Լիլիթ Մակունցի համար անակնկալ է եղել Վահե Գրիգորյանի հայատարարությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար անակնկալ է եղել Վահե Գրիգորյանի հայատարարությունն այն մասով, որ նա ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:

«Այդ հատվածն ինձ համար անակնկալ էր»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ հավելելով, որ իր համոզմամբ՝ այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել:

Ըստ Լ.Մակունցի՝ խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, բայց այն իրավիճակը ՍԴ-ում, որի մասին հայտարարել է Վ.Գրիգորյանը, դրա մասին իրենք տեղյակ եղել են: Լեգիտիմության վերաբերյալ մեկնաբանություն անելը, նրա կարծիքով, ՍԴ տիրույթում է:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որ չի կարող լինել ՍԴ երկրորդ նախագահ, և այստեղ հանցակազմ կա, Լ.Մակունցը նշեց, որ Վ.Գրիգորյանը հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականություններ կատարելը:

Դիտարկմանն ի պատասխան, որ պաշտոնապես ՍԴ նախագահը շարունակում է լինել Հրայր Թովմասյանը, «Իմ քայլի» ղեկավարը կրկնեց Վ.Գրիգորյանի մեկնաբանությունը, որ ՍԴ-ում կա երկու դատավոր և այն պարագայում, երբ մի դատավորն արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:

Նա նաև հիշեցրեց, որ հարցի քննարկումը լինելու է ՍԴ-ում և պետք է սպասել նրանց հայտարարությունների:

Ավետիք Իշխանյանի մեկնաբանությանը, որ նույն տրամաբանությամբ չի կարելի ասել ԱԺ անդամ, կամ խմբակցության անդամ, պետք է ասել ԱԺ պատգամավոր և խմբակցության պատգամավոր, Լ.Մակունցը հակադարձեց.

«Վստահ եմ, պարոն Իշխանյանը գիտի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների արդյուքնում և որն է տարբերությունը ՍԴ անդամ և ՍԴ դատավոր լինելու միջև: Եվ համեմատությունն ինձ համար ընդունելի ու տրամաբանական չէ»:

Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Լ.Մակունցը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

Տեսանյութեր

Լրահոս