«Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին
Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի կրակին հանձնված երկրորդ իտալացին.
Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է։ Պատկերացնո՞ւմ եք, Վենետիկի հանձնաժողովը համարձակություն է ունեցել երկրում ստեղծված դատաիրավական բեսպրեդելի շուրջ իր տեսակետը հայտնել, այն էլ՝ բավականին կոշտ շեշտադրումներով։ Ի դեպ, ես դեռ մեկ ամիս առաջ քանիցս զգուշացնում էի, որ իրավական պրոցեսների քաղաքական այս գեներացիան անարձագանք չի մնալու Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ դա միանգամայն բնական էր, քանզի բացառապես փորձագիտական այդ կառույցը հեռու է բոլոր տեսակի եւ գույնի հեղափոխական էյֆորիաներից եւ իրենց համար կա մեկ «էյֆորիա»՝ օրենքը։ Եւ քանի որ արդեն իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ եւ նրանց կից վերլուծաբաններ սկսել են Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի «վեթթինգի» գործընթացը, առաջարկելով վերջինիս՝ քիթը չխոթել Նոր Հայաստանի գործերի մեջ, ես առաջարկ ունեմ.
որպեսզի հայաստանյան քաղաքական եւ վերլուծական էլիտան Բուքիքիոյին չենթարկի երկարատեւ կտտանքների, դրսեւորել մարդասիրական մոտեցում եւ Բուքիքիոյին այրել միանգամից։ Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի երկրորդ իտալացին, ով իր գաղափարների համար կհանձնվի կրակին։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն ինձ մոտ վատ դեժավյուի տպավորություն են թողնում։ Հիշեցնեմ, որ հանրապետականներն էլ, հենց միջազգային որեւէ կառույցի հայտարարություն իրենց սրտով չէր, անմիջապես լուրջ տեսքով ազգին բացատրում էին, որ միջազգային այս կամ այն կառույցի եզրակացությունն ընդամենը խորհրդատվական բնույթն ունի եւ կատարման իմպերատիվ պահանջ չի դնում։ Իսկ եթե հանկարած, դե, պատահաբար, այդպես էլ է եղել, միջազգային որեւէ կառույցի գնահատական պոզիտիվ էր լինում, այն անմիջապես դառնում էր մեր երկրորդ Աստվածաշունչը։
Սա ուղղակի նողկալի է։ Եւ ամենացավալին այն է, որ Վենետիկի հանձնաժողովին սխալ հանելու գործին լծվել են նաեւ մարդիկ, ում համարել ես անաչառ եւ ազնիվ։
Ինչեւէ, առաջարկս ուժի մեջ է՝ այրենք Բուքիքիոյին, բայց այրելուց առաջ մի թեթեւ հիշենք, որ երբ 2001 թվականին Հայաստանը անդամակցում էր Եվրոպայի Խորհրդին, մենք ստանձնել ենք հանձնառություն՝ հետեւել եւ կատարել Վենտիկի հանձնաժողովի հանձնարարականները»: