«Նման վարքագծի դրսևորումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանը քաղաքական իշխանությանը ենթարկեցնելու ցանկություն». Գոհար Մելոյան

Երեկ Ազգային ժողովի նիստում Վահե Գրիգորյանը երդվելով թեև ստանձնեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, սակայն իր ելույթում նա բոլորովին այլ կարգավիճակ իրեն վերագրեց՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը ոչ միայն հրաժարական չի ներկայացրել, այլև ակտիվ հանդիպումներ է ունենում։

«Սա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված, Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։ Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, այդ ամենը բաց ու թափանցիկ է տեղի ունեցել՝ շուրջ մեկ տարի։ Մեկ տարի առաջ ես որոշեցի մասնակցել, ընտրվել և ստանձնել այս պաշտոնը։ Ես բոլոր հանգամանքներով հանդերձ՝ պատկերացրել եմ նաև, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում։

Սա սահմանադրական իշխանական մարմիններից միակն է, որ դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ։ Սահմանադրական դատարանը (ՍԴ) իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնությամբ մտադիր եմ սկզբից քննարկել իմ գործընկերների՝ ՍԴ անդամների և նախագահի հետ, հետո համատեղ՝ ծայրահեղ կառուցողական, հուսով եմ՝ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման և հանրության առաջ հանդես գալ այդ լուծմամբ»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ երդվելով՝ դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։

«Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրականության ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են։ Խնդիրները լուծումներ ունենում են։ Երբ խնդիրներ ունենում է ՍԴ-ն, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ, բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։

Կարդացեք նաև

Այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ՍԴ դատավորի երդումը տալուց, ՍԴ մուտք գործելիս, որպես այս պահի դրությամբ ՍԴ միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես, ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ, կամ դրա բացակայության դեպքում, ընդունելի ձևաչափի տեսքով այդ մասին կտեղեկացնեմ հանրությանն ու իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացին դերակատարում ունենալ, ամեն դեպքում, ամե՛ն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ, և, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածություն ունեն դրանում, որևէ ինչ տեղի ունենալիս՝ ես պիտի խնդրեմ ՍԴ դատավորի երդումը տալիս, խստիվ պիտի պահանջեմ, որպեսզի իսպառ բացառվի ՍԴ անդամների կամ ՍԴ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան»։

Այս հայտարարությունը երկրի իրավաբանական համայնքի համար շոկային էր, եղան տարատեսակ հայտարարություններ, ֆեյսբուքյան գրառումներ։ Մասնավորապես իրենց  տեսակետը հայտնեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ «Թեև ես Հրայր Թովմասյանին համարում եմ ոչ կոմպետենտ և խնդրահարույց կադր, սակայն պետք է ազնվությամբ ընդունեմ, որ ինքը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ է:

Թող ներեն ինձ բոլոր հեղափոխական ընկերներս, բայց գոնե ՍԴ նախագահի մասով Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է», «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, շատ ուրիշներ, ովքեր միանշանակորեն նշում էին, որ այդ հայտարարությունն իրավաբանության հետ ոչ մի աղերս չունի։

168.am-ը հարցի շուրջ զրուցեց մասնագետի հետ։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»  հ/կ-ի համահիմնադիր, ՀՀ ԱԺ տեղեկատվական և վերլուծական վարչության նախկին պետ, իրավաբան Գոհար Մելոյանը նշեց, որ վերջին շրջանում ականատես ենք լինում իրավական «նոնսենսի» ժանրից իրավիճակների, այնինչ թվում էր, թե իշխող քաղաքական ուժն Ազգային ժողովի 7–րդ գումարման ձևավորումից հետո պետք է ձեռնամուխ լիներ իր հռչակած արժեքների և բարեփոխումների իրականացմանը։

«Անկեղծ ասած, իրավական համայնքը տարբեր առիթներ ունեցել է անդրադառնալու Վահե Գրիգորյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու ընթացակարգում առկա իրավական խնդիրներին։ Իրապես, և որպես մասնագետ, և որպես քաղաքացի՝ անընդունելի եմ համարում անձնավորված թեկնածուի առաջադրումը մի ուժի կողմից, ով իշխանության եկավ՝ նմանաբնույթ երևույթները քննադատելով։

Միևնույն ժամանակ, հավանաբար, ուշադրության էր արժանի նաև թեկնածուի կողմից ամեն գնով տվյալ պաշտոնում ընտրվելու ձգտումը։ Հիրավի արդար և արժանապատիվ մասնագետը դժվար ձգտեր օրենքի խախտմամբ զբաղեցնելու որևէ պաշտոն, և այս իրավիճակում արդեն իսկ պետք է հարց առաջացներ տվյալ անձի մասնագիտական որակը»։

Գ. Մելոյանը կարծում է, որ արդեն ՍԴ դատավոր Վ. Գրիգորյանը երկար չսպասեցրեց. ի ցույց դնելով իր քաղաքական ախորժակը՝ իրեն հռչակեց ՍԴ նախագահ՝ վիճարկելով ՍԴ դատավորների և  Սահմանադրական դատարանի գործունեությունը։

«Հարց  է առաջանում՝ արդյո՞ք Վ. Գրիգորյանը չի գիտակցում իր հայտարարության բացասական հետևանքները և սպառնալիքը իրավական անվտանգությանը, թե՞ այնքան է տենչում ՍԴ նախագահի պաշտոնին, որ աղավաղում է ակնհայտ պարզ սահմանադրական կարգավորումը՝ վիճարկելով Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը»,- նշեց իրավունքի մասնագետը։

Իրավական անվտանգությունը, ըստ մեր զրուցակցի, ենթադրում է անձի, հասարակության և պետության օրինական շահերի պաշտպանվածությունը՝ իրավական կարգավորման միջոցով: Ընդ որում՝ լայն իմաստով իրավական անվտանգությունը ներառում է համապատասխան վտանգներից իրավական համակարգի, օրենսդրության և իրավունքի պաշտպանվածությունը, իսկ նեղ իմաստով՝ իրավաստեղծ գործունեության ընթացքում իրավական սպառնալիքների բացառումը։

«Մասնավորապես՝ հաշվի առնելով նմանաբնույթ մեկնաբանությունները, Սահմանադրությունը լուծում էր տվել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարման խնդրին՝ հաշվի առնելով, որ հետագայում անվանափոխվելու էին ՍԴ դատավորի։ Այսպես՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Այսինքն՝ Սահմանադրության տեքստի ցանկացած մեկնաբանություն նախատեսում է, որ մինչև 2015 թվականը նշանակված սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ և անդամներ։ Հակառակ պարագայում սահմանադիրը կնախատեսեր Սահմանադրական դատարանի ապագա ինը դատավորների ընտրության ժամկետը և Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարման ընթացակարգը։

Հետևաբար՝ Սահմանադրության նորմի և Սահմանադրության նման մեկնաբանությունը որևէ քննադատության չի դիմանում, իսկ նման վարքագծի դրսևորումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանը քաղաքական իշխանությանը ենթարկեցնելու ցանկություն»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս