«ԱԳՆ-ն գրեթե բառացի վերարտադրել է այն ճանապարհային քարտեզը, որը եղել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ». Արմեն Աշոտյան

Հայաստանի արտաքին քաղաքականության նախկին ու ներկա գերակայությունների մասին «Ադեկվադ» հ/կ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին անդրադարձան ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։

«Կան երկրներ, որոնց արտաքին քաղաքականությունը միտված է իրենց տնտեսական շահերի առաջխաղացմանը, օրինակ՝ Գերմանիան, կան երկրներ, որոնց արտաքին քաղաքականությունը միտված է  իրենց կողմից դավանվող արժեքների տարածմանը, այդպիսին էր ժամանակին ԱՄՆ-ը, մասնավորապես՝ Օբամայի ժամանակ, կան երկրներ, որոնց արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ամրապնդմանը։ Եվ այս դասակարգման մեջ Հայաստանն ավելի շատ երրորդ խմբի մեջ է։

Մեր արտաքին քաղաքականությունը մեր անվտանգության ամրապնդումն է  դիվանագիտական գործիքակազմով։ Սա է եղել, համենայն դեպս, Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը վերջին երեսուն տարվա ընթացքում՝ չանտեսելով, իհարկե, ո՛չ արժեքների տարածումը, ո՛չ էլ տնտեսական որոշ շահեր»,- ասաց Ա. Աշոտյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես իրականացվել է՝ ելնելով ոչ միայն ազգային ու պետական շահերից, որոնք աներկբա էին, այլ համադրելով այդ շահերն այդ պահի աշխարհի գերհզորների մոտեցումներին, հնարավորություններին.

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես մաս է կազմել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգերի:Որքանո՞վ է այսօրվա իշխանությունը ամրացրել այդ անվտանգությունը:Ցավոք, այս կառավարության ապաշնորհ քաղաքականության պատճառով մեր երկրի շուրջ բռնկվելու են տարբեր նոր հրդեհներ:Ինչպե՞ս ընդհանուր վտանգի դեպքում համագործացել նարցիսիստ կառավարության հետ:

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 20. Juni 2019

«Ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանի նավը առաջ տանելու համար մենք մշտապես փորձել ենք առագաստն ուղղել այն կողմը, որտեղից եկել է առավել բարենպաստ քամին»։

Անդրադառնալով ներկա իրողություններին՝ Աշոտյանը նկատեց՝ մեր արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի ամրապնդում մեր անվտանգությունը, այլև լրացուցիչ վտանգներ է ստեղծում այդ անվտանգային միջավայրի համար.

«Վարչապետը հայտարարում էր, թե արտաքին քաղաքականության գերակայությունները չեն փոխվել, ավելին ասեմ՝ եթե նայենք երկու կառավարությունների ծրագրերը, որոնք ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ-ն գրեթե բառացի վերարտադրել է այն ճանապարհային քարտեզը, որը եղել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ. ուրիշ բան է, որ այսօրվա կառավարությունն արտաքին քաղաքականության ոլորտում նման է մի վարորդի, որի ձեռքն ընկել է մեքենան, ունի բոլոր նավիգացիոն քարտեզները, բայց վարել չգիտի»։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն էլ խոսեց հայ-ամերիկյան  հարաբերությունների մասին և նկատեց, որ իրավիճակ է փոխվել ոչ միայն ՀՀ-ում, այլև ԱՄՆ-ում, քանի որ ԱՄՆ-ում նախագահ է դարձել մարդ, որն իր կյանքում որևէ պետական գործ չի ունեցել։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրումը շատ հավանական է։

«Եթե քաղաքական ցնցումներ չլինեն, ապա առաջիկա տարիներին Հայաստանը շարունակելու է աշխատել ԱՄՆ այս ադմինիստրացիայի հետ, որը ծայրաստիճան  պրագմատիկ է։

Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, եթե տեղի ունենար Օբամայի կամ Բուշի օրոք, ապա ԱՄՆ-ի հետ որակապես այլ հարաբերություն կունենայինք՝ թե՛ ֆինանսական, թե՛ փոխգործակցության տեսանկյունից։ Հիմա ԱՄՆ նախագահն ասում է, որ իրենց բացարձակ չեն հետաքրքրում արժեքները, նրան հետաքրքրում է առևտրաշրջանառության թվերը»,- նշեց Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ այդ թվերը հօգուտ մեզ չեն աշխատում։

«Մի հասարակ հարց է առաջանում՝ կարո՞ղ է ՀՀ-ն ԱՄՆ-ին օգնել Իրանի ու ՌԴ-ի հետ հարցում,  բնականաբար՝ ոչ, որից էլ բխում է ԱՄՆ քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ»,- ասաց նա՝ նկատելով, որ ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մակարդակը պատմականորեն ամենացածր մակարդակի վրա է գտնվում։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս