Թուրքիան՝ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների շեմին. ի՞նչ հնարավորություն է ստանում Հայաստանը

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսից վերածվեց «բազում խնդիրներ բոլոր երկրների հետ»-ի, ինչը մտահոգիչ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությանը և Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների հնարավորությանը, առաջիկա զարգացումներին։

Հիշեցնենք, որ ըստ արևմտյան լրատվամիջոցների, Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ռուս-թուրքական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործարքի պատճառով։ Թեև հունիսի վերջին Ճապոնիայի Օսակա քաղաքում Թրամփ-էրդողան հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ պատժամիջոցներ չեն լինի, օրեր անց մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը նշեց, որ, եթե Թուրքիան ստանա ռուսական արտադրության Ս–400 ՀՕՊ համակարգերը, ապա կենթարկվի իրական և ոչ դրական հետևանքների, որոնցից մեկը F-35 կործանիչների՝ արտադրության ծրագրից դուրս մնալն է։ Օրթագուսը նշել է, որ բոլորն էլ, այդ թվում՝ թուրքական իշխանությունները, գիտեն, որ Կոնգրեսն ընդունել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) ամերիկյան օրենքի շուրջ որոշում, ըստ որի՝ Թուրքիան կենթարկվի պատժամիջոցների, եթե ստանա ռուսական համակարգերը։

Թուրքական «Անադոլու» պետական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի ՊՆ-ից փոխանցել են, որ Թուրքիայի համար նախատեսված Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին մարտկոցի պահեստամասերն արդեն Թուրքիայում են և հուլիսի 12-ին ուղարկվել են մայրաքաղաք Անկարայից ~30-35 կմ հյուսիս–արևմուտք տեղակայված «Մյուրթեդ» (նախկին անունը՝ «Աքընջը») ավիաբազա։

Տարբեր աղբյուրների համաձայն, դեռևս հայտնի չէ, թե 3 մշակված պատժամիջոցային փաթեթներից որն մեկն է կիրառելու Վաշինգտոնն Անկարայի դեմ։

Նշենք, որ ռուս-թուրքական բանակցությունները համակարգերի մատակարարման շուրջ սկսվել էին 2016 թվականի նոյեմբերից։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի՝ ռուսական կողմը պարտավորվում է 2019 թվականից Թուրքիային մատակարարել C-400 ԶՀՀ-ներ։ Գործարքի գինը կազմում է 2.5 մլրդ դոլար։

Սրան զուգահեռ՝ այսօր գերմանական «Deutsche Welle» կայքը հայտնում է, որ Եվրոպական Միությունը հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցների փաթեթը՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված։

Պատժամիջոցներով նախատեսվում է հետևյալը՝ Թուրքիան 2020 թվականին ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն պետք է ստանա, սակայն պատժամիջոցների արդյունքում այդ օժանդակությունը նվազեցվում է 146 մլն եվրոյով: Տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ քաղաքական երկխոսությունները չեղարկվելու են:

Ավիացիոն պայմանագրերի կնքման բանակցություններն ընդհատվելու են: Եվրոպական ներդրումային բանկից Թուրքիային տրվելիք վարկային օժանդակությունը վերանայվելու է:

Որոշման մեջ նշված է նաև, որ, եթե Թուրքիան, Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքները խախտելով, հորատման աշխատանքները շարունակի, ապա հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն:

Չենգիզ Աքթարն ասաց, որ իշխանության վարած չափազանց վատ ներքին, դրանից բխող արտաքին քաղաքականությունը հանգեցրեց մի վիճակի, երբ Թուրքիան կանգնած է պատժամիջոցների շեմին թե ԵՄ-ից, թե ԱՄՆ-ից՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ունենալով խնդիրներ գրեթե բոլոր հարևանների հետ։ Նրա որակմամբ՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում Ս400-ների գործարքի պատճառով լուրջ խնդիրներ են ստեղծվելու․ որոնք պետք է կանխատեսելի լինեին Թուրքիայի իշխանությունների համար, քանի որ ԱՄՆ-ը այդ գործարքի վերաբերյալ իր կարծիքը տարբեր պաշտոնյաների և կառույցների կողմից բազմիցս ներկայացրել էր։ Ըստ Աքթարի, ռուս-թուրքական գործարքն այնպես ընթացավ, որ Թուրքիայի նախագահը չկարողացավ դրանից հրաժարվել, երբ արդեն ակնհայտ էր, որ խնդիրները կարող են նույնիսկ անդառնալի լինել, այդ ժամանակ արդեն գումարները վճարված էին, գործընթացը սկսված էր։

««Զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսը տապալած իշխանությունը բազմիցս էր որպես փաստարկ բերում այն, թե արդյոք ԱՄՆ-ը որևէ կերպ արձագանքել է Հունաստանի կողմից Ս300-ների ձեռքբերման գործարքին, ապա իրենք ինչու պետք է հրաժարվեն իրենց ծրագրերից, անկախ ՀՕՊ ունենալու ցանկությունից, թեև լինելով ՆԱՏՕ-ի կազմում՝ Թուրքիային անհրաժեշտ չէ այդ ուղղությամբ որևէ քայլ իրականացնել։ Այնուամենայնիվ, հիմնական բացատրությունն արտաքին վտանգի՝ Հունաստանի ուղղությունից էր, ինչը քիչ հավանական է։ Հետո տապալվեց նաև ամերիկյան հակահրթիռային Patriot համակարգ ձեռք բերելու ծրագիրը։

Կարծում եմ՝ այս ամենը կունենա հետևանքներ և Թուրքիայի, և ԱՄՆ-ի համար, քանի որ առաջին հերթին՝ հարվածի տակ են հայտնվելու քաղաքական հարաբերությունները, առևտրատնտեսական հարաբերությունները, շուկաներ են կորելու։ Այս հարցում երկու կողմերի դիրքորոշումներն այնքան կարծր են եղել, որ կարծում եմ՝ կլինեն պատժամիջոցներ, և հարաբերությունները կգնան սրման ուղղությամբ։ էրդողանը չի կարող զիջել իր կարծր դիրքորոշումը, և սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար»,- ասաց Չենգիզ Աքթարը։ Նա շարունակեց նաև, որ այս ամենի ֆոնին շարունակվում է Թուրքիայի անփոփոխ քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ, սահմանները շարունակում են փակ մնալ, որը այս իշխանության արտաքին քաղաքականության միայն մի փոքր բաղադրիչն է, և այսօր ամենաետին պլանում է հայտնվել նման մեծ խնդիրների կողքին։

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Հայաստանը դիվանագիտական հնարավորություններ կստանա ավելի ակտիվորեն աշխատել Արևմուտքում հայկական շահերն առաջ մղելու տեսանկյունից։ «Խոսքը և ԼՂ հակամարտության կարգավորման մասին է, և հայ-թուրքական հարաբերությունների։ Այս երկու հարցում էլ Թուրքիան ուրույն դերակատարություն ունի։ Բնականաբար, նման իրավիճակը, եթե պարզունակ խոսենք, բազում հնարավորություններ է տալիս Հայաստանին, հատկապես, երբ վերջերս Կոնգրեսում հայանպաստ բանաձևեր հաստատվեցին։ Հայաստանը կարող է ակտիվացնել իր լոբբին Արևմուտքում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԼՂ հակամարտության բանակցային սեղանին որոշակի հաջողությունների համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս