«Ստանձնելու եմ ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը». Վահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանն այսօր Ազգային ժողովի նիստում երդվելով թեև ստանձնեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, սակայն իր ելույթում նա բոլորովին այլ կարգավիճակ իրեն վերագրեց՝ Սահմանադրական դատարանի նախագահ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը ոչ միայն հրաժարական չի ներկայացրել, այլև ակտիվ հանդիպումներ է ունենում։
«Սա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված, Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։ Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, այդ ամենը բաց ու թափանցիկ է տեղի ունեցել՝ շուրջ մեկ տարի։ Մեկ տարի առաջ ես որոշեցի մասնակցել, ընտրվել և ստանձնել այս պաշտոնը։ Ես բոլոր հանգամանքներով հանդերձ՝ պատկերացրել եմ նաև, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում։ Սա սահմանադրական իշխանական մարմիններից միակն է, որ դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ։ Սահմանադրական դատարանը (ՍԴ) իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնությամբ մտադիր եմ սկզբից քննարկել իմ գործընկերների՝ ՍԴ անդամների և նախագահի հետ, հետո համատեղ՝ ծայրահեղ կառուցողական, հուսով եմ՝ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման և հանրության առաջ հանդես գալ այդ լուծմամբ»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ երդվելով՝ դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը․
«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ։ Ես դառնալու եմ երկրորդ դատավորը, և ես չեմ սխալվում սա ասելով։ ՍԴ-ում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։
Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրականության ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են։ Խնդիրները լուծումներ ունենում են։ Երբ խնդիրներ ունենում է ՍԴ-ն, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ, բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ՍԴ դատավորի երդումը տալուց, ՍԴ մուտք գործելիս, որպես այս պահի դրությամբ ՍԴ միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես, ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ, կամ դրա բացակայության դեպքու,մ ընդունելի ձևաչափի տեսքով այդ մասին կտեղեկացնեմ հանրությանն ու իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացին դերակատարում ունենալ, ամեն դեպքում, ամե՛ն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ, և, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածություն ունեն դրանում, որևէ ինչ տեղի ունենալիս՝ ես պիտի խնդրեմ ՍԴ դատավորի երդումը տալիս, խստիվ պիտի պահանջեմ, որպեսզի իսպառ բացառվի ՍԴ անդամների կամ ՍԴ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան»։