրագիր է, անձերով պայմանավորված՝ X և Y մարդիկ չկան։
– Մասնավոր որևէ շահ բացառո՞ւմ եք։
– Ես չեմ բացառում։ Մեր տեղեկատվության հիման վրա, նաև մեր վերլուծությունների հիման վրա Պետական վերահսկողական ծառայությունը հիմա այնտեղ ստուգումներ է իրականացնում։
Հավելենք, որ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, իսկ Արամ Ղարիբյանը խորհրդի նախագահի տեղակալն է։