Նվազագույն աշխատավարձն անգամ 20.000 դրամով ավելացնելու դեպքում կյանքի մակարդակն էապես չէր փոխվելու
Կառավարությունը հունիսի 27-ին հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկությանը:
Կառավարությունն առաջարկում է օրինագծում նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և սահմանել 68 հազար դրամ։
Քաղաքացիները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ողջունում են այս որոշումը, սակայն մի շարք վախեր ու կասկածներ ունեն:
Հուսանք՝ աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման
«Հուսանք՝ աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի, ասենք, գույքահարկի կամ եկամտահատկի բարձրացման, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման, ու այդ 13.000 դրամը հօդս ցնդի»:
Միգուցե ուսուցիչների՞ն էլ հիշեն
«Հա, լավ է աշխատավարձի բարձրացումը, բայց միգուցե ուսուցիչների՞ն էլ հիշեն: Աղջիկս դպրոցում է աշխատում, հազիվ 70.000 դրամ աշխատավարձ է ստանում: Այսպես ո՞նց կլինի: Հիմա դե դարը լրիվ փոխված է, չէ՞: Առավել քան երբևէ պետք է ուսուցիչն ուշադրություն դարձնի իր հագուստին: Միշտ խնամված ու գեղեցիկ լինի: Խեղճերն այդ 70.000-ով ի՞նչ անեն, հազիվ մի զգեստ են կարողանում գնել, այն էլ՝ մտնում են դպրոց, հատկապես՝ 9-12-րդ դասարանների դեպքում է այդպես, տեսնում են՝ աշակերտն իրենց հագուստից ունի կամ ավելի լավն է հագել: Հիմա ես տաքսի վարելով ինչքան կարողանում եմ՝ օգնում եմ աղջկաս, բայց դե իմ վաստակածն էլ մի բան չէ»:
Մասնավոր սեկտորը տուժելու է
«Բա թանկացումները հաշվի չեն առնո՞ւմ: Այդ 13 հազար դրամն ի՞նչ է տալու: Մասնավոր սեկտորի համար դա հարկային բեռի բարձրացում է, տուժելու են: Այսինքն, եթե հիմա մեկ աշխատողի համար վճարում էին, կարծեմ, մոտ 20.000 դրամ հարկ, հիմա պետք է ավելին վճարեն»:
Անգամ 20.000 դրամի ավելացմամբ կյանքի մակարդակն էապես չէր փոխվի
«Նման աղմուկ, իմ հիշելով՝ 2017 թվականին էլ բարձրացավ: Ազգային ժողովում ներկայացնում էին կառավարության ծրագիրը՝ 2017-2022 թվականների համար: Կառավարության ծրագրում նախատեսված էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով։ Որպես տնտեսագիտական կրթություն ունեցող մարդ՝ կարող եմ ասել, որ անգամ 20.000 դրամի ավելացմամբ կյանքի մակարդակն էապես չէր փոխվի. նվազագույն գումար ստացողները շարունակելու են մնալ աղքատության շեմին: Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն իր մեջ նաև վտանգ է պարունակում: Հնարավոր է՝ աշխատողների թիվը կրճատեն. դրա համար պետք է շատ աշխատող ունեցողներին ու նրանց գրանցողներին արտոնություններ տան»:
Ուրիշ երկրներում թոշակառուներն իրենց ստացած թոշակով կարողանում են ճամփորդել
«Թոշակառուներին էլ պետք է ուշադրություն դարձնեն: Գրոշ են տալիս մարդկանց: Այնքան քիչ է, որ անգամ դեղերի հարցերը չեն կարողանում լուծել: Ուրիշ երկրներում թոշակառուներն իրենց ստացած թոշակով կարողանում են ճամփորդել, այսպես ասած՝ կյանքը վայելել, ոչ թե մերոնց նման… նստեն-մտածեն՝ իրենց ո՞վ կօգնի, որ գոնե բժշկի գնան»:
Անի Կարապետյան