«Ռուսաստանը հետաքրքրված չէ Վրաստանի հետ հարաբերությունների է՛լ ավելի սրմամբ»․ Վասաձե
Թբիլիսիի կենտրոնում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները, որոնք սկսվել էին հունիսի 20-ին։ Բազմամարդ ակցիաների պատճառ էր դարձել Ուղղափառության միջազգային միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գործողությունը, որը Վեհաժողովի նիստը բացել էր վրաց խորհրդարանի խոսնակի աթոռին նստած: Նույն օրը շուրջ 7000 մարդու մասնակցությամբ ցույցեր էին տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում, որոնց մասնակիցները փորձել էին գրոհել խորհրդարանի շենքը:
Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել էր ցրել հատուկջոկատայինների օգնությամբ, որոնք ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարների և նրանց միջև բախումների հետևանքով 240 մարդ տուժել էր, 305 մարդ՝ բերման ենթարկվել: Ծանր գիշերվանից հետո ընդդիմությունն իր պահանջներն էր ներկայացրել, որոնցից գլխավորը ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն էր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ձերբակալված ցուցարարների ազատ արձակում:
Ցուցարարների պահանջով Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական էր տվել դեռ անցած ուրբաթ: Իշխանությունները որոշ զիջումների են համաձայնել հունիսի 24-ին, սակայն Վրաստանի ընդդիմությանը լիովին չեն բավարարում իշխանության քայլերը, և բողոքի ակցիայի կազմակերպիչները նախատեսում են շարունակել հավաքներն ու ակցիաները։
Մայրաքաղաքի հանրահավաքին զուգահեռ՝ հավաքներ են անցկացվում նաև Վրաստանի այլ մեծ ու փոքր քաղաքներում, բնակավայրերում, ցուցարարներն ասել են, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց բոլոր պահանջների կատարմանը չեն հասել:
«168 Ժամը» վրացական դրամատիկ զարգացումների մասին զրուցել է Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի հեղինակավոր վերլուծաբան, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ:
– Պարոն Վասաձե, ուզում եմ խոսենք Վրաստանում գլուխ բարձրացրած մասսայական բողոքի ալիքի խորքային պատճառների մասին, քանի որ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը պարզապես այն պատճառն էր, որը հասարակությանը փողոց դուրս հանեց։ Ինչի՞ց էր դժգոհ վրաց հասարակությունը։
– Բնականաբար, Խորհրդարանում ձեր նշած միջադեպը պարզապես առիթ հանդիսացավ, որպեսզի բողոքն արտահայտվի։ Կային մի քանի պատճառներ։ Դրանցից առաջինը, որը գլխավոր պատճառը չէ, այն է, որ «Վրացական երազանք» կուսակցությունն իշխանության ղեկին է արդեն 7 տարի։ Գլխավոր պատճառն այն է, որ այս կուսակցությունը մտադիր չէ որևէ տեղ հեռանալ, եթե նույնիսկ անցկացվեն նորմալ ընտրություններ, ինչը ևս կարևոր է։ Ուստի, չնայած Խորհրդարանի միջադեպն ընդհանուր առմամբ կապ չունի այս պատճառների հետ, ցուցարարների հիմնական պահանջն էր, որպեսզի անցում կատարվի 100% համամասնական ընտրակարգին։
Իշխանությունն այդ պահանջը բավարարեց որոշակի նրբերանգներով, առջևում ևս մեկ մեծ կռիվ կա, քանի որ հասկանալի չէ, թե ինչու չպետք է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմ չսահմանվի։ 3 %-ն ընդունելի անցողիկ շեմ է խորհրդարանական ընտրությունների համար, բայց անցողիկ շեմի բացակայությունը նշանակում է, որ իշխանությունը մտադիր է խորհրդարան անցկացնել իր արբանյակներին՝ նրանց հետ կազմելով, խաղալով կոալիցիա։
Բայց սրանք, ըստ իս, մանրուքներ են, կարևորն այն է, որ իշխանությունը գնաց զիջումների։
Երկրորդ հանգամանքը, որի մասին կցանկանայի խոսել. ԱԺ խոսնակը հրաժարական տվեց, բայց դա այլ հարց է։ Այստեղ ուզում եմ նշել հետևյալը՝ մենք մշտապես հստակ դիրքորոշում ենք ունեցել՝ մաքսիմալ հյուրընկալություն ՌԴ քաղաքացիների համար և մինիմալ հյուրընկալություն ՌԴ իշխանությունների համար, որոնք օկուպացրել են մեր տարածքները։
