Ոստիկան ու ներդրող ծեծելու, օրենքն արժեզրկելու հետևանքը

Պետության կազմաքանդումը սկսվում է այն կառույցների բարոյալքումից, որոնք պետք է հսկեն օրենքը:

Երեկ դրա հետևանքները մենք տեսանք Իջևանում: Ու երեկվա պատասխանն էլ  համարժեք չի կարելի համարել: Աշխարհում հազիվ թե գտնեք դեպքեր, երբ ոստիկանների վրա քարերով ու մահակներով հարձակվող ցուցարարների հետ բանակցելու են մեկնում երկու նախարար, մարզպետ և անձամբ ոստիկանապետը, որի առաջ ոստիկան ծեծած ցուցարարները դեռ պահանջներ են դնում:

Իհարկե, անտառից սնվող մարդկանց իրենց կենսակերպից զրկելուց առաջ կառավարությունը պետք է այլընտրանք ապահովի: Բայց երբ երկրում հասկանալի պատճառներով  չկան ներդրումներ, չեն զարգանում տնտեսության աշխատատար ճյուղեր, մարդիկ մնում են անտառ հատելու հույսին: Կառավարությունն էլ ապացուցում է, որ ո՛չ տնտեսական վիճակն է կարողանում շտկել, ո՛չ էլ  ապահովել օրենքի կիրարկումը: Եվ այստեղ դժվար է չնկատել պատճառահետևանքային հստակ շղթան:

Նույնիսկ իշխանական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ներկայացուցիչներն ընդունում են, որ ներդրումների անկման հիմնական պատճառն Ամուլսարի փակ ճանապարհներն են:

Իջևանի իրադարձությունների ավելի մեղմ, բայց բովանդակային առումով՝ նույն տարբերակը տեղի ունեցավ անցյալ շաբաթ օրն Ամուլսարում:  Պետությունը, ուժային կառույցները ցույց տվեցին ներդրողին, ընդ որում՝ ոչ միայն Ամուլսարի, այլ ցանկացած պոտենցիալ ներդրողին, որ պետությունն ի վիճակի չէ իրականացնել իր գործառույթները:

Շաբաթ օրը Քննչական ծառայությունը փորձում էր մուտք գործել Ամուլսարի տարածք՝ քննչական գործողություններ իրականացնելու: Քննիչներին ու փորձագետներին ոչ միայն ներս չեն թողել, այլև ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը, որը փորձում էր ապահովել Քննչականի մուտքը տարածք:

Ճիշտ է, վիրավորներ չկային, բայց մեր տեղեկություններով՝ Քննչականի ու ոստիկանության աշխատակիցների ու Ամուլսարի ակտիվիստների միջև  մի քանի ժամ տևած քաշքշուկին ներկա են եղել անձամբ Ջերմուկ քաղաքի և Վայոց Ձոր համայնքի ոստիկանապետերը: Սակայն ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել ապահովել Քննչական կոմիտեի մուտքը տարածք: Ընդ որում,  ի տարբերություն Իջևանի դեպքերի, որտեղ, ըստ ոստիկանության, 500 մարդ էր դուրս եկել փողոց, Ամուլսարում խոսքն առավելագույնը մի քանի տասնյակ ցուցարարի մասին էր: Ու չնայած դրան, մի քանի տասնյակ ոստիկանի, մի քանի ժամ քաշքշուկից հետո, չհաջողվեց ապահովել Քննչական կոմիտեի մուտքը տարածք:

Ավելին, ոչ մեկին բերման չենթարկեցին, որևէ գործ չհարուցվեց: Քննչական կոմիտեն վերադարձավ Երևան ու նույնիսկ իրենց նախորդ օրը քաշքշած ու ներս չթողած խմբին հրավիրեց Քննչական կոմիտե՝ քննարկումների:

