Կառավարության նիստում քննարկվել է Սևանա լճի խնդիրը
«Այսօր Սևանի վիճակը բավական լավ է, այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սևանում, վերջին մի քանի տարիների ընթացքում չի եղել, այսինքն՝ 6.5 մ-ից ավելի, երբ 2018-ին միջինը 2 մ է եղել, այսինքն՝ բավական լավ են որակական մասով ցուցանիշները: Կապտականաչ ջրիմուռների աճը, որ երկրորդ տարին է դիտարկվում, մի քանի գործոնների հանրագումար է, որոնց մեջ կան և՛ բնակլիմայական, և՛ կեղտաջրերի հոսք, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսք, և՛ անասնապահություն, մի քանի գործոններ, որոնք գումարվելով կլիմայական փոփոխություններին՝ ճնշումն էականորեն մեծացնում են, և դրա պատճառով ունենում ենք այս դեպքը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նկատելով, թե այլ երկրներում նույնպես այդ ջրիմուռների տարածում նկատվել է:
Ըստ նրա՝ մինչ օրս միայն գոլորշիացումը եղել է 100 մլն խմ ավելի, 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ են եղել, և 140 մլն խմ քիչ ջուր է մտել Սևան, բայց մակարդակը 2 սմ ավելի է այս պահին՝ ի հաշիվ Արփա-Սևան թունելի, և 30 խմ պակաս ջրառ է իրականացվել, քան անցած տարի այս օրը: Նա հավաստիացրեց, որ Սևանն այս պահին անգամ 1 սմ չի իջել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ հաճախ կան դեպքեր, երբ ջուրը համայնքում կա, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրեր: «Ինչո՞ւ»,- հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պապիկյանի խոսքով՝ չեն ուզում վճարել, թեև երբեմն կարող են լինել օբյեկտիվ խնդիրներ, բայց դրանք լուծելի են: Վարչապետի կարծիքով՝ պետք է ճիշտ ներկայացնել իրավիճակը, որ կառավարությունը ոչ թե չի ուզում անվճար ջուր տալ, այլ 1-2 տարի անվճար ջուր տալու դեպքում 3-րդ տարին ջուր ընդհանրապես չի լինի. «Խնդիրը սրա մեջ է, հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուր չենք տալիս»: Ս.Պապիկյանը նկատեց, որ համակարգում 20 մլրդ դրամ պարտք կա: Վերահսկողական ծառայության պետի ժ/պ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ ուսումնասիրությունները շարունակվում են «Շենիկ» ՋՕԸ-ում՝ Արարատյան դաշտի պատկերն ունենալու համար: Սակայն, ըստ նրա, արդեն 3.6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել և հարուցվել են քրեական գործեր:
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ ընդունված է ասել, որ հուլիսի 20-ից Սևանա լճում լողալու սեզոնը բացվում է, և դիմեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին. «Հիմա ի՞նչ»: Փոխնախարարը զեկուցեց, որ հուլիսի 15-ին 11 տարբեր տարածքներից վերցվել են փորձանմուշներ, և միայն 2-ում նորմայից մի փոքր շեղումներ են եղել. «Կարելի է ասել, որ լճի ինքնամաքրման դինամիկան լավն է, և մենք կարող ենք մեր քաղաքացիներին հորդորել, որ կարող են լողալ լճում»: «Կարճ ասած՝ հանգիստ կարող ենք Սևանա լճում լողալ»,- արձանագրեց Ն.Փաշինյանը՝ քաղաքացիներին կոչ անելով մաքուր պահել տարածքը:
Ն.Փաշինյանը նաև նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում ուժեղացվելու են Սևանում մաքրման հզորությունները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ մոտ օրերս հաստատման համար կառավարություն կգա երկկողմ համագործակցության ծրագիրը, որտեղ Սևանի համար 5 մլն է հատկացված:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ նախագծանախահաշվարկը կկազմվի և Մարտունի, Գավառ, Վարդենիս քաղաքներից կեղտաջրերի հոսքի վրա մաքրման կայաններ կտեղադրվեն: