Բաժիններ՝

Տավուշցիներն ընդվզումների կգնան, որ իրենց որդիները 4-8 տարով բերդի ճաղեր չտեսնեն

Իջևանում երեկ ուշ գիշերին տեղի ունեցած բախումներից հետո այսօր ոստիկանությունը Իջևանում ու հարակից բնակավայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնում, և ինչպես այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը՝ չի բացառվում, որ այսօրվա ձերբակալությունները  Տավուշի տարբեր  բնակավայրերում նոր ընդվզումներ հրահրեն:

168.am-ի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը նույն վարկածն են պնդում՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ոստիկանների հետ բախումներից հետո իրենց գյուղի տղերքին 4-8 տարի ազատազրկման հոդվածով «տանեն-փակեն բերդերում»:

Նախօրեին բախումներից հետո այսօր Իջևանի կենտրոնում հարյուրավոր մարդիկ են հավաքված, ձերբակալվածների հարազատներն Իջևանի մարզպետարանի դիմաց խմբվել են և պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

«Էնքան մարդ ա  երեկ բախումների մեջ անտեղի եղել, բա էդ փայտի գործ անողներն էլ մեր գյուղացիք են, էստեղ մարդիկ ճանաչում են իրար, կռիվ ա,  հավաքվել են, ոստիկանի հետ  բախումների մեջ են խառնվել, որ էսօր  գնան դատվե՞ն, հա՞:  Մենք մեր երեխեքին էլ գիտենք, իրանց թասիբն էլ:  Թող մարդիկ հասկանան, որ  թշնամու կրակոցի տակ ապրող տավուշցին սոված ա, գործ չունի, երեխուն պահելու ճար չկա: Թող հասկանա, որ Տավուշի դիրքերը պահող զինվորի թիկունքում մենք ենք՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներս,  ոչ թե Երևանի ասֆալտին քայլող ճոռոմախոս պաշտոնյա տղաները: Զինվորը գիշերը մեր տների լույսերն ա տեսնում, հասկանում են, որ մարդ կա թիկունքում,  ու մեջքը պնդացած՝ հսկում են ողջ գիշեր, ինքը երևանցու հայրենասիրական կենացներից չի ոգևորվում, հասկացեք վերջապես»,- բողոքում են բախումներից հետո ձերբակալվածների հարազատները և արձագանքում պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին:

Իջևանցիները ազդված են երեկվա միջադեպից, վիրավորված են, որ չկանոնակարգված խնդիրն ընտանիքներին դատարան  է քարշ տալու:

Նրանք ուղղակի համոզված են, որ երեկվա բախումները ձերբակալություններով չեն ավարտվի, ընտանիքները կընդվզեն, միայն թե՝  իրենց որդիները  չհասնեն բերդի ճաղերին:

«Ոստիկանին դիմադրություն ցույց տվածները  հերթով դատվելու են,  գիտենք,  բախումների մեջ եղած երիտասարդներին հես ա կտանեն,  4-8 տարի կփակեն բերդի ճաղերի ետևում,  բայց թույլ չենք տա, սոված մարդն ա սովածի դարդը հասկանում, Երևանում նստած՝ բնության տեր են զգում իրանց ու չեն ասում՝ մի ճար անենք, էս մարդիկ սահմանի գյուղերը չդատարկեն, աշխատատեղեր ստեղծենք, որ ճար ունենան՝ ապրեն։ Սովածը իրա փրկությունը, մեկ ա, գտնելու ա տարբեր ճանապարհներով»,- ասում է մյուս զրուցակիցը՝  իջևանցի Գալստյան Լյովա պապը և իշխանավորներին առաջարկում, որ  ավելի լավ է հրատապ կանոնակարգեն փայտը դուրս բերելու խնդիրը, հակառակ դեպքում սոված մարդը նույն բանն անելու այլ ելքեր կգտնի:

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել էին հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի ընթացքում բախում էր հրահրվել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև, կան թվով 11 վիրավորներ, նրանք ԲԿ-ներում են:

Այս պահի դրությամբ ձերբակալվածների թիվը հասել է  13-ի, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝  6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Սյուզի Բադոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս