«Եթե աշխատանքների մեջ արդյունավետություն չտեսնեին, ստորաբաժանումը բաժնից կենտրոն չէր դառնա». ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ Վահագն Վարագյանի ղեկավարած կենտրոնը փակելու նախաձեռնության մասին
Երեկ՝ հունիսի 28-ին, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստից հետո, որի ընթացքում մասնավորապես քննարկվում էին նաև կառուցվածքային որոշ փոփոխությունների հարցեր, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Ծանրաբեռնված օրվա հաճելի անակնկալը:
Չգիտեմ, թե էսօր Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ինչը էն չեմ ասել, բայց ինձ հուլիսի 3-ին հրավիրել են հարցաքննության: Եթե հանկարծ պարզվի, որ գրպանումս հայտնաբերվել ա մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, ի սկզբանե ասեմ ձեզ` այդ ամենի հետ ես կապ չունեմ»։
Գրառմանը Դավիթ Ափոյանը կցել էր նաև ծանուցագիրը, որից պարզ էր դառնում, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող ինչ-որ քրեական գործի շրջանակներում նա վկայի կարգավիճակով հրավիրվում է հարցաքննության։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսխորհրդի նախագահը նշեց, որ քանի դեռ չգիտի՝ ինչ քրեական գործի շրջանակներում է ինքը հրավիրվել հարցաքննության, ինքը մեկնաբանություններ անելիս ավելի զուսպ կլինի։
Դավիթ Ափոյանի հետ զրուցեցինք նաև Հոգաբարձուների խորհրդի երեկվա նիստի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների, քննարկումների ու քվեարկությունների մասին։
«Քննարկում էր, որի ժամանակ հիմնական հարցը կառուցվածքային փոփոխություններն էին։ Կային նաև բյուջեի վերաբերյալ հարցեր, որոնց շուրջ հետաքրքիր քննարկումներ եղան, կարծում եմ՝ արդյունավետ, բայց հիմնականը կառուցվածքային փոփոխություններն էին։ Հիմնական մտահոգությունն այն էր, որ չկային որևէ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք մեզ հնարավորություն կտային ավելի վստահ որոշում կայացնել»,- ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ նշելով, որ հենց այդ պատճառով փոփոխությունների մի մասին իրենք ձեռնպահ են քվեարկել, իսկ ուղղակիորեն ուսանողների հետ կապված կենտրոնների փակման հարցին դեմ են քվեարկել։
Վերջինս շեշտում է, որ իրենց են միացել նաև իրենց մի քանի համախոհներ, և արդյունքում՝ այդ որոշումը չի ընդունվել։
«Խոսքն ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնի մասին է, որը ղեկավարում է Վահագն Վարագյանը, ում անունը վերջերս մամուլում մի քանի անգամ շրջանառվեց հենց այս համատեքստում։ Կենտրոնի ոչ արդյունավետ աշխատելու հիմքեր չկային։ Ճիշտ է, ուսխորհուրդն էլի մեծ աշխատանք է տանում ուսանողների հետ, բայց կենտրոնի աշխատանքներն էլ ունեն իրենց դերն ու կարևորությունը»,- ասաց Դավիթ Ափոյանը։
Մեր այն հարցին, թե կենտրոնը փակելու նախաձեռնությունն ո՞ւմն էր, վերջինս պատասխանեց, որ կոնկրետ այդ հատվածի կառուցվածքային փոփոխության անհրաժեշտությունը մեզ ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որն առաջարկեց կենտրոնի միավորում այլ կառույցի հետ, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահն առաջարկեց, որ ընդհանրապես փակեն, լուծարեն այդ կենտրոնը։
168.am-ին հետաքրքիր էր նաև, թե նախկինում, երբ Գեղամ Գևորգյանը պրոռեկտոր էր, նման նախաձեռնությամբ արդյո՞ք հանդես եկել է։
«Ոչ։ Երբ նա պրոռեկտոր էր, դեռ ռեկտորն Արամ Սիմոնյանն էր, ու այդ ժամանակ այդ կենտրոնը բաժնից դարձել է կենտրոն։ Եթե աշխատանքների մեջ արդյունավետություն չտեսնեին, ստորաբաժանումը բաժնից կենտրոն չէր դառնա, այսինքն՝ առաջընթաց չէր ապրի»,- ասաց Դ. Ափոյանը։
Այն հարցին, թե այժմ ինչո՞վ է հիմնավորում իր դիրքորոշումը ռեկտորի պաշտոնակատարը, ԵՊՀ ուսխորհրդի նախագահն ասաց, որ ցավն էլ հենց այդ է, որ ոչնչով։
