«Դատական համակարգում ընդհանուր բարելավում եմ նկատում». Արա Ղազարյան

Բարձրագույն դատական խորհուրդը գրեթե ձևավորված է, միայն մեկ թափուր հաստիք է մնացել, որի համար թեկնածություն ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը պետք է առաջադրի առաջիկա օրերին, իսկ ընտրությունն արդեն կկայանա սեպտեմբերին: 168.am-ը փաստաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեց՝ գո՞հ է արդյոք ԲԴԽ այս կազմից:

«Դժվարանում եմ ասել, կան պրոֆեսիոնալ դատավորներ, բայց այդ հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել»,- ասաց Ա.Ղազարյանը:

Ըստ նրա՝ բոլորն էլ ծառայել են նախկին իշխանություններին, օրինակ՝ Նախշուն Տավարացյանը «Ա1+»-ը փակող դատավորն է եղել: Բայց միևույն ժամանակ, նկատեց Ա.Ղազարյանը, դատավորներն անկախ չէին այն ժամանակ:

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք նախկինում ոչ անկախ գործած դատավորներն այսօր անկախ գործել, փաստաբանը պատասխանեց. «Ունենք դեպքեր, շատ կան դատավորներ, որ անկախ որոշումներ են կայացնում: Դա դատավորի անձից ու նրա անցած ճանապարհից է կախված: Ես ընդհանուր բարելավում եմ նկատում, այդ միտումն առկա է»:

Դիտարկմանը, որ ներկայիս իշխանությունները պնդում են, որ, թեև իրենք չեն զանգում դատավորներին և հրահանգում, այնուամենայնիվ, դատավորները զանգեր են ստանում նախկին իշխանության ներկայացուցիչներից, Ա.Ղազարյանը նշեց, որ ամեն մարդ իր փորձառությունից ելնելով է ասում. «Ես էլ իմ գործերից ելնելով եմ ասում՝ և՛ կալանքի, և՛ խափանման միջոցի, և՛ գույքային մասով, տենդենցը դրական եմ տեսնում: Այնպես չէ, որ բարելավում չկա»:

Թե կկարողանա՞ արդյոք այս կազմով ԲԴԽ-ն վեթինգ իրականացնել, փաստաբանը նշեց, որ ինքն ի սկզբանե դեմ է վեթինգին, բայց վեթինգ իրականացնողները նախ պետք է մասնագիտացված լինեն, հատուկ դասընթացներ անցնեն, լինեն մարդիկ, որոնք դրա մասնագետներն են. «Սոսի Թաթիկյանը, որ Աֆրիկայում մասնակցել է վեթինգի, նույնիսկ ծրագրեր է մշակել, նա առաջ էր տանում թեզ, որ դա առանձին մարմին պետք է լինի, ոչ թե դատական մարմին լինի: Այդ գաղափարը հատուկ ունակություններ ու մասնագիտական պատրաստվածություն է պահանջում»:

Ա.Ղազարյանի կարծիքով՝ վեթինգ իրականացնելու համար նախ հայեցակարգ է անհրաժեշտ, որը չկա: Ըստ նրա՝ վեթինգի հիմքում պետք է դրվի ոչ թե գույքային միջոցով անձին ճանաչելը, այլ արժեհամակարգը, բարեվարքությունը:

Դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վեցամսյա գործունեությունն ամփոփելու ժամանակ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չօգտագործեց «վեթինգ» բառը, այլ խոսում էր «բարեվարքության» մասին, Ա.Ղազարյանը պատասխանեց. «Լավ է, գոնե այդ գաղափարն ամրագրվել է, բայց դա այնքան բարդ է լինելու, ու այնպիսի մասնագետներ են անհրաժեշտ, որ դեռ չկան: Առնվազն մի տարի կպահանջվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս