Բաժիններ՝

«Մի վերմակ-դոշակի, պանիր ու կարագի համար 40.000 դրամ են ուզում». Հայերը դժգոհ են հյուրանոցների գներից

«Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղություններով»,- հայտնում են տուրիստական ընկերություններից և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից:

Համեմատաբար մի փոքր թանկ են հանգստի տարբերակները դեպի Իսպանիա, Պորտուգալիա, Թաիլանդ, Շրի Լանկա, Բալի կամ Մալդիվներ:

Եգիպտոսում տուրերի գինը կազմում է մոտավորապես 480 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար, 8 օր Շարժայում` սկսած 570 ԱՄՆ դոլարից, իսկ Դուբայը՝ սկսած 590 ԱՄՆ դոլարից:

Մեր քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է օտար երկրներին նախապատվությունը տալու պատճառը, որքա՞ն գումար է պետք ամառային արձակուրդներին հանգստանալու համար:

Մեծ մասը պատասխանեց, որ հանգստի դեռ չի մեկնում, որովհետև գումար չի հասցրել տնտեսել, մի մասն ասաց, որ նախընտրում է գնալ գյուղ՝ հարազատներից մեկի տանը մի քանի օր անցկացնել:

Ուզում ես ընտանիքիդ հետ գնալ արտասահման, բայց տարիներով երազանք է մնում

«Պլանավորելը՝ պլանավորում ենք, ասա գնանք: Ուզում ես ընտանիքիդ հետ գնալ արտասահման, բայց տարիներով երազանք է մնում: Ինչքա՞ն գումար պետք է աշխատես, որ կոմունալները տաս, տուն պահես, մեկ-մեկ բժշկի գնաս ու հլը հանգստանալն էլ չմոռանաս: Միշտ մտքներիս ա, էլի, կարող ա մի օր էլ դա իրականանա: Հիմնականում զբոսաշրջիկների եմ այս 15 օրը տեղափոխել, գնում են Ծաղկաձոր, Աղվերան, Սևան, Դիլիջան, Հանքավան: Իրենց համար մատչելի է, չնայած դժգոհողներ կան, ասում են՝ թանկ է, բայց գոնե մի քանի օր կարողանում են հանգստանալ, մենք մեկ օրվա հնարավորություն էլ չունենք»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:

Անցած տարի գնացինք Աղվերան՝ փախանք

«Հայաստանում տուր-փաթեթները, հյուրանոցները թանկ են: Ո՞վ է տեսել՝ մեկ անձը մեկ օրվա համար վճարի 20.000 դրամից սկսած, տվածներն էլ՝ նախաճաշ: Անցած տարի գնացինք Աղվերան՝ փախանք: Հյուրանոցում երկտեղանոց համարը մեկ օրվա համար 40.000 դրամ էր: Մի վերմակ-դոշակի, մեկ բաժակ թեյի, մի ձվի, պանիր ու կարագի համար 40.000 են ուզում: Դա անխղճություն է ուղղակի: Կային ընտանեկան համարներ, որ 70.000 դրամ էին պահանջում մեկ օրվա համար: Խնդրեմ ձեզ հանգիստ: Տալիս էին նախաճաշ, ընթրիք, կար փակ լողավազան, սեղանի թենիս, խաղահրապարակ: Տենց ա՝ հելնենք քաղաք, այգում նստենք անվճար, էլի… մի մաքուր օդ ենք ուզում շնչենք՝ քթներիցս են բերում: Անգամ հանգստանալուց պետք ա սթրես ապրենք, առանց դրա չի լինի: Փոխանակ հանգստանանք՝ անհանգստանում ենք»,- սրտնեղեց մյուսը:

Ընդամենը 37000 դրամով փախչում ես Երևանի շոգից և 4 օրով հայտնվում ես Սև ծովի ափին

«Հայաստանում ավելի թանկ է հանգիստը, քան հարևան Վրաստանում: Ընդամենը 37000 դրամով փախչում ես Երևանի շոգից և 4 օրով հայտնվում ես Սև ծովի ափին: Քծիբություն էլ չեն անում, երկուանգամյա սնունդ կա: Դե համեմատեք, էլի. քո երկրում, ասենք, 50.000 դրամին երևի 1.5 օր հանգստանաս, էն էլ՝ մենակ»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Ավելի լավ է մատչելի տարբերակ փնտրեմ իմ երկրում, քան գնամ Անթալիա ու թուրքին փող տամ

«Երևի այս տարի Արցախում հանգստանամ, ընկերս հողամաս ունի այնտեղ, ընտանիքով մի քանի օրով կգնանք: Ծանոթներիցս շատերը գնալու են Վրաստան, մի մասն էլ՝ Անթալիա: Բայց ավելի լավ է մատչելի տարբերակ փնտրեմ իմ երկրում, քան գնամ, ասենք, Անթալիա ու թուրքին փող տամ, ինձ համար բացառվում է դա»,- նկատեց մյուսը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս