2018 թվականին Սոցապնախարարությունը ծախսել է 352 մլրդ դրամ. Նախարար
Սոցապնախարարությունում 2018 թվականին փաստացի ծախսը կազմել է 352 մլրդ դրամ, որից նախարարության միջոցով ծախսը կազմել է 10 մլրդ դրամը, իսկ հիմնական մասը սոցիալական ապահովության ծառայության միջոցով է կատարվել։
Ընդհանուր ծախսի շուրջ 96 տոկոսը կազմել են տրասնֆերտները, կենսաթոշակներ՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստները։
Այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս այս մասին նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա տեղեկացմամբ՝ զբաղվածության ոլորտում ծրագրերի իրականացման ծախսը կազմել է 438 մլն 213 հազար դրամ։ Այս ծրագրերից նախարարն առանձնացրեց դայակների ծրագիրը, որը 2018 թվականին նախատեսվածի կրկնապատիկն է իրականացրել։
Իսկ երեխաների խնամքի և երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերի համար ծախսվել է 2 մլրդ 940 հազար դրամ։ Ծրագրերը հիմնականում ուղղված են եղել երեխաների շուրջօրյա, գիշերօրթիկ խնամքին։
«Երեխաներին ուղղված ծառայությունների համար շատ ենք կարևորում պատվիրակված ծառայությունների միջոցով իրականացվող ծրագրերը, որոնք իրականացվել են գործընկեր հ/կ-ների միջոցով։ Նախարարության մոտ առաջնային է երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելը, և սրան ուղղված միջոցառումների ծախսը կազմել է 44 մլն դրամ։ Այս տարի նման ծրագրերն ավելանալու են և տարեցտարի կազմելու են ավելի մեծ ծավալներ»,- ասաց նախարարը։
2018 թվականին տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի համար ծախսվել է 2 մլրդ 338 մլն դրամ և, ըստ Զարուհի Բաթոյանի, ավելի արդյունավետ է, երբ նշված անձանց խնամքն իրականացնում են ոչ թե հատուկ հաստատություններում, այլ համայնքահենք ծառայությունների միջոցով։ Ուստի նախարարությունը վարելու է նման ծառայություններն ավելացնելու քաղաքականություն։
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման համար էլ ծախսվել է 906 մլն դրամ։
«Այս տարվանից նրանց տրամադրվող բոլոր աջակցող սարքերն արդեն կտրվեն հավաստագրերի միջոցով։ Այս պահին մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նշածս մեխանիզմն ավելի մեծ հնարավորություն է տալիս ոչ միայն արդյունավետ իրականացնել ծրագրերը, այլև ունենալ շատ լուրջ տնտեսումներ։
2018 թվականին իրականացված ծրագրերը մեզ թույլ են տալիս հասկանալ, որ որոշ ծրագրեր թեև ունեցել են բավարար բյուջե և լավ ձևակերպված նպատակ, այնուհանդերձ դրանց անհասանելիությունը և ընթացակարգային բարդությունները թույլ չեն տվել ծառայել իրենց նպատակին։ Դրանց մեծ մասը հասկանալի պատճառներով ներկայացվել են իներցիայի ուժով։ Բնականաբար, այս ամենը վերանայման կարիք ունի»,- շեշտեց Զ. Բաթոյանը։
Զվարթ Խաչատրյան