«Նպատակաուղղված քաղաքականություն է վարվում՝ ապակայունացնելու իրավիճակն Արցախում». Վիգեն Հակոբյան

Որոշ քաղաքական ուժերի և գեոքաղաքական որոշ շրջանակների կողմից նպատակաուղղված քաղաքականություն է վարվում ապակայունացնելու իրավիճակը Արցախում:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախյան վերջին զարգացումներին և օրերս Արցախի ԱԱԾ տարածած հայտարարությանը, որով արձանագրվում է, որ իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգու­թյունները, հակասահմանադրական քայլերը կանխելու համար:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ ապակայունացման քաղաքականությունը քողարկված է նախահագահական և խորհրդարանական ընտրությունների պատրվակով.

«Կարծում եմ, որ ապակայունացման հստակ նախադրյալներ արդեն երևում են, ավելին՝ կան մեսիջներ, որ լինելու են նաև զանգվածային միջոցառումների միջոցով ճնշումներ՝ գործադրելով ինչ-որ հարցեր լուծելու փորձեր:  Այս ֆոնին,  որպես արձագանք այդ մեսիջներին՝ հնչեց նաև Արցախի Հանրապետության ԱԱԾ հայտնի հայտարարությունը. ակնհայտ է,  որ փորձ է արվելու ապակայունացնել իրավիճակը, և իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի նման ապակայունացում թույլ չտան»:

Մեր հարցին, թե որտեղ  են այդ ուժերը, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը, արդյո՞ք  նաև  Հայաստանից ինչ-որ քաղաքական ուժերի մասնակցության մասին է խոսքը, Վ. Հակոբյանը պատասխանեց.

«Տվյալ պարագայում դա ավելի շուտ Արցախի ինչ-որ ուժեր են, որոնք ավելի շատ խաղում են արտաքին դաշտում կամ արտաքին դաշտի խաղացողների պատվերով և Արցախի հակամարտության կարգավորման այս ֆոնին ՝ թուլացնելով, ըստ էության,  թե՛ Արցախի, թե՛ ընդհանուր առմամբ հայկական կողմի դիրքերը, բանակցային ռեսուրսները:

Իսկ եթե իրոք կան խաղացողներ Հայաստանից, ովքեր փորձում են ապակայունացման մեթոդով ներգրավվածություն ունենալ  արցախյան ներքաղաքական զարգացումներին, ապա դա առնվազն, մեղմ ասած, անխոհեմություն է: Այսինքն՝ հույս ունենալ, որ կարելի է ներքին որոշակի տարաձայնությունները  ապագա ընտրությունների հետ օգտագործել ինչ-ինչ հարցեր լուծելու համար, կամ որոշ քաղաքական ուժերի թուլացնելու համար, դա բավականին ռիսկային քայլ է, և ես չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը նման քայլի կարող է գնալ, որովհետև  դա շատ դժվար հաշվարկելի ու ռիսկային քայլ է»:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր.

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:

ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս