«ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակականության համար հարկավոր են շփման գծում և սահմանին կայունացնող միջոցառումներ ու քայլեր»․ փորձագետ

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային վերջին արդյունքներին և շփման գծում գրանցվող միտումներին։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից օրեր անց՝ նախօրեին, հայտնի դարձավ, որ  Հայաստանն առանց որևէ նախապայմանի՝ ԿԽՄԿ աջակցությամբ Ադրբեջանին է վերադարձրել Ադրբեջանի քաղաքացի էլվին Արիֆ Օղլիին, ի գիտություն ընդունելով Ադրբեջանի որոշումը՝  վերադարձնել  2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։ Սա, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, փոխանակում չէ, առավել ևս, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառում չէ, հայկական կողմը հիմնվել է  հումանիտար նկատառումների վրա։ Միևնույն ժամանակ՝ վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը բանակցությունների վերաբերյալ օրեր առաջ նոր մանրամասներ էր հայտնել՝ վստահեցնելով, որ քննարկվում է փաստաթուղթ՝ տարածքների վերադարձ, խաղաղապահների տեղակայում և այլ հարցեր, ինչը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքեց։

Ուշագրավ է նաև, որ այս հումանիտար առաջընթացին զուգահեռ՝ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսեց Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստությունների և պատրաստակամության մասին՝ նշելով, որ Ղարաբաղի համար պատերազմը դեռ ավարտված չէ։ «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Այն չի ավարտվել, և մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք մեր հարազատ հողերի ազատագրմանը։ Վստահ եմ՝ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտների ու մանկավարժական կազմի հետ հանդիպման ընթացքում։

Մեզ հետ զրույցում Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ այս իրադարձությունները՝ մի կողմից՝ սահմանը հատած քաղաքացիներին վերադարձնելու հարցի ուղղությամբ ընդառաջ քայլերը, մյուս կողմից՝ բանակցային նյութի վերաբերյալ տարաձայնությունները, պատերազմին պատրաստվելու վերաբերյալ երկու կողմերի հայտարարությունները, զինտեխնիկայի  ձեռքբերման նոր պայմանագրերի մասին հայտարարությունները, ցույց են տալիս, որ ամեն բան այդքան էլ միանշանակ չէ, ավելին, բավականին բարդ է։

Ըստ նրա, մի կողմից՝ կա համաձայնություն՝ իրականացնել հումանիտար բնույթի միջոցառումներ, մյուս կողմից՝ կան տարաձայնություններ, թե ինչ ձևաչափով պետք է վարվեն բանակցությունները, ինչ հարցեր պետք է քննարկվեն, ինչ հաջորդականությամբ, և այլն, և այլն։

«Այսինքն՝ նույնիսկ հումանիտար ծրագրերի իրականացման սկզբունքի հարցում միանշանակ, տեսանելի կոնսենսուս չկա, Հայաստանը հայտնել է իր որոշման մասին, Ադրբեջանն արձագանքել է, քանի որ դրա բացակայությունը հարցեր կառաջացներ քաղաքական միջոցներով հակամարտությունը կարգավորելու իր պատրաստակամության հարցում։ Հումանիտար նախաձեռնությունների շուրջ կողմերի համաձայնությունը դրական է, բայց դա չի ունենալու կայուն արդյունքներ, և ռազմատենչ հռետորաբանության պարագայում այն կարող է միանգամից դադարեցվել, հատկապես, եթե չկան սկզբունքային համաձայնություններ։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում ես արձանագրում եմ որոշակի դրական տեղաշարժ։ Մյուս շերտը բանակցությունների կամ շփումների բովանդակությունն է, որը փակ է, կա որոշակի գործընթաց, բայց Հայաստանը դրել է բանակցություններին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության պահանջ։ Այստեղ ևս բարդ է իրավիճակը։ Թերևս, նույնպիսին է դրությունը նաև ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, խաղաղությունն այս գոտում փխրուն է, ինչպես միշտ, և մեծ ջանքեր են պահանջվում անցանկալի սցենարներ թույլ չտալու համար, քանի որ, ինչպես երևում է, վերջին շրջանում կողմերն ավելի ու ավելի հաճախ են խոսում զինտեխնիկայի նոր տեսակների ձեռքբերման, ինժեներական աշխատանքների, սահմանային միջադեպերի մասին։ Ես մշտապես նշել եմ, որ, եթե կողմերը պատրաստվում են, ապա այդ պատերազմից խուսափելը գրեթե անհնար է։ Թեև սա այն հակամարտությունն է, որտեղ իրավիճակը նման տրամաբանությամբ շարունակվելու է 2 տասնամյակ, բայց եղել է նաև բռնկում 2016 թվականին։ Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ շեշտը դրված էր շփման գծում կայունության ձևավորման վրա, որը ներկայումս ամենակարևորն է։ Կարևոր է նաև, որ համանախագահները դա հասկանում են՝ ինչպես ոչ ոք, և գուցե կան այդ ուղղությամբ քայլեր, որոնք դեռ փակ ձևաչափում են։ Այնուամենայնիվ, իրավիճակը կայունացնող միջոցառումներ, քայլեր են հարկավոր բանակցությունների շարունակականությունը պահպանելու համար, այլապես դրանք կարող են նույնիսկ հայտարարությունների ազդեցության ներքո վնասներ կրել, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է ինֆորմացիան ազդում այս հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա»,- ասաց Ֆելգենգաուերը։

 

Տեսանյութեր

Լրահոս