Ուստի ինչ-որ մի պահ այդ մաքսիմալ հյուրընկալությունը քաղաքացիների համար տեղափոխվեց քաղաքական հարթություն, և որոշեցին, որ, եթե ռուս տուրիստները կարող են գալ, ընդունելի լինել, ապա ինչո՞ւ քաղաքական գործիչները ևս չեն կարող նույնն անել։ Եվ հետո, քաղաքական գործիչները, ովքեր չեն ընդունում Վրաստանի քաղաքական ինքնիշխանությունը, հնարավորություն են ունենում նստելու խոսնակի աթոռին։ Սա էլ առաջացրեց այդ դժգոհությունը, հենց այդ պատճառով էլ խոսնակը հրաժարական տվեց։
Երրորդ՝ ընդհանուր Վրաստանում այնպիսի իրավիճակ է, որ հասարակությունը լրջորեն հոգնել է այն ամենից, ինչ տեղի է ունենում, փոփոխություններ է ցանկանում։ Մոտավորապես այնպիսին են տրամադրությունները, ինչպես հայաստանյան հեղափոխության ժամանակ։
Հասարակությունը ցանկանում է փոփոխություններ և մտածում է, որ, եթե փոփոխություններ տեղի չեն ունենում վերևից, ապա մենք կիրականացնենք փոփոխություններ ներքևից։ Իսկ այն, որ մենք դա կարող ենք անել, դա մեր իշխանությունները գիտեն, քանի որ բազում անգամներ ենք դա ապացուցել։
– Ի՞նչ հունով, ըստ Ձեզ՝ կընթանան զարգացումները։ Կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
– Դժվար է կանխագուշակել ապագան։ Ես գիտեմ միայն, որ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, դրական ուղղությամբ զարգացում է, քանի որ սա ժողովրդավարական զարգացման ցուցիչ է, հասարակությունն իրավունք ունի պահանջել իր քաղաքական և ոչ միայն քաղաքական պահանջների իրագործում։ Հարցը նաև մեկ այլ հանգամանքում է՝ անհամաչափ ուժի գործադրում ՆԳՆ-ի կողմից, երկու քաղաքացի պարզապես աչք է կորցրել, իշխանությունը քաղաքական պատասխանատվություն պետք է կրի այս ամենի համար, և ՆԳ նախարար Գեորգի Գախարիան պետք է հրաժարական տա։
Այսօրվա դրությամբ իշխանությունն իրականացրել է երեք պահանջներից երկուսը վիճահարույց կերպով, բայց իրականացրել է։ Այսինքն՝ առաջին պահանջը՝ անցում համամասնական ընտրակարգին, և ազատ են արձակվում ցուցարարները, ովքեր բերման էին ենթարկվել օրերս տեղի ունեցած լարված գիշերվա և բախումների ընթացքում։ Դեռ շարունակվում են, կտեսնենք։
– Պարոն Վասաձե, այս ալիքն ունի՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պատճառներ՝ ՌԴ-ի հետ խնդրահարույց հարաբերությունների հարցը։ ՌԴ իշխանությունները բավականին սուր են արձագանքում վրացական զարգացումներին, պատժամիջոցներ կիրառում։ Այս մասով հարաբերությունների էլ ավելի սրման վտանգ կա՞, ըստ Ձեզ։
– Ես չեմ ակնկալում է՛լ ավելի լուրջ էսկալացիա ռուս-վրացական հարաբերություններում, քանի որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ համագործակցությամբ, այս հարցում Ռուսաստանն ավելի շահագրգիռ է, քան Վրաստանը։ Ներկայումս Ռուսաստանը շահեր ունի Վրաստանում՝ ինչպես խոշոր բիզնեսի ոլորտում, այնպես էլ՝ էներգետիկայի, գազի, բեռնափոխադրումների՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով։ Ուստի ես չեմ կարծում, որ էլ ավելի լուրջ հայտարարություններ կլինեն, իսկ մինչև այս եղած հայտարարություններով Ռուսաստանը փորձում է պաշտպանել իր շահերը, չեմ կարծում, որ կգնա էլ ավելի սրման։
– Հայաստանը բոլոր մակարդակներով ուշի ուշով հետևում է Վրաստանում ծավալվող զարգացումներին, Վրաստանը հարևան, եղբայրական երկիր է, Հայաստանն ունի մեծ համայնք Վրաստանում, Վրաստանում կայունությունը չափազանց կարևոր է ՀՀ անվտանգության համար։ Հայաստանը նաև ՌԴ ռազմավարական գործընկերն է։ Ըստ Ձեզ՝ այս գործոնները հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դերը նման իրավիճակում Վրաստանի համար։
– Վրաստանում հայ համայնքը ես չէի տարանջատի վրաց ժողովրդից և վրաց մեծամասնությունից, նրանց դիրքորոշումը նույնն է, ինչ վրաց հասարակության մեծամասնության դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես տեսնում եմ, որ հայ ժողովուրդը, իմ ընկերները, ծանոթներն իսկապես հետևում են, անհանգստանում են, մենք ևս Հայաստանի հեղափոխության ժամանակ անհանգստանում էինք և Հայաստանի հետ էինք։