«Քաջ Նազարի պես հայտնվել են մի իրավիճակում, որտեղ պետության ղեկն ավտոմատ հայտնվել է իրենց ձեռքում». քաղաքագետ

Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը շարունակելու է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, հաջորդ քայլը պետք է լիներ՝ գնալ և հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում Հայաստան-արտաքին աշխարհ հարաբերություններում նախկին իշխանությունների ժամանակ։ «Ադեկվադ» հ/կ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին հայտարարեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ նախկին իշխանությունների ժամանակ այդ  հարաբերություններում Հայաստանը երկու կամ երեք կարևոր հարց էր առաջարկում աշխարհին, որոնցից առաջինը Հարավային Կովկասում անվտանգությունն ու կանխատեսելիությունն էր։

Ըստ նրա՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը, և  թե՛ ԵՄ-ն, առաջին հերթին՝ հետաքրքրված էին հենց այդ կանխատեսելիությամբ.

«ՀՀ-ն և Արցախը` որպես պրոդուկտ, այդ անվտանգությունը տալիս էին միջազգային հանրությանը, այլ հարց է, որ միշտ չէ, որ մենք թանկ էինք վաճառում այդ անվտանգությունը, բայց ամեն դեպքում խնդիրը կար, և այն լուծվում էր հայկական զինված ուժերի կողմից, և դիվանագիտությունն ինչ-որ ձևով դա ներկայացնում էր արտաքին գործընկերներին, ու դրանով հանդերձ՝ դառնում էր հետաքրքիր գործոն տարածաշրջանում՝ որպես հենց անվտանգություն ապահովող կողմ»։

Երկրորդ հարցը, որը վերջին տարիներին շատ ակտիվ տարածվում էր, ըստ Հ. Մելիք-Շահնազարյանի՝ այն էր, որ Հայաստանը, հենվելով իր պատմական անցյալի վրա, հետամուտ լինելով Հայոց Ցեղասպանության ճանաչմանը միջազգային հարթակներում՝ բարձրաձայնում էր աշխարհում շատ ակտուալ դարձած՝ մարդության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը.

«Հայաստանը դրա մասին բարձրաձայնելով՝ ձևավորում էր մի միջավայր, որտեղ քաղաքակիրթ աշխարհը կարող էր համատեղ ջանքերով պայքարել այդ հանցագործությունների դեմ։ Այն շատ ակտուալ հարց էր հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ հայկական գործոնը շատ ուժեղ է։ Այդ գաղափարը մենք բարձրաձայնել ու հասցրել էինք միջազգային մակարդակ, ունեինք և հիմա էլ ունենք բոլոր շանսերը՝ դառնալու մարդկության համար այս խնդրի կարևոր լոկոմոտիվ։ Բայց հայտարարելով շարունակականության մասին՝ ըստ էության, այդ բանը տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ, կարծում եմ, բացառապես մեկ պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան։

Ինձ մոտ տպավորություն է, որ մեր արտգործնախարարը հասկացել է, որ ինչ պայմանավորվում է, կամ ինչ նախագծվում է, ի չիք է դառնում այն պահից, երբ գործին միջամտում է երկրի վարչապետը»։

Նա հավելեց, որ շատ է խոսում այն մասին, թե անվտանգության մակարդակը բարձրացել է առաջնագծում. «Բայց բոլորս տեսնում էինք, և սեպտեմբերից մինչ օրս անընդհատ բարձրաձայնում էինք, որ, այդպես կոչված՝ հանդարտությունը հակառակորդ կողմն օգտագործում է էլ ավելի բարենպաստ դիրքերից հետագայում ագրեսիա գործելու հնարավորության համար։

Այդ մի քանի ամիսների հարաբերական անդորրի գինը վճարվում է առաջնագծում զոհերով։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենն այս պահին ցույց տալ արդյունքներ»։

Ադրբեջանական ագրեսիային անդրադարձավ նաև քննարկման մյուս բանախոսը՝  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի.

«Ի՞նչ պետք է անել. կարծում եմ, որ խնդիրը միայն ռազմական ճանապարհով պատրաստվելը չէ: Մենք պետք է կոնսոլիդացված հասարակություն դառնանք, ունենանք ընդհանուր պատկերացումներ, ձևավորենք այնպիսի տնտեսական և քաղաքական համակարգ, որը ադեկվատ կլինի մեր պայմաններին. մոտավորապես այն, ինչն արեցին հրեաները Իսրայելում»։

Նոր իշխանություններին անդրադառնալով՝ քաղաքագետը նկատեց, որ նրանք չունեն քաղաքական լուրջ փորձառություն և դեռևս ադապտացվում են նոր իրողություններին։

«Քաջ Նազարի պես հայտնվել են մի իրավիճակում, որտեղ պետության ղեկն ավտոմատ հայտնվել է իրենց ձեռքում, և իրենք պետք է փորձեն ադապտացվել այս իրավիճակին։ Եվ եթե պրոցեսը խորանա, և իրենք չկարողանան ադապտացվել, դա մեծ ողբերգությամբ կարող է ավարտվել»,- նշեց նա։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս