Բաժիններ՝

Լենա Նազարյանը՝ համացանցում բռնաբարությունների թեմայով «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասին

«Ազգային ժողովի և կառավարության անելիքը, մեծ հաշվով, հենց Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանք լուծելու, հետագայում կանխելու նպատակով քաղաքականություններ մշակելն է»,- այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության կազմակերպած կանանց խնդիրներին նվիրված քննարկմանը նշեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Տեղեկացնենք, որ քննարկում-հանդիպման ժամանակ ամփոփում էին նախարարության աշխատակիցների աշխատանքները.  նրանք  շրջել են 10 մարզերով, ծանոթացել կանանց խնդիրներին:

Լենա Նազարյանն իր ելույթում ոչ անվանական անդրադարձավ նաև վերջերս համացանցում իրարամերժ գնահատականների արժանացած  «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումներին:

«Ցավոք, մեզնից ոմանք հաճախ պատրաստ չեն այսպիսի պարզ, բայց միաժամանակ բարդ ճանապարհին, իրական խնդիրներին առերեսվելուն՝ հատկապես, երբ դրանք լռեցված են, կամ նույնիսկ, երբ դրանք բարձրաձայնվում են:

Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության խնդրի հանրային քննարկումների ժամանակ: Նույնիսկ, երբ կանայք, թեկուզ՝ ուշացումով, թեկուզ՝  անանունության պայմանով, սակայն որոշում են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների՝ բռնությունների մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է, միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու: Մենք, սակայն, այս խնդիրներն անտեսելու իրավունք այլևս չունենք, որքան էլ դրանք ցավոտ լինեն ու մեր հասարակությանն անհարիր, մենք պետք է քաջություն ուենանք առերեսվել դրանց»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ կանանց խնդիրները տասնյակ տարիներ անտեսված են եղել:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքում անանուն մարդիկ, #բռնության ձայնը հեշթեգով, լրագրող Լյուսի Քոչարյանին պատմում են իրենց հետ կատարված պատմությունները, իսկ վերջինս էլ հրապարակում է դրանք: Նրան մեղադրում էին բռնաբարությունների այդ պատմությունները հորինելու և հատուկ նպատակով տարածելու մեջ։

Եթե կային մարդիկ, ովքեր կարեկցում էին հրապարակման հերոսներին, գտնվեցին նաև մարդիկ, ովքեր կասկածի տակ դրեցին նամակների իսկությունը և պահանջեցին քրեական գործեր հարուցել դեպքերի մասով:

Այս ֆլեշմոբի հասցեին միանշանակ չէր նաև  Լենա Նազարյանի գործընկեր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գնահատականը, ով լրատվամիջոցների հետ զրույցում մասնավորապես նշել էր.

«Հստակ է, որ կա երկրում բռնություն, դա որևէ մեկը եթե հերքի, այդ մասին ես ինքս կասեմ, որ ապատեղեկացված է և հերքում է, բայց մասսայական նկարագրել, որ ամբողջ հանրապետությունը սեռական բռնության է ենթարկվում, դա ուղղակի անթույլատրելի է, և էպիզոդները չի կարող որպես ազգի նկարագիր ներկայացնել»:

Լենա Նազարյանն իր խոսքում նշեց, որ պետք է ունկնդրել խնդիրները կրողներին ու մշակել հասցեական քաղաքականություններ, ապա հանդիպմանը ներկա մասնակիցներին վստահեցրեց, որ ի դեմս իրեն՝ ունեն հանձնառու գործընկեր, ով հետևողական աշխատանք է տանում խնդիրներին լուծում տալու համար:

 

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս