«Մինչև վերջին կրպակի մակարդակի իջնելու է վեթինգը, որից հետո մամուլի վրա է հարձակում գնալու». Անդրանիկ Թևանյան
Հայաստանի Հանրապետությունում փոփոխությունների կարիքը կար, բայց հեղափոխություն որակված գործընթացներն ինքնին փոփոխությունը չէր։ Հունիսի 20-ին «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսում ելույթում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Ըստ նրա՝ փոփոխություններ պետք է արվեին 3 հիմնական ուղղությամբ. «Հասարակության մեջ ստեղծել հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտ, գնալ հստակ ռեֆորմների ծրագրերով և ունենալ թիմ, որը կաներ այդ ռեֆորմները: Մենք այսօր ունենք այս 3 կարևոր բաղադրիչների տապալում»։
Անդրադարձ կատարելով ներկա իրավիճակին՝ Է. Վարդանյանը նշեց, որ հեղափոխությունից հետո փոխվեցին կարգախոսները, փոխվեց քաղաքական բանավեճի կուլտուրան՝ իր տեղը զիջելով գավառամտությանն ու հայհոյանքներին, ձևավորվեց հասարակությունը երկու մասի բաժանելու մթնոլորտը՝ ինչին զուգահեռ՝ չեն արվել ռեֆորմներ, որոնք անհրաժեշտ էին գրեթե բոլոր ոլորտներում։
«Երբ իշխանությունը չունի իր ծրագրած մոդելը, ուղղությունը, որով պետք է շարժվել, ապա այս պահին ակտիվանում են ուժեր, որոնք փորձում են իշխանություններին հրամցնել իրենց ծրագրերը։ Երբեմն դա չեն նկատում իշխանությունները, նաև հասարակությունը, բայց անուղղակիորեն այդպիսի հրամացնելու պրոցեսը գնում է. արդյունքում ունենում ենք և արդեն ունենք բավականին վտանգավոր գաղափարների ներմուծում՝ անցումային արդարադատություն, վեթինգ, կուլակաթափություն, որոնց փորձում են այլ իրավական ձևակերպումներ տալ, այսինքն՝ առանց դատարանի վճռի գույքի բռնագանձում և այլն։ Այսինքն՝ գաղափարներ են, որոնք ներմուծվել են, որոնք ամենևին հայկական մոդելի ռեֆորմների հետ կապ չունեն»,- հավելեց նա։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի կարծիքով նույնպես՝ 2018 թվականի հայտնի իրադարձություններն անսպասելի չէին, սակայն անսպասելի էր ձևը, պահը, ֆիգուրանտների դիմագիծը.
«Սպասված էր այն առումով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կար, ընդ որում՝ փոփոխությունների անհրաժեշտությունը նոր չէր, երևի 1992 թվականից սկսած Հայաստանում միջավայրը ցնցումային է դարձել, ինչը վերաբերում է հետսովետական տարածքին, բացառությամբ՝ Մերձբալթյան երկրների, հիմնականում գտնվում է սեփականության լեգիտիմության ճգնաժամի մեջ»։
Նրա կարծիքով՝ 2018 թվականին տեղի է ունեցել պոստմոդեռնիստական ոճի հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանափոխություն, որը հնարավորություն էր տալու կամ գնալ առաջ, կամ հասարակությանը մտցնել ցնցումների մեջ.
«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ամբողջությամբ տեղավորվում է գիտական այն մոդելի մեջ, որը կոչվում է հետհեղափոխական եռաստիճան ցիկլ»։
Առանձնացնելով ցիկլերը՝ Ա. Թևանյանը մասնավորապես նշեց, որ հեղափոխության առաջին ալիքը, որպես կանոն, միշտ լինում է սիրո և հանդուրժողականության կոչերի ներքո, երկրորդ ցիկլի դրսևորումներից է՝ ցանկությունը վեթինգի ներդրման համար։ Հեղափոխության երրորդ ցիկլի ժամանակ, հասարակությունը տեսնելով, որ պատժիչ կարգախոսի ներքո իր վիճակն ավելի է վատանում, սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխումը և, այսպես կոչված, կուլակաթափությունը չի լավացնում իր կյանքը, շատ արագ հիասթափվում է պատժիչ գործողություններից, շատ արագ հասկանում է՝ առաջին ու երկրորդ ցիկլի հեղափոխականները պետությունը կառավարել և երկիրը զարգացնել չեն կարող, առաջ է գալիս նոր շրջան, որը հնի ու նորի այն սերուցքի միքսված տարբերակն է լինում, որը կարողանում է պետությունը տանել առաջ։
«Այդ ժամանակ հասարակության հին և նոր շերտերի, հնի և նորի կամրջման միջոցով արժանավորների կառավարման հնարավորություն է ստեղծվում, որոնք առաջ են տանում պետությունը, և նրանց հիմնական կարգախոսը լինում է՝ փրկենք հեղափոխությունը հեղափոխականներից։ Այդ դեպքում արդեն մենք ունենում ենք նոր հերթական ցիկլը»,- ասաց նա։
Անդրադառնելով վեթինգի ներդրմանը՝ Ա. Թևանյանը չբացառեց նաև քաղաքական բախումները, ապա բերեց Վրաստանի օրինակը.
«Բառիս բուն իմաստով՝ պետականության խնդիր կարող է առաջանալ։ Հասարակությանը պետք է տեղյակ պահենք, որ մինչև վերջին կրպակի մակարդակի իջնելու է վեթինգը, որից հետո մամուլի վրա է հարձակում գնալու»։
Ըստ բանախոսի՝ հասարակության մեջ թշնամիներ գտնելու ճանապարհով այսօր փորձում են իշխանությունը պահել, ինչը որակեց՝ «իրենց ապահովագրելու պարզունակ տեխնոլոգիա».
«Ներքին թշնամիներ են նշանակվում սևերը, նախկին իշխանությունները, ղարաբաղցիները, արտաքին մեղավոր է նշանակվում ՌԴ-ն։
Իմ տպավորությամբ, այս իշխանությունը՝ հասկանալով, որ ձախողվել է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական դաշտում, տիրապետելով տեղեկատվության, որ բալանսը կտրուկ ձևով խախտվում է արտաքին քաղաքական դաշտում և արտաքին ռազմաքաղաքական միջավայրում, ուզում է նախապես մեղավորներ նշանակել՝ հնարավոր պատերազմի հնարավոր կորուստների պարագայում»։
Ա. Թևանյանը, որպես լուծում, մատնանշեց այլընտրանքային տարբերակը՝ լայն համախմբման միջոցով և քաղաքական ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ։
Զարուհի Դիլանյան