Բաժիններ՝

«20 հազար դոլարն այն գումարը չէ, որ «ճնշում» դիտարկվի». Արամ Մանուկյան

Գազի գնի շուրջ բանակցությունները չի կարելի ոչ մի կերպ «գազային պատերազմ» անվանել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 10 մլն դրամով (շուրջ 20 հազար դոլար) տուգանելը որևէ կերպ չի կարելի դիտել՝ որպես ճնշում։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին գազային հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Գազային պատերազմ. Հայաստանը գրոհել է «Գազպրոմը»» վերտառությամբ ռուսական «Газета.Ru» կայքի հրապարակմանը:

Ըստ նրա՝ 20 հազար դոլարն այն գումարը չէ, որ «ճնշում» դիտարկվի. «Ծովի մեջ կաթիլ է, անգամ կաթիլ էլ չէ՝ հաշվի առնելով այն շրջանառությունը, ծավալներն ու եկամուտը, որ գազի հետ է կապված։ Դա զրոյին ձգտող թիվ է, դա բացարձակ չի կարող դիտարկվել ճնշում։ Եվ երկրորդ՝ ի՞նչ ճնշման մասին է խոսքը, երբ ռուսական գազի բոլոր օղակները ռուսական են, այստեղ Հայաստանի ու ՀՀ կառավարության հարց որոշելու չափաբաժինը շատ քիչ է, փոքր ու նվազ։ Ես այդտեղ բացարձակ քաղաքական էլեմենտ չեմ տեսնում։ Եվ չեմ տեսնում Ռուսաստանի դեմ քաղաքական քայլեր անելու միտում, մոտիվացիա։ Չկա նման բան»։

Դիտարկմանը, որ ռուս փորձագետները պնդում են, թե հնարավոր չէ՝ ռուսական գազի գինն ավելի էժան լինի, և օրինակ են բերում, որ Վրաստանն ադրբեջանական գազը գնում է 200-215 դոլարով, Թուրքիան՝ 290, Իրանն էլ իր գազը Թուրքիային վաճառում է 300-400 դոլարով, Ա.Մանուկյանը նշեց, որ դրսում մեղավորներ փնտրելը շատ հեշտ է. «Սահմանին գազի գինը, որով Հայաստանը ձեռք է բերում այն, նորմալ է։ Ես խորհրդարանում միշտ խոսել եմ սահմանից այս կողմ գնի մասին, որ, եթե այստեղ տնտեսական լավ հաշվարկ լինի, խնայողության ռեժիմ, տնտեսություն պահելու ռեժիմ, հոգատար, մտահոգ մարդու մոտեցում լինի, Հայաստանի ներսում՝ սահմանից դեպի սպառողը, հնարավոր է գինն իջեցնել։ Եվ պետք չէ ուրիշ տեղ մեղավորներ փնտրել, պատժել և այլն։ Եթե Հայաստանը ցանկանա, ապա ներսում՝ ռեսուրսների խնայողություններ, աշխատակազմ, մասնակցություն, շահույթ, դրանց վրա կարելի է հանգիստ հաշվարկներ անել և քաղաքացու համար, իսկ մեր խնդիրը քաղաքացուն էժան գազ հասցնելն է, առնվազն 20 դոլարով գազի գինն իջեցնել։ Դրա հնարավորությունը միշտ կա, և դա զուտ լավ տնտեսվար լինելու արդյունք կարող է լինել»։

Թե ո՞րն է քաղաքական շարժառիթը, որ ռուսական լրատվամիջոցը նման սուր վերնագրով հրապարակում է արել այս ժամանակաշրջանում, Ա.Մանուկյանը պատասխանեց, որ քաղաքական որևէ բան չի տեսնում։ Նրա կարծիքով՝ քաղաքական կարող է լինել, եթե սահմանին 150 դոլարը դառնար 250 դոլար, և դա կարելի էր հանգիստ, առանց մեկնաբանելու ֆիքսել՝ որպես քաղաքական։ Սակայն, ըստ նրա, թեև այս տարեսկզբից սահմանին 150 դոլարը դարձավ 165 դոլար, բայց ՀՀ կառավարությունը սպառողի համար գինը թողեց նույնը։

«Եթե դառնար 250 դոլար, հաստատ կարելի էր ասել՝ քաղաքական է։ Գիտեք, մենք իզուր ենք փորձում մեղավոր գտնել այնտեղ, որտեղ այդ մեղավորը չկա։ Անգամ 165-ի դեպքում կարելի է ներսում հանգիստ կարգավորել խնդիրները։ Ի վերջո, մեր խնդիրը քաղաքացին է, սպառողը։ Ո՞վ է խանգարում կարգավորել, հատկապես՝ գազային հանձնաժողովն աշխատեց ու այդքան նյութ տվեց, թե որտեղ կարելի է խնայողություն իրականացնել ու էժանացնել։ Հարցն այն է, որ և՛ այստեղ, և՛ Ռուսաստանում գտնվում են մարդիկ, որոնք չեղած տեղն էլ են ուզում քաղաքականություն գտնել, քաղաքականություն փորփրել։ Գազը, մեծ առումով, կարող է լինել քաղաքական, և մշտապես այդպես է, բայց կրկնեմ, այս գների սահմաններում չէ, որ կարելի է ասել, թե ճնշում կա։ Սա այդ դեպքը չի։ Ի վերջո, ով ինչ գնահատական ուզում է՝ տա, և ինչ հիմքեր էլ ունենա դրա համար, Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը բոլոր առումներով։ Իհարկե, կարող են խնդիրներ լինել, բայց չի կարելի դրանք լուծել հանրային, մամուլի միջոցով, կամ դարձնել կոնֆլիկտ։ Եթե կան խնդիրներ, ապա որևէ խնդիր չկա՝ դրանք Ռուսաստանի հետ դնել սեղանին ու քննարկել։ Ի վերջո, մեր ամենալուրջ ռազմավարական ընկերն է։ Հարկավոր է լինել ազնիվ, բաց, իրականացնել բաց քաղաքականություն և ցանկացած հարց քննարկել։ Եվ այդ փորձը 20-30 տարի եղել է, շատ խնդիրներ լուծվել են ավելի ծանր պայմաններում՝ Ղարաբաղյան պատերազմի տարիներին»,- ասաց Ա.Մանուկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս