Ամուլսարն ու Ջերմուկի ոստիկանության ոդիսականը
Նախորդ շաբաթ 168.am-ը «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» հոդվածում հայտնել էր, որ Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, և Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կան լուրջ տուժածներ:
Թերևս, մեկ անգամ ևս չանդրադառնայինք այս թեմային, եթե հոդվածին չհետևեին ՀՀ ոստիկանության իրար հաջորդող անհասկանալի «պարզաբանումները»:
Այսպես, հիշեցնենք, որ 21.06.2019թ.՝ նախքան մեր հոդվածի հրապարակումը, ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում հայտնել էր, որ Ջերմուկում անհայտ անձը ոչ սթափ վիճակում հարվածել է շտապօգնության մեքենայի դիմապակուն և բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով: Ոստիկանության հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար որևէ այլ միջադեպի, ծեծկռտուքի մասին, և չկար տրամաբանական հարցի պատասխանը՝ թե կեսգիշերին ինչ նպատակով էր շտապօգնության մեքենան ժամանել նշված վայր և հայտնվել նման միջադեպի մեջ:
168.am-ը Ջերմուկի իր աղբյուրներից նախապես տեղյակ լինելով դեպքի մանրամասներին և ծեծկռտուքին՝ փորձեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից պարզաբանում ստանալ մինչև հոդվածի հրապարակումը, ով, ի պատասխան՝ հայտնել էր, որ, բացի շտապ օգնության մեքենայի վրա հարձակման դեպքից, այլ միջադեպ չի գրանցվել: Նա նաև ժխտել էր, թե որևէ ահազանգ-հաղորդում է ստացվել վիճաբանության և ծեծկռտուքի վերաբերյալ:
Մեր հոդվածի հրապարակումից հետո արդեն ոստիկանությունը տարածեց հետևյալ հաղորդագրությունը:
«168 Ժամ» կայքի 21.06.2019 թ. «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում, որի արդյունքում կան լուրջ տուժածներ։
Այնինչ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնում կա արձանագրված դեպք. հունիսի 21-ին, ժամը 01:55-ին, «Ջերմուկի Ա/Կ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի 25-ամյա մի բնակիչ։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում վերջինիս, ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ, Ջերմուկի 3 բնակիչներ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Այնուհետև երիտասարդներից մեկը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»։
Այսինքն, մեր հոդվածի հրապարակումից մի քանի ժամ առաջ ոստիկանությունը պնդում էր, որ ծեծկռտուքի դեպք Ջերմուկում չի եղել, և միայն մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ եղել է ծեծ, և կան տուժածներ: Ընդ որում, Ոստիկանությունը ծեծկռտուքի մասին հաղորդումը ստացել է նույն ժամանակ, ինչ շտապօգնության մեքենայի վրա հարձակման մասին: Մինչդեռ շտապօգնության վրա հարձակման մասին հաղորդագրությունը Ոստիկանությունը հրապարակել էր, իսկ ծեծկռտուքի մասին հաղորդումը հրապարակեց միայն մեր հոդվածից հետո, դրանից մի քանի ժամ առաջ ծեծկռտուքի միջադեպի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ հերքելով, որ նման բան է եղել: Սա, թերևս, փաստերի կոծկման փորձի տպավորություն է թողնում:
Հատկանշական է, որ վերը նշված հաղորդագրության մեջ, միևնույն է, որևէ պարզաբանում չկա այն մասին, որ շտապօգնության մեքենայի վրա հարձակումը և ծեծկռտուքը միևնույն միջադեպի մաս են: Եվ միայն հաջորդ օրը երեկոյան ոստիկանությունը տարածեց հետևյալ հաղորդագրությունը:
«Հունիսի 21-ին, ժամը 01:30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին: Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։ 26-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քննությամբ պարզվել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում, «ՎԱԶ-21015» ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ խուլիգանության համար ձերբակալվածը և Ջերմուկի 2 բնակիչներ ծեծի են ենթարկել մեքենայի տիրոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Այնուհետև նույն երիտասարդը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։
