«Եթե կան փաստեր, պետք է խոսեն միայն փաստերով». Դավիթ Բաբայանը՝ Սեդա Սաֆարյանի հայտարարության մասին
Հունիսի 25-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո, փաստաբան Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը չէին կարող անձնական երաշխավորություն ներկայացնել՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, պատճառն էլ փաստաբանը ձևակերպել էր հետևյալ կերպ. «Երբ ծանոթանում ենք գործի 80 հատորներին, տեսնում ենք, թե ինչ դերակատարում են ունեցել Արցախի զորքը և զինված խմբավորումները Հայաստանում կատարված միջադեպին, ընդ որում՝ դրանք Բակո Սահակյանին շատ մոտ կանգնած մարդիկ են եղել, որոնք Հայաստան գալու համար առնվազն նրա թույլտվությունն ունեցել են։ Սա խոսում է այն մասին, որ նրանք չէին կարող անձնական երաշխավորությամբ հանդես գալ։ Քննությունը երբ շարունակվի, այդ ամենին անհրաժեշտ գնահատականներ կտրվի»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Սեդա Սաֆարյանի հայտարարությանը՝ նշեց, որ այդ հայտարարության մասին լսել է, դրա մասին բազմիցս լսել են նաև 2008 թվականին, սակայն նման տեղեկատվություն չունի, որ Արցախից ինչ-որ մարդիկ մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին։
«Եթե կան փաստեր, պետք է խոսեն միայն փաստերով»,- ասաց Դ. Բաբայանը։
Հարցին՝ Սեդա Սաֆարյանի հայտարարությանն ինչպե՞ս է արձագանքել Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Արձագանքել է այնպես, ինչպես ցանկացած մարդ, եթե կան փաստեր, թող ներկայացնեն։ Ես չգիտեմ, այդպիսի որևէ փաստի ծանոթ չեմ, որ Արցախից որևէ մեկը կարող էր լինել մարտի 1-ի դեպքերին, հատկապես՝ զինվորական զորքից ինչ-որ դերակատարություն ունենային այդ ողբերգակական օրերին»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ չգիտի, թե ինչո՞ւ են շրջանառության մեջ դրել մարտի 1-ի դեպքերին Արցախի զորքի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները, քանի որ այդ ամենը բազմիցս հերքվել է, սակայն մեկ բան հստակ է՝ երկու հայկական պետությունների միասնականությունը պետք է պահպանել։
«Որևէ մեկն իրավունք չունի խախտելու այդ միասնականությունը, ցանկացած փորձ հարված է հայոց պետականության, և այս համատեքստում շահարկել Արցախը և այն դարձնել ներքաղաքական խնդիրների մի գործիք՝ շատ վատ է և որևէ լավ բանի չի բերելու»,- շեշտեց Դ. Բաբայանը։
Հարցին՝ սպասելի՞ էր, որ դատարանը կչեղարկի Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորությունը և կրկին կկալանավորի Ռոբերտ Քոչարյանին, Դավիթ Բաբայանը պատասխանեց.«Միշտ էլ ասել ենք, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, և պաշտոնական Ստեփանակերտը որևէ ձևով չի միջամտում ՀՀ ներքին կյանքին, և՝ հակառակը։ Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում, այլ բան ավելացնելու չունեմ, քանի որ այս հարցին բազմիցս անդրադարձել ենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան