«Ուկրաինական մի ֆրակցիա 2016թ. նույնկերպ փորձ արեց պառլամենտում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, սակայն չստացվեց». Տիգրան Քոչարյան
Հայաստանի իշխանությունները և Եվրոպայի խորհուրդը հուլիսի 3-ից սկսել են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի մեկնարկը։ Վերջինս իրարամերժ գնահատականների արժանացավ հասարակական, քաղաքական ու մասնագիտական տարբեր շրջանակներում:
Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ համացանցում մեկնարկեց «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ. մարդիկ #բռնության ձայնը հեշթեգով պատմում էին իրենց հետ կատարված բռնության, բռնաբարության դեպքերի մասին՝ անանունության սկզբունքով: Կարծիքներ հնչեցին, թե ֆլեշմոբը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար օրակարգ ստեղծելու նպատակով էր արվել:
Թեմային անդրադառնալով մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Հենց լուրեր շրջանառվեցին, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հնարավոր է տեղափոխվի սեպտեմբեր, բռնաբարությունների հոսքը դադարեց։ Ահա այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանայիք Հայաստանում կեղծ օրակարգերի ստեղծման և առաջխաղացման մասին ։)»։
Ի՞նչ նպատակներով են ստեղծվում օրակարգերը՝ մեդիափորձագետը մանրամասնեց 168.am-ի հետ զրույցում.
«Տարբեր օրակարգեր տարբեր հարցերի լուծման համար են ձևավորվում: Օրակարգեր կան, որոնք հատուկ ձևավորվում են ինչ-որ օրենքի ընդունման համար համապատասխան միջավայր ստեղծելու, ֆոն ստեղծելու նպատակով: Սա արդեն երկրորդ դեպքն է.
«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունման ժամանակ, համապատասխան ֆոն ստեղծվեց, բոլորը սկսեցին ընտանեկան բռնությունից խոսել ու, չգիտես ինչու՝ ինչ-որ մեկն իր կնոջը «լրիվ պատահական» սկսեց ծեծել ակտիվիստի աչքի առաջ: Նույնն էլ հիմա է կատարվում՝ կոնվենցիայի ընդուման համար համապատասխան ֆոն է ապահովվում»:
Նա հավելեց, որ այս ակցիան 2016 թվականի ուկրաինական նմանատիպ ակցիան է հիշեցնում.
«Հուզիչ պատմությունները ֆոն ստեղծեցին, և ուկրաինական մի ֆրակցիա փորձ արեց պառլամենտում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչը չստացվեց»:
Տ. Քոչարյանը նշեց, որ Հայաստանում, ինչպես շատ երկրներում, կան բռնության դեպքեր, բայց դրանք ազգին վերաբերող պիտակ չպիտի դարձնել. «Այնպես միանգամից սկսեցին, որ պարզ էր՝ հետևում ինչ-որ նպատակներ կային, ու ԱԳՆ տեղակալն էլ երբ հայտնեց, որ պետք է վավերացվի, արդեն պարզ դարձավ, թե ամբողջ աղմուկն ինչի համար էր»:
Հարցին, թե արդյո՞ք այս խնդրով ճնշումներ կան իշխանությունների վրա, մեր զրուցակիցը նշեց, որ բոլոր երկրների համար, ովքեր ուզում են մտնել ԵՄ կամ հարաբերություններ հաստատել, դա պարտադիր փաթեթ է, որը պիտի երկրներն ընդունեն:
«ՌԴ-ն և Ադրբեջանը դեռ չեն ստորագրել, և ևս 11 երկրներ չեն վավերացրել՝ տարբեր պատճառաբանություններով: Նախորդ իշխանություններն ասում են՝ իրենք ստորագրել են, բայց ինչպես պնդում են՝ չէին պատրաստվում վավերացնել. հավատալ-չհավատալն այլ հարց է, սակայն դա չի նշանակում, որ այս իշխանությունը, որ եկել է նախորդներին մերժելու սկզբունքով, հիմա պետք է շարունակի նախորդների գործը»:
Զարուհի Դիլանյան