«Այդ գործը հանձնված է արդարադատությանը և արդարադատությունն էլ իր գործը կանի». Անի Սամսոնյան
«Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընթանում է դատավարական գործընթաց և մենք հետևում ենք այդ պրոցեսներին: Ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են: Այսինքն՝ սա զուտ դատավարական գործընթաց է և մեզ համար այս գործընթացը որևէ առաջնային նշանակություն չունի: Այդ գործը հանձնված է արդարադատությանը և արդարադատությունն էլ իր գործը կանի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյան՝ ի պատասխան հարցի, թե ԼՀ խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքի հարցում:
Ըստ նրա՝ պետք է պահպանվի արդար դատաքննությունը. «Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»:
Խմակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի կարծիքով՝ տեղի է ունենում մրցակցային դատավարություն, այսինքն՝ կողմերն իրավունք ունեն բողոքարկել բոլոր որոշումները, դատախազությունն ու մեղադրյալ կողմը հավասար պայմաններում են գտնվում, հետևաբար՝ սովորական դատավարական գործընթաց է և այլ դատավարություններից ոչնչով չպետք է տարբերվեն. «Թե ինչ տեղի կունենա ապագայում, դա դատարանը կորոշի և ցույց կտա ժամանակը»: