«Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանի ելույթը նախապես ծրագրված էր, որը հակասահմանադրական և անգրագետ քայլ էր». Սահմանադրագետ
Հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվեց Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։ Սակայն իր երդման ընթացքում նա հայտարարեց, որ ստանձնում է ոչ թե ՍԴ դատավորի, այլ ՍԴ նախագահի լիազորությունները, ինչն անակնկալ է եղել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար:
«Սա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված, Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։ Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, այդ ամենը բաց ու թափանցիկ է տեղի ունեցել՝ շուրջ մեկ տարի։ Մեկ տարի առաջ ես որոշեցի մասնակցել, ընտրվել և ստանձնել այս պաշտոնը։ Ես բոլոր հանգամանքներով հանդերձ՝ պատկերացրել եմ նաև, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում։ Սա սահմանադրական իշխանական մարմիններից միակն է, որ դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ։
Սահմանադրական դատարանը (ՍԴ) իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնությամբ մտադիր եմ սկզբից քննարկել իմ գործընկերների՝ ՍԴ անդամների և նախագահի հետ, հետո համատեղ՝ ծայրահեղ կառուցողական, հուսով եմ՝ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման և հանրության առաջ հանդես գալ այդ լուծմամբ։
Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ։ Ես դառնալու եմ երկրորդ դատավորը, և ես չեմ սխալվում սա ասելով։ ՍԴ-ում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով»,- ասել է Վ. Գրիգորյանը։
Վահե Գրիգորյանի ելույթից հետո իրավական ոլորտի մի շարք մասնագետներ բարձրաձայնեցին, որ այն, ինչ հայտարարեց Վ. Գրիգորյանը՝ հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրական դատարանն ունի նախագահ, որը չի հրաժարվել իր պաշտոնից։
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ նշեց, որ դժվարանում է ենթադրել, թե նա այդ հայտարարությունն ինչ նպատակով արեց, սակայն ակնհայտ է, որ Սահմանադրության և օրենքի տեսանկյունից՝ այն անհեթեթություն էր։
«Այդ հայտարարությունում որևէ շփոթմունք չկար, եթե մարդը նշում է, որ շատ դատավորներ չկան, կան միայն երկուսը, որից մեկն արձակուրդում է, ապա այստեղ չի կարող շփոթմունքի մասին խոսք լինել»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ եթե որևէ մեկն անհեթեթություններ է հայտարարում, ապա դա ոչինչ չի կարող փոխել։
«Հիմա ես կարող եմ ինքս ինձ հռչակել Հռոմի պապ, դրան ի՞նչ է հետևելու՝ ոչինչ, քանի որ դա անհեթեթ ու անտրամաբանական է՝ հեռու իրավունքի ու Սահմանադրության նորմերից։ Որպես իրավաբան՝ այդ կարգի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում։ Թող նրան սատարողները հայտարարեն, դա նախապե՞ս էր ծրագրված, թե՞ ոչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանի ելույթն արժանացավ բուռն ծափահարությունների, իմ կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ դա նախապես ծրագրված է եղել, որը սարսափելի հակասահմանադրական և անգրագետ քայլ էր»,- եզրափակեց Վարդան Այվազյանը։
Զվարթ Խաչատրյան