«Եթե քաղաքական խնդիր եք լուծում, եթե Զորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք , ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել Համալսարանը». Վահագն Վարագյան
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամենատհաճն այն է, որ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ:
Եթե ճիշտ են շրջանառվող լուրերը, համաձայն որոնց ինձ աշխատանքից ազատելը քաղաքական իշխանության համար գերխնդիր է և իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են փոխել, փոփոխել, կարել և ձևել ԵՊՀ ողջ կառուցվածքը, ապա պետք է արձանագրել, որ Համալսարանն ու համալսարանական ինքնավարության միջավայրը շատ խորը ճգնաժամի մեջ են: Ամեն դեպքում, անթույլատրելի է, որ հարյուրամյա ավանդույթներ ունեցող Մայր Բուհի վարչական միավորներից մեկի ղեկավարի պատճառով Համալսարանը նման փորձությունների ենթարկվի:
Համալսարանն իմ համար արժեք է, Համալսարանում են անցել երիտասարդությանս լավագույն տարիները, Համալասարանում եմ կայացել` որպես մասնագետ, որպես քաղաքացի, որպես հայ հայրենասեր… Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. պարոնայք իշխանավորներ, հարգելի ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյան, հարգելի ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Համալսարանում օտար մարդիկ չեք, հուսով եմ` Համալսարանը ձեր համար նույնքան ազգային արժեք է, որքան ինձ համար:
Եթե քաղաքական խնդիր եք լուծում կամ անձնական հարցեր ունեք, եթե Զորջ Սորոսի հիմնադրամի առջև պարտավորություններ ունեք ինձ ազատելու աշխատանքից և ուսանողների հետ տարվող աշխատանքների գործառույթը հանձնել Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակին, ապա ազնիվ կլինի այդ մասին հայտարարել հրապարակավ ու փորձությունների չենթարկել Համալսարանը: Խոստանում եմ, այդ պարագայում ես կմտածեմ աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում գրելու մասին»: