ՀՀ երեք բարձրաստիճան պաշտոնյաների այցն ԱՄՆ. ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններից

Այս օրերին ՀՀ երեք առանցքային բարձրաստիճան պաշտոնյաներ աշխատանքային այցով գտնվելու են Միացյալ Նահանգներում։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:

ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:

Գրեթե նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 15-20-ը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով ևս լինելու է ԱՄՆ-ում։ Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ:  Իսկ հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է  մեկնում է ԱՄՆ Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը հունիսի 19-ին էր աշխատանքային այց կատարել  Վաշինգտոն, որի   շրջանակում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այդ այցի ընթացքում ՄՆացականյանը հանդիպում էր ունեցել նաև իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո։ ԱՄՆ-ում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել էր նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ուշագրավը հատկապես այս երեք այցերի համընկնումն է և այն հանգամանքը, որ այցերը տեղի են ունենում նախորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում երկու խիստ հայամետ բանաձևերի ընդունումից հետո, որը ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը «պատմական» էր որակել։

Հարկ է նշել նաև, որ այցը տեղի է ունենում հունիսի վերջին Մնացականյան-Մամեդյարով Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, մայիսի 7-ին Երևանում  կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստից հետո, ինչը կարևոր իրադարձություն էր հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Միջոցառմանը մասնակցող ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մի շարք գրասենյակներից: Ըստ մի շարք փորձագետների՝ հանգամանքը, որ Նահանգները Երևան է ուղարկել Քենթին, խոսուն փաստ է։

Մեզ հետ զրույցում բրիտանացի միջազգայնագետ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ դժվար է թերագնահատել այս պաշտոնյաների մակարդակը և այցի կարևորությունը, քանի որ պարզապես պատահական համընկնում ևս դժվար է համարել այս այցերը։ Ըստ նրա՝ սա պետք է դիտարկել ավելի վաղ մեկնարկած ռազմավարական երկխոսության և  հարաբերությունների ներուժի բացահայտման, նոր օրակարգի մշակման տեսանկյունից, քանի որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, թեև չի հայտարարվել արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության մասին, նախանշվում է ժողովրդավարության առաջընթացի մասին, ակնկալիքներ կան, որ ֆինանսավորումը ԵՄ-ից և ԱՄՆ-ից պետք է մեծանա։ «Ընդհանուր առմամբ, կա միտում, որ ֆինանսավորումն աճում է, անկախ քաղաքական կողմնորոշումից, բայց հարաբերությունները պետք է կառուցվեն տարբեր ոլորտներում համագործակցության վրա, ներկա օրակարգն ընդլայնելու վրա, քանի որ միայն աջակցության վրա հիմնված չեն կարող լինել այդ հարաբերությունները»,- ասաց  վերլուծաբանը։ Ըստ նրա՝ հաշվի առնելով Հայաստանի հեռավորությունը Միացյալ Նահանգների շահերի գոտուց, Հայաստանի հնարավորությունները, ԱՄՆ-ը բավականին մեծ կարևորություն և նշանակություն մշտապես տվել է Հայաստանին, ըստ դրա՝ բավականին մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

«Սակայն դա եղել է գերտերության գնահատական հարաբերությունների ներուժի վերաբերյալ։  ԱՄՆ շահերը հասկանալու տեսանկյունից ճիշտ կլինի դիտարկել այն հանգամանքը նաև, որ ԱՄՆ-ում նախարարական հանդիպման ժամանակ պետքարտուղարը չունեցավ հանդիպումներ նախարարների հետ, եղավ մեկ այլ մակարդակի հանդիպում, սա ցույց է տալիս նաև այն կարևորությունը, որն ունի Հայաստանը և այս տարածաշրջանը ԱՄՆ-ի համար։ Բարձրաստիճան հանդիպումները ևս այնքան էլ ակտիվ չեն։ Կարծում եմ՝ հատկապես ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո բոլոր գործընկերները, այդ թվում՝ Վաշինգտոնը, ակնկալում է օրակարգի մշակում Հայաստանի կողմից, հատկապես, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և պետք է հարաբերություններում առաջարկի այն մոդելները, որոնք համատեղելի են Ռուսաստանի հետ համագործակցությանն ու ԵԱՏՄ-ի անդամակցությանը։ Հայաստանը կարող է իր ինդիվիդուալ օրակարգն ունենալ, չնայած գործ ունի գերտերության հետ։ Ըստ իս՝ կարող է շեշտը դրվել առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարի վրա, անվտանգության ոլորտում համագործակցություն, բայց մինչ դա պետք է աշխատել քաղաքական կապերի խորացման վրա։ Հայաստանից հավելյալ ջանքեր են պահանջվում հարաբերությունները տեղից շարժելու համար մի իրավիճակում, երբ Հայաստանը Միացյալ Նահանգների համար ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, Իրանի հարևանը, ԼՂ հակամարտության կողմը»,- ասաց Մաքֆարլեյնը։  Նրա գնահատմամբ՝ դրա համար ներկայումս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը բարենպաստ է, քանի որ կա թուրք-ամերիկյան լարվածություն, իրանաամերիկյան հարաբերություններում սրում և բանակցությունների գնալու պատրաստակամություն։

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կազմը հետաքրքիր է և կարևոր, քանի որ ԱԳ նախարարը պատասխանատու է քաղաքական կապերի համար, փոխվարչապետը՝ տնտեսական, ԱԺ նախագահը՝ խորհրդարանական, և դա կարևոր է՝ հաշվի առնելով Կոնգրեսի դերն ԱՄՆ քաղաքական կյանքում։ Եթե կառուցողական քայլեր չիրականացվեն, այդ օրակարգն ԱՄՆ-ը չի փոխի, քանի որ ԱՄՆ-ը չի փոխել ՀՀ ներքաղաքական փոփոխություններից հետո իր քաղաքականությունը, ԱՄՆ աջակցությունը, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կախված չէ ներքաղաքական փոփոխություններից։ Եթե Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել օրակարգը, ինքը պետք է ջանքեր ներդնի։ Կարծում եմ՝ կա հավելյալ ներուժ այդ հարաբերություններում, և ամեն բան կախված է Հայաստանից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս