Ինչո՞ւ է համանախագահների բառապաշարում տեղ գտել «բովանդակային բանակցություններ» ձևակերպումը․ մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը
Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ Արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։
Ճեպազրույցի մեկնարկին, մինչ հարցերին անցնելն Աննա Նաղդալյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած ԵՄ անդամ երկրների ցանկը: ԱԳՆ խոսնակը նաև հիշեցրեց, որ հունիսի 28-ին ՀՀ-ի կողմից Ադրբեջանին է հանձնվել ՀՀ տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացի՝ միջազգային մարդասիրական նորմերից ելնելով, առանց որևէ նախապայմանի։ Նա նաև տեղեկացրեց, որ նույն օրը ՀՀ-ին է հանձնվել Զավեն Կարապետյանն Ադրբեջանի կողմից։
Ըստ Աննա Նաղդալյանի՝ հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Արցախ աշխատանքային այցով, հուլիսի 9-ին Սլովակիայում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ հուլիսի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն մասնակցելու է Արևելյան գործընկերության (ԱԼԳ) տասնամյակին նվիրված՝ Բաթումում կայանալիք միջոցառմանը և հանդես է գալու ելույթով։
Անդրադառնալով նախարարի Արցախ կատարելիք այցի օրակարգին՝ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ այցի շրջանակում նախարարը հանդիպելու է Արցախի նախագահի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի հետ, հանդիպում է նախատեսվում նաև Պարգև Սրբազանի հետ, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ։ ԱԳՆ խոսնակն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս այցերը կանոնավոր գործառույթ են, որոնք իրականացվում են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումներից առաջ կամ հետո՝ Արցախը բանակցային գործընթացում առավել ներգրավված պահելու ՀՀ նպատակից ելնելով։ Բայց նրա հստակեցմամբ՝ դա չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածությանը բանակցային գործընթացին։ Նաղդալյանի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում կայացած նախարարական հանդիպման ընթացքում քննարկված հարցերին անդրադարձ կատարվելու է։
Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» ձևակերպումը՝ Նաղդալյանն ասաց, որ իրապես համանախագահների բառապաշարում առաջին անգամ չէ, որ օգտագործվում է այդ բառը։ Նրա խոսքով, վերջին հայտարարության մեջ կիրառվում է նման բանակցությունների համար մթնոլորտի ձևավորման համատեքստում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման, ռիսկերի նվազեցման, միջադեպերի բացառման միջոցով։ ԱԳՆ խոսնակը շեշտեց, որ այս ամենն ամրագրվել է Դուշանբեում, Վիեննայում, ինչպես նաև 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, և այդ համաձայնություններն առարկայական են հայկական կողմի համար։