Ի՞նչ «մեսիջ» է պարունակում Լենա Նազարյանի «հաթաթան»

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում «հաթաթա» է տվել ՀՀ ոստիկանությանն այն բանի համար, որ երեք ժամով բերման են ենթարկել ակտիվիստ Աննա Շահնազարյանին՝ Ամուլսարի դեմ պայքարողների համար դրամահավաք կազմակերպելու համար:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք ոստիկանությունը իրավունք ունե՞ր դրամահավաքի համար բերման ենթարկել ակտիվիստին, թե՞ ոչ: Միգուցե և ոչ: Բայց այստեղ այլ խնդիր է կարևոր: Ինչո՞ւ և ի՞նչ ձևակերպումներով է այս միջադեպին արձագանքում իշխող կուսակցությունը ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նախ՝ եթե մինչ թավշյա հեղափոխությունը նախկին ակտիվիստ Լենա Նազարյանը համարում է, որ ԱԺ փոխխոսնակի դիրքից պետք է պաշտպանի ակտիվիզմի շահերը, ապա ինչո՞ւ չի արձագանքում Երևանի քաղաքապետարանի դիմաց աղբ թափելու ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին:

Ի վերջո, Ամուլսարի համար դրամահավաք կազմակերպող մեկ ակտիվիստին երեք ժամով են բերման ենթարկել ու բաց են թողել՝ թույլ տալով հաջորդ օրը շարունակել դրամահավաքը, իսկ քաղաքապետարանի առաջ ակցիա կազմակերպած 8 ակտիվիստի դեմ քրեական գործ են հարուցել:

Արդյո՞ք Ամուլսարի դեմ ակտիվիզմը արտոնյալ ակտիվիզմ է և վայելում է իշխանության բարձր հովանավորությունը: Չէ՞ որ, եթե նույնիսկ տիկին Նազարյանը պարզապես աջակցել է իր ակտիվիստ ընկերներին, ապա դրսից, ներդրողին հենց այդպիսի ուղերձ կարող է ընկալվել այս անհամարժեք արձագանքը:

Իշխող կուսակցությունը ներկայացնող ԱԺ փոխխոսնակը, ինչպես երևում է լուսանկարներից, առանց չակերտի օգտագործում է «Ամուլսարի պաշտպանություն» արտահայտությունը: Այսինքն՝ իշխանության ներկայացուցիչը ամենաբարձր մակարդակով խրախուսում է Ամուլսարի ճանապարհների փակումը՝ դա անվանելով «Ամուլսարի պաշտպանություն»: Սա՝ այն դեպքում, երբ օրենքով ուժի մեջ մտած դատավճիռ կա Ամուլսարի ճանապարհներ ներխուժումը վերացնելու և «Լիդիանի»՝ իր տարածքից օգտվելու խոչընդոտը վերացնելու վերաբերյալ:

Այսքանից հետո զարմանալի չէ, թե ինչո՞ւ ոստիկանությունը ի կատար չի ածում դատարանի վճիռը՝  աշխարհին ցույց տալով, որ Հայաստանում պարզապես օրենք ու դատական իշխանություն գոյություն չունի: Զարմանալի չէ նաև, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Ջերմուկում տեղի ունեցող հաճախակի բախումներն ու խուլիգանության դեպքերը փորձում թաքցնել հանրությունից:

Եթե իշխող կուսակցության բարձր պաշտոնյան հրապարակային նկատողություն է անում ոստիկանությանը, ուրեմն սա «մեսիջ է», որ Ամուլսարի հետ կապված բոլոր ակտիվիստները, ճանապարհ փակողները արտոնյալ են, նրանց ձեռք տալ չի կարելի: Ու հենց այդ պատճառով ոստիկանությունը ոչինչ չի անում կամ չի կարողանում անել: Այսքանից հետո արդյոք արժե՞ զարմանալ, թե ինչու Հայաստան ոչ մի լուրջ ներդրող այլևս ոտք չի դնում: Տիկին Նազարյանը, գուցե և ակամայից, բայց հերթական անգամ շատ հստակ մեսիջ է ուղարկում միջազգային շուկային, որ ապօրինությունները ոչ միայն չեն կանխվում, այլև խրախուսվում են պետական ամենաբարձր մակարդակով:

 

Տեսանյութեր

Լրահոս