Պարզվել է նաև, որ վիճաբանության 4 մասնակիցներն ընկերներ են, որոնք միասին ոգելից խմիչք էին օգտագործել Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում, այնուհետև վիճել։ Վիճաբանության մյուս 2 մասնակիցները ներկայացվել են քննության։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»։
Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը նախ հերքում է միջադեպը, հետո միայն 3-րդ փորձից ու մամուլում հրապարակումից հետո ներկայացնում, որ Ջերմուկում ծեծկռտուք է եղել, և դրա մասնակիցը ու շտապօգնության վրա հարձակված անձը նույն մարդն է:
Այս հաղորդագրության մեջ, սակայն, կրկին շրջանցվում է այն կարևոր հանգամանքը, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամուլսարի ճանապարհները փակած խմբի անդամների միջև:
Նախ՝ հետաքրքիր է, արդյոք ՀՀ ոստիկանությունը պատրաստվո՞ւմ էր այնուամենայնիվ ներկայացնել այդ միջադեպի մանրամասները, եթե չլիներ 168.am-ի հոդվածը, թե՞ սահմանափակվելու էր հարբած երիտասարդի և շտապ օգնության մեքենայի կեսգիշերային «պատահական անհաջող հանդիպմամբ»:
Ապա, մյուս հարցը, որ առաջանում է, այն է, թե արդյոք այս 3 հայտարարություններին հետևելո՞ւ է 4-րդը, որպեսզի ոստիկանությունը վերջապես հայտնի նաև այն մասին, որ «վիճաբանության մասնակից 4 ընկերներն» Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներկայացուցիչներ են: Չգիտես ինչու, Ջերմուկի ոստիկանությունը համառորեն կոծկում է այն միջադեպերը, որոնք առնչվում են Ամուլսարի շրջափակմանը: Հիշեցնենք, որ նման մի միջադեպ տեղի էր ունեցել նաև տարեսկզբին, որին մենք ևս անդրադարձանք: Այն ժամանակ բախումներ էին տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և ճանապարհ փակողների միջև: Այդ լուրը ոստիկանությունը շտապեց հերքել: Սակայն մեր կողմից դեպքն ապացուցող լուսանկարների հրապարակումից հետո ոստիկանությունից այլևս արձագանք չեղավ:
Հաշվի առնելով այս հանգամանքը, թերևս, այս անգամ էլ ներկայացնենք միջադեպի մի քանի կարևոր մանրամասներ, որոնք հաղորդում են մեր աղբյուրները:
Միջադեպի 4 մասնակիցներն էլ անցած մեկ տարվա ընթացքում ակտիվորեն ներգրավված են եղել Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը: Նրանցից 3-ը դաժան ծեծի են ենթարկել 4-րդին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես ներկայացված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Այս պահի դրությամբ, ըստ մեր աղբյուրների, միջադեպի 2 մասնակիցները բերման են ենթարկվել: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածների թվում է նաև Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ամենաակտիվ մասնակիցներից մեկի՝ Ահարոն Արսենյանի եղբայրը:
Տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ Ջերմուկի ոստիկանությունը, կա՛մ ողջ իրավապահ համակարգը փորձում են կոծկել Ամուլսարի փակ ճանապարհների շուրջ Ջերմուկում արդեն պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը և համայնքում առկա լարվածությունը: Այս հանգամանքը, ինչպես նաև Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի քան մտահոգիչ պետք է լինի Կառավարության համար, բայց Կառավարությունը, ինչպես տեսնում ենք, արդեն մեկ տարի է՝ չի շտապում լուծել խնդիրը:
Հ.Գ. Ի դեպ, սոցիալական ցանցերում ջերմուկցիները քննարկում են այն փաստը, որ Ոստիկանությունը չի հաղորդում այն մասին, որ միջադեպի մասնակիցները ճանապարհը փակողներն են: