Բաժիններ՝

«Ինքս անունը չեմ տալիս, քանի որ գտնում եմ, որ մեկ անգամ իրենք պետք է արդար գտնվեն ու ասեն, որ զանգ եղել է». Բորիս Մուրազի

Ամիսներ առաջ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գևորգ Բալյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դատական հայցը՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին, ընդունել էր վարույթ։

Խոսքն այն հրապարակումների մասին է, որոնցում Politik.am կայքը գրել էր, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատավայրում մարիխուանա է օգտագործել։

Դրանց արձագանքել էր Տիգրան Ավինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Սիրելի՛ ընկերներ,

Վստահ եմ, բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում։

Սակայն պետք է հստակորեն տարբերակել հանրությանը տարբեր թեմաների վերաբերյալ իրազեկող և իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթ կատարող մամուլը՝ հերյուրանքներ և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն տարածող ռեսուրսներից։

Վերջերս նմանատիպ կայքերից մեկում «անհերքելի» տեղեկատվություն հայտնվեց իմ մարիխուանա ծխելու մասին։

Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։

Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղվելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»։

Անդրադառնալով իր դեմ դատական հայց ներկայացնելու՝ փոխվարչապետ Ավինյանի մտադրությանը՝ Բորիս Մուրազին ավելի ուշ գրել էր. «Ինչու որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը:
Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին:

Հարցումս տեսել եմ ես և, ենթադրում եմ, գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ, ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ), ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը, բնականաբար, ես մերժում եմ նրա խնդրանքը:

Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունն առավել քան ճիշտ էր, ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր, և հրապարակում եմ այն: Իհարկե, այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չեմ համարում: Այսքանից հետո էլ որոշ մարդիկ կարող են բացել իրենց կեղտոտ բերանները՝ ազգային պատկանելությանս և անձիս վերաբերյալ: Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ, որ ճիշտ եմ, իսկ հաճելի դիմագծերով փոխվարչապետին դատարանում սպասվում են անակնկալներ՝ նա ամբողջապես մեր սցենարով է շարժվում:

Հ.Գ. Ի դեպ, երիտասարդ փոխվարչապետը ստիպված կլինի փորձաքննություն անցնել՝ դա օրենքի պահանջն է։
Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին»։

Ինչևէ, հայցադիմումը վարույթ ընդունվեց, գործը քննվեց, և ահա, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, հուլիսի 3-ին դատարանը՝ դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել հայցվորի պահանջը։

Դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանին՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Նշենք, որ Բորիս Մուրազի Թամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատարանի վճռին: Նա, մասնավորապես, գրել է.

«Արարատի մարզի դատարանն ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել՝ ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է, ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումն իրականություն է եղել: Վաղը՝ առավել մանրամասն»։

168.am-ի հետ զրույցում Բորիս Մուրազին նույնպես պնդեց, որ համաձայն չէ կայացված վճռի հետ։

«Վճիռը միանշանակ բողոքարկելու ենք, քանի որ ակնհայտ էր մարզային դատավորի կաշկանդվածությունը։ Դատավարության ընթացքում հայցվոր կողմի փաստաբանն իր կեցվածքով առավել նման էր դատավորի, և հենց ինքն էր իրավիճակ թելադրողը, իսկ դատավորն ամեն կերպ հետևել է հայցվոր կողմի փաստաբանի ռեակցիային»,- նշեց Politik.am-ի խմբագիրը՝ շեշտելով, որ դատարանի որոշումը, բացի տուգանքի չափից, կրկնում է հայցի բովանդակությունը։ Այսինքն՝ հայցը ներկայացված է՝ որպես դատարանի վճիռ։

Մեր հարցին, թե ի՞նչ հակափաստարկներ է դատավարության ընթացքում՝ ապացույցների հետազոտման փուլի ժամանակ, ներկայացրել հայցվոր կողմը, Բորիս Մուրազին ասաց. «Դատարանին որևէ ապացույց՝ ներկայացված մեր կողմից, հետաքրքիր չի եղել։ Իսկ հայցվոր կողմի վրա ապացուցողական որևէ պարտականություն չի դրվել։ Դատարանը նաև չի անդրադարձել այն փաստերին, որոնք մենք ներկայացրել ենք, այն է՝ որ Ավինյանը ոչ արժանապատիվ է համարում  բան, որը պրոպագանդել են իր թիմակիցները, ավելին՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը մարիխուանա պահելու համար ձերբակալվել է 2017 թվականին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարիխուանայի օգտագործման անբարո համարելը համարել է փարիսեցիություն»։

Բորիս Մուրազին, ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք դատարանի վճռով հերքման տեքստ որոշվել է տպագրել, թե՞ ինքը պետք է հեղինակի ու կայքում՝ որպես հերքում, հրապարակի, կայքի խմբագիրն ասաց, որ ինքը հերքման տեքստ չի գրի իր կողմից։

«Եթե Ավինյանի գրասենյակը հերքում կփոխանցի մեզ, կհրապարակենք, բայց դա չի նշանակի, որ մենք համարում ենք, որ մեր հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Մենք հերքումը կհրապարակենք, քանի որ այդպես է պահանջում ԶԼՄ-ների մասին օրենքը»,- ասաց Բորիս Մուրազին։

Վերջինս նաև նշեց, որ իր համար ակնհայտ է, որ դատավորը կաշկանդված էր։ Հատկապես, երբ խոսակցություն է գնում վեթինգի մասին։

«Շփվել եմ մարդկանց հետ, որոնք կապ ունեն դատարանի հետ, և ըստ նրանց՝ դատավորն այլ որոշում չէր էլ կարող կայացնել, քանի որ հակառակ պարագայում՝ խնդիրներ կարող էր ունենալ։ Ես, իհարկե, միանշանակ չեմ պնդում, որ այդպես էր, բայց ինքս էլ որոշակի կասկածներ ունեմ»,- նշեց խմբագիրը։

Երեկ գիշերը Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում ևս մի գրառում էր կատարել՝ դրանում նշելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։

Նա մասնավորապես գրել էր. «Վարագ ջան, հիմա, երբ կա դատարանի որոշում, կհենվես արդարությանդ վրա ու կընդունե՞ս, որ ձեր գրասենյակից միջնորդություն է եղել, որ չհրապարակեմ Ավինյանի մարիխուանա ծխելու մասին լուրը»։

Իր այս գրառումը մեկնաբանելու՝ մեր խնդրանքին ի պատասխան՝ Բորիս Մուրազին ասաց. «Եղել է միջնորդություն, որպեսզի ես չհրապարակեմ մարիխուանայի մասին տեղեկատվությունը, և հենց այս հանգամանքը և հարցմանն արագ չպատասխանելու փաստը հաշվի առնելով՝ հրապարակել եմ այդ տեղեկատվությունը։ Հարցումն ուղարկել եմ միայն Վարագ Սիսեռյանի և Ավինյանի մամուլի խոսնակի հասցեներին. դրա համար էլ վստահ եմ, որ իրենք գիտեն, թե ով է միջնորդել։ Ինքս անունը չեմ տալիս, քանի որ գտնում եմ, որ մեկ անգամ իրենք պետք է արդար գտնվեն ու ասեն, որ զանգ եղել է»։

Լուսանկարը՝ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս