«Հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները». Գեղամ Ստեփանյան

Առնվազն ազնիվ չէ իրական ցանկություններն ու նպատակները քողարկել այնպիսի մի զգայուն գաղափարի տակ, ինչպիսին Արցախի և մայր Հայաստանի միավորումն է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանական «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը` անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված ստորագրահավաքին:

«Միացումը բոլորիս նպատակների և իղձերի գագաթնակետն է, դրան մենք ձգտում ենք ազգովի՝ Արցախում, մայր հայրենիքում և Սփյուռքում, և որպեսզի հասնենք դրա իրագործմանը, պետք է լինենք հնարավորինս ճկուն ու զգուշավոր: Ամեն չմտածված ու կարճաժամկետ շահ հետապնդող քայլ կարող է կործանարար լինել»,- նշել է Գ. Ստեփանյանը:

Պատգամավորը կարծում է, որ վերջին օրերին բավականին շատ է խոսվել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության և այդ թեմայով Սամվել Բաբայանի հայտարարությունների մասին: Հիմնավոր փաստարկներով ընդգծվել է, որ այն առաջարկը, որը նախաձեռնող խումբը պատրաստվում է ներկայացնել Խորհրդարանին, իրավական և քաղաքական առումով բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է առաջացնում: Օրեր առաջ հայկական երկու խորհրդարանների պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում և դրան հետևած ճեպազրույցի ժամանակ հայաստանյան գործընկերները ևս բարձրաձայնել են այդ մասին:

«Ինչ վերաբերում է հակաօրինական քայլերի կոչին. նախ որոշակի պարզաբանումներ տանք հանրությանը, թե ինչպիսի ընթացակարգ է սահմանված օրենքով նման դեպքերում: Այսպես՝ ստորագրահավաքի ժամկետը լրանալուց հետո նախաձեռնող խումբը 15-օրյա ժամկետում դրանք ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը ստուգելու համար: Հանձնաժողովն այդ գործառույթը իրականացնելու համար մեկ ամիս ժամկետ ունի, որից հետո միայն նախաձեռնող խումբը կարող է առաջարկը ներկայացնել Ազգային ժողով:

Խորհրդարան մուտք գործելուց հետո «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով առաջարկը, պահանջներին համապատասխանելու դեպքում, 3 օրվա ընթացքում, դրվելու է շրջանառության մեջ: Այդ պահից սկսած պատգամավորներին 30 օր ժամանակ է տրվում գրավոր առաջարկներ ներկայացնելու համար, և դրանից հետո արդեն հարցը կարող է քննարկվել գլխադասային հանձնաժողովում ու մտնել խորհրդարանի հերթական նիստի օրակարգ: Այս ընթացակարգից ցանկացած շեղում արդեն իսկ անօրինական է:

Հասարակական լարվածություն թույլ չտալու, հանրությանը չպառակտելու և կայունություն պահպանելու համար պետք է հեռու մնալ ապակառուցողական հայտարարություններից և օրինականության շրջանակներից դուրս գործողություններից»,- մասնավորապես ասել է «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավորը:

Գ. Ստեփանյանի խոսքով` պարզ է, որ երկիրը ցնցումներից և անկայունությունից զերծ պահելու համար անհրաժեշտ է քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա: Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք շահագրգիռ են օրինական ու ժողովրդավարական ճանապարհով երկրի զարգացմանը, ըստ մեր զրուցակցի, պետք է հիմնավորված կարծիք արտահայտեն և բարձրաձայնեն առկա մտահոգությունները:

«Յուրաքանչյուրին՝ մասնավորապես ստորագրահավաքին միացած քաղաքացիներին, պետք է հասանելի դարձնել առաջարկի էությունը. հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները: Իսկ եթե գաղափարը միացումն է, որին ես խիստ կասկածում եմ, ապա նախաձեռնող խումբը ավելի ճիշտ կաներ, եթե գործընթացը սկսեր Հայաստանում և շարունակեր Արցախում՝ իշխանությունների, հանրային ազդեցություն ու հեղինակություն ունեցող կառույցների և անհատների հետ լայն խորհրդատվություններից»,- եզրափակել է ԱԺ պատգամավորը

Տեսանյութեր

Լրահոս