«Նույնիսկ նրանք ասացին, որ ոչնչով չի զբաղվել, ինչին ես առարկեցի ու ներկայացրի՝ ինչով է զբաղվել կենտրոնը։ Այս կենտրոնն իր շրջանակներում ունի մի քանի ուսանողական ակումբներ։ Դրանք են ավագների ակումբը, բնապահպանական խորհուրդը։ Նույնիսկ մարտական պատրաստության ակումբը, որը զբաղվում է ռազմահայրենասիրական ոգու բարձրացմամբ, սկզբնական շրջանում գործել է այդ կենտրոնի շրջանակներում»,- հավելեց Դ. Ափոյանը՝ շեշտելով, որ ուսխորհրդի շրջանակներում ուսանողները հնարավորություն են ունենում կապ ունենալ Համալսարանի կառավարման գործի հետ, այն պաշտպանում է ուսանողների իրավունքներն ու ներկայացնում նրանց շահերը, իսկ այն ուսանողները, ովքեր ուզում են զուտ ուսանողական ակտիվ կյանք վարել, ոչ կառավարչական բնագավառում, իրենք կարող են անդամակցել այդ կառույցին։
Ըստ մեր զրուցակցի՝ քիչ չեն դեպքերը, երբ շատ ուսանողներ իրենց տարբեր սոցիալական խնդիրներով դիմում են այս կենտրոնին։
168.am-ի այն հարցին, թե քանի որ կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է, արդյո՞ք իրենք այս կենտրոնի փակման նախաձեռնության ակտիվությունը չեն կապում այդ հանգամանքի հետ, Դ. Ափոյանն ասաց, որ ինքը կխուսափի քաղաքական որևէ գնահատական տալ։
«Ճիշտ է, բնականաբար, չենք կարող ամբողջությամբ բացառել որևէ բան, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց քանի դեռ հստակ որևէ բան չկա, կամ ես ինձ ուղղակի կողմ չեմ համարում, ես կխուսափեմ քաղաքական գնահատականներ տալուց»,- նկատեց Դավիթ Ափոյանը։
Վերջում նա նշեց, որ քանի որ երեքշաբթի օրը մեկնում է Արցախ՝ «Ուսանողական ռազմական բանակում» ամենամյա ճամբարի շրջանակներում, ինքը հավանաբար քննչական մարմիններին կներկայանա երկուշաբթի օրը։
Դավիթ Ափոյանի հետ մենք, իհարկե, կզրուցենք նաև ըստ ծանուցման՝ հարցաքննության ներկայանալուց հետո, որպեսզի հասկանանք, թե ինչ քրեական գործի շրջանակներում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը վկայի կարգավիճակով հրավիրվում հարցաքննության։ Մինչ այդ կխուսափենք եզրահանգումներ անել, թե որքանով կարող էր երեկվա նիստի ընթացքը կապ ունենալ այս ծանուցագրի հետ։
Ի դեպ, այսօր կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանն առավել թափանցիկ էր իր ֆեյսբուքյան էջում նշել կենտրոնը փակելու պատճառների մասին։
«Ամենատհաճն այն է, որ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ: Եթե ճիշտ են շրջանառվող լուրերը, համաձայն որոնց՝ ինձ աշխատանքից ազատելը քաղաքական իշխանության համար գերխնդիր է, և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են փոխել, փոփոխել, կարել և ձևել ԵՊՀ ողջ կառուցվածքը, ապա պետք է արձանագրել, որ Համալսարանն ու համալսարանական ինքնավարության միջավայրը շատ խորը ճգնաժամի մեջ են: Ամեն դեպքում, անթույլատրելի է, որ հարյուրամյա ավանդույթներ ունեցող Մայր բուհի վարչական միավորներից մեկի ղեկավարի պատճառով Համալսարանը նման փորձությունների ենթարկվի:
Համալսարանն իմ համար արժեք է, Համալսարանում են անցել երիտասարդությանս լավագույն տարիները, Համալասարանում եմ կայացել` որպես մասնագետ, որպես քաղաքացի, որպես հայ հայրենասեր… Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. պարոնայք իշխանավորներ, հարգելի ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյան, հարգելի ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Համալսարանում օտար մարդիկ չեք, հուսով եմ` Համալսարանը ձեր համար նույնքան ազգային արժեք է, որքան ինձ համար:
Եթե քաղաքական խնդիր եք լուծում կամ անձնական հարցեր ունեք, եթե Զորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք ինձ ազատելու աշխատանքից և ուսանողների հետ տարվող աշխատանքների գործառույթը հանձնել Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակին, ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել Համալսարանը: Խոստանում եմ, այդ պարագայում ես կմտածեմ աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում գրելու մասին»։
Ու եթե հաշվի առնենք, որ տևական ժամանակ մամուլը գրում էր այն մասին, որ նշված կենտրոնն ուզում են փակել, որ ազատվեն Վահագն Վարագյանից, պատկերը կարծես թե ամբողջանում է։