Մի՞թե զարմանալի է, որ, եթե Ամուլսարում ցուցաբերվում է նման հանդուրժողականություն, Իջևանում արդեն հաջորդ շաբաթ ոստիկաններին ոչ միայն դիմադրում են, այլև մարմնական վնասվածքներ են հասցնում:

«168 Ժամը» նախկինում անդրադարձել  է այն հանգամանքին, որ Ջերմուկում պարբերաբար տեղի են ունենում կրիմինալ իրադարձություններ Ամուլսարի ճանապարհները փակողների մասնակցությամբ,  բայց ոստիկանությունը դրանց կամ չի անդրադառնում, կամ անդրադառնում է խիստ կցկտուր:

Տարածաշրջանում ակնհայտորեն ամենաթողություն է, իրավապահները չեն  տիրապետում իրավիճակին: Ու տպավորություն է ստեղծվում, որ Ամուլսարի շուրջ այս ամենաթողությունն իրականացվում է իշխանության ամենաբարձր մակարդակի հովանավորությամբ: Ինչպե՞ս պետք է ոստիկանը կարողանա իրականացնել իր գործառույթները, եթե Ամուլսարի ճանապարհների փակման համար դրամահավաք իրականացնողներին երկու ժամ բերման ենթարկելու համար Ոստիկանությանը «հաթաթա» է տալիս ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը (տես՝ լուսանկարը):

Այս ամենի ֆոնին, արդյո՞ք զարմանալի է, որ այսօր, Իջևանի դեպքերից հետո, Ամուլսարի ճանապարհները փակող ակտիվիստներից մեկը հրապարակային սպառնում է ոստիկանությանը՝ ակնարկելով, որ Ամուլսարում նույնպես կարող են ոստիկանների ծեծել, եթե Կառավարության որոշումն իրենց սրտով չլինի (տես՝ լուսանկարը):

Եվ այս ամենը տեղի է ունենում երկրի ամենախոշոր ներդրման շուրջ: Արդեն մեկ տարի:

Իրականում իջևանյան դեպքերի արմատները պետք է փնտրել անցյալ տարվա հուլիսի իրադարձություններում, երբ վարչապետ Փաշինյանը գնաց Ջերմուկ ու չկարողացավ ցուցարարներին համոզել ենթարկվել օրենքին, բացել ճանապարհները: Պետք է փնտրել Ամուլսարի շուրջ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձություններում, երբ «Լիդիանի» աշխատակիցները փորձում էին մուտք գործել իրենց օրինական տարածք, և ոստիկանների աչքի առաջ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոչ մի գործ չի հարուցվել, ոչ մի հետևանք չի առաջացել: Զարմանալի չէ, որ դրանից մեկ տարի անց էլ ծեծում ու քաշքշում են ոստիկաններին:

Օրենքը չի կարող լինել ընտրովի: Չի կարելի «Սորոսի» գրասենյակի առաջ ակցիան ցրել ոստիկաններով, իսկ Ամուլսարում թույլ տալ ճանապարհների փակում ու պարբերական խուլիգանություն՝ արդեն մեկ տարի շարունակ:

Նման վերաբերմունքի արդյունքում է, որ ցուցարարն այսօր սպառնում է ոստիկանությանը, իսկ ճանապարհները փակողներն ու նրանց սատարող ակտիվիստները հայհոյում ու վիրավորում են ցանկացած մեկին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, ով փորձում է խնդրին օրենքի տեսանկյունից նայել:

Շղթան սկսվում է այնտեղ, որտեղ իրավապահ մարմինները չեն կարողանում ապահովել օրենքի կիրարկումը, այդ թվում՝ պաշտպանել ներդրողին: Դրա արդյունքում ներդրումներ չեն գալիս: Դրա արդյունքում այսօր պետությունն իջևանցուն անտառ հատելու այլընտրանք չունի առաջարկելու, ու այս արատավոր շղթան փակվում է այնտեղ, որտեղ հացի խնդիր ունեցող իջևանցին ծեծում է ոստիկանին:

Տեսանյութեր

Լրահոս