«Հրաժարական միշտ էլ կարելի է տալ, բայց պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք կա…». Գևորգ Դանիելյան
Դատական համակարգի խնդիրներին, այս համակարգի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» համաժողովի ժամանակ անդրադարձավ Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Ո՞վ կարող է ասել, որ դատական իշխանությանը վստահո՞ւմ են, թե՞ ոչ, և ինչ չափով են վստահում։ Եթե որևէ մեկին հարցնենք, թե ո՞վ է իրավասու ասել, թե դատական համակարգի նկատմամբ վստահությունն ինչպիսին է, կդժվարանաք պատասխանել։ Բայց բոլորդ երևի թե շատ լավ ընդունում եք՝ որպես իրողություն, օրինաչափություն, որ այդ մասին խոսում են գործադիր, օրենսդիր իշխանությունից, ոչ միայն խոսում, այլև պահանջներ են ներկայացնում հրաժարականների տեսքով»,- նշեց Գ. Դանիելյանը:
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ նա խոսեց իր հրաժարականին նախորդած ժամանակահատվածի մասին: Հիշեցնենք, որ նա ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն էր Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո. «Ես, անկեղծ ասած, երբ լսեցի, որ մի քանի երիտասարդ պատգամավորներ մեր հրաժարականն են պահանջում, ես այդ օրը պատրաստվում էի հրաժարական տալ, բայց մտածեցի՝ մի փոքր համբերել։ Հրաժարական միշտ էլ կարելի է տալ, բայց պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք կա»:
Արդարադատության նախկին նախարարը հիշեցրեց նաև իր հայտարարությունը. «Հարգելիներս, դա ձեր կարգավիճակից չի բխում, դուք խախտում եք օրենքը։ Երբ հանդարտվեց ամեն ինչ, մտածեցի՝ ա՛յ հիմա կարելի է հրաժարական տալ»։
Նա չհերքեց, որ դատական համակարգում խնդիրներ կան, և իրեն այդ մասին հայտնի է ոչ միայն նախարարի պաշտոնում աշխատելու տարիներին, այլ Դատախազությունում 20 տարիների աշխատանքի ասպեկտով, ապա հավելեց, որ այդ խնդիրները մեկ-երկու օրվա լուծելի խնդիրներ չեն. «Դատական համակարգն իսկապես անկախության կարիք ունի, և պատահական չէ, որ միջազգային փաստաթղթերն առաջին հերթին նշում են անկախ դատական համակարգի կարևորությունը»:
Գ. Դանիելյանն իր խոսքում ընդգծեց նաև, որ դատարանների նկատմամբ վստահության վերաբերյալ որևէ արտահայտություն գործադիր իշխանությունից չի կարելի անել. «Սա անթույլատրելի է: Եթե անգամ ասում եք, որ շատ ենք վստահում, սա էլ է անթույլատրելի, դրա համար կան անկախ փորձագետներ»:
Զարուհի Դիլանյան