«ՔՊ-ն ընտրել է քաղաքական վարքագծի միջին տարբերակը՝ ձերբազատվել որոշակի գաղափարական և քաղաքական իզմերից». Գարիկ Քեռյան
Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացրեց 5-րդ համաժողովը, որի ընթացքում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, որ իրենք փոխում են ստանդարտ գաղափարախոսությունը և ձևավորում գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն:
«Մեր կուսակցությունն արագ տեմպերով է հասցրել ընդդիմադիրից դառնալ իշխանական կուսակցություն, և շատերը նույնիսկ չգիտեն էլ, թե այն ինչ պատմություն ունի և ինչ գաղափարախոսության վրա է հիմնված։ Գուցե սա է պատճառը, որ շատերն ունեն թյուրըմբռնում՝ մեզ համարելով լիբերալ կամ ցենտրիստ, մենք սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- իր ելույթում նշեց վարչապետը։
Իր ելույթի ընթացքում վարչապետը նաև հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդավար կուսակցություն է։
Նա անդրադարձավ նաև աշխատատեղերին՝ նշելով, որ ստեղծվել է 51 հազար աշխատատեղ, որի մի մասը ստվերից է դուրս եկել, մյուս մասը նոր է ստեղծվել. «Բայց աշխատավայրի քանակն ավելի շատ կլիներ, եթե արձանագրենք, որ դրանց մի մասը բացվել է ֆեյքերի և յութուբում դիզլայքեր դնողների համար։ Մենք դժգոհ չենք, որ քաղաքացիներն աշխատանք ունեն։ Բայց մենք այնքան քաղաքական ռեսուրս ունենք, որ ֆեյքերին և դիզլայք դնողներին աշխատանքի դիմաց վճարողները բառի բուն իմաստով կարող են ունենալ բոմժի կարգավիճակ»,- ընդգծեց վարչապետը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն անդրադառնալով ՔՊ-ի համաժողովի ընթացքում վարչապետի հնչեցրած կուսակցության գաղափարախոսությանը, նշեց, որ կուսակցությունների մեծ մասը, որպես կանոն, խուսափում են իրենց որոշակի գաղափարախոսության հետ կապելուց, նաև՝ խուսափում են իրենց նույնականացնել հասարակության մեջ որոշակի խավի հետ։ Պատճառն այն է, որ կյանքը և քաղաքական պայքարի տրամաբանությունն ինքնին պահանջում է, որքան հնարավոր է, շատ ընտրազանգված ունենալ, ընդգրկել հասարակության բոլոր խավերը, և նման վարքագիծն ավելի մեծ թվով ընտրողներ է ապահովում ընտրությունների ժամանակ։
«Այս առումով, եթե նայենք ժամանակակից կուսակցությունների ծրագրային դրույթները, ապա բոլորի մոտ էլ կտեսնենք կրկնվող և համընդհանուր կարգախոսները՝ բարեկեցություն, դեմոկրատիա, հավասարություն, սոցիալական արդարություն, տնտեսական աճ։ Այս ամենը բոլոր կուսակցությւնների մոտ կրկնվում է, և այն հայկական երևույթ չէ, սա 21-րդ դարի իրողություն է, որն ավելի շատ լղոզում է քաղաքական ուժերի դիմագիծը, քան օգնում, որպեսզի ընտրողը հստակ ճանաչի դրանց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի համաժողովում հնչեցրած հայտարությունները դիտում եմ իմ նշած հանգամանքների կոնտեքստում»,- ասաց Գ. Քեռյանը։
Գարիկ Քեռյանի կարծիքով՝ ՔՊ-ի գաղափարախոսության մասին հնչեցրած հայտարարությունները, հնարավոր է՝ լինեն նաև տակտիկական քայլեր, քանի որ այսօր հասարակությունը շատ պահաջատեր է իշխող կուսակցության նկատմամբ։
Ուստի այդ հայտարարությունները մարտավարական իմաստով կարելի է համարել մանևրում, մինչև նոր Կառավարությունը հասկանա, թե, օրինակ՝ տնտեսական ո՞ր գիծն է, որն ապահովելու է տնտեսական աճ կամ իշխող կուսակցության հեղինակությունը, և այլն։
«ՔՊ-ն ընտրել է քաղաքական վարքագծի միջին տարբերակը՝ ձերբազատվել որոշակի գաղափարական և քաղաքական իզմեր որդեգրելուց, որը քաղաքական պայքարի առումով գուցե ճիշտ է, որովհետև նման կերպ դուրս է գալիս հարվածների տակից: Եթե հայտարարեն, որ սոցիալիստ են՝ ընկնելու են լիբերալների ու պահպանողականների հարվածների տակ, կամ՝ ասեն, որ լիբերալ են, ընկնելու են մեկ այլ թևի հարվածի տակ։ Կարծում եմ՝ իշխող ուժը դեռ չի որոշել քաղաքական միջոցառումների, տնտեսական ծրագրի կատարման մասին»,- շեշտեց Գարիկ Քեռյանը։
Ըստ նրա, հակակոռուպցիոն ծրագիրը դեռևս ապահովում է Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի վարկանիշը, քանի որ ծանրության կենտրոնը դրված է հենց այս գործունեության վրա։
Քաղաքագետը դժվարացավ ասել, թե այդ հանգամանքը որքան ժամանակ կարող է ապահովել նրանց քաղաքական կապիտալի կայունությունը, հնարավոր է, որ ինչ-որ պահի դադարի արդյունավետ լինել, և սկսվի հակառակ գործընթացը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությունը՝ կապված ֆեյքերի և յութուբում դիզլայք դնողների հետ, Գարիկ Քեռյանն ասաց, քանի որ հակակոռուպցիոն ծրագիրն այժմ ապահովում է իշխող ուժի վարկանիշը, բնականաբար, այն չի կարող լինել առանց նախորդ ռեժիմի հիշատակման, և ամեն օր որևէ կոռուպցիոն հայտնաբերելիս ՔՊ-ն ապահովում է իր քաղաքական վարկանիշը։
«Հակակոռուպցիոն պայքար ո՞ւմ դեմ, տրամաբանորեն հասկանալի է՝ ՀՀԿ-ի և քրեաօլիգարխիկ այն ներկայացուցիչների դեմ, որոնց այդպես բնութագրում է ներկայիս իշխանությունը։ Եթե Կառավարության գործունեության շեշտը դրվի ոչ թե սրա, այլ որևէ ծրագրի վրա, բնականաբար, նախորդ վարչակարգին այդքան հիշատակելու կարիք չի լինի։ Եթե նրանց չեն հիշատակում, պետք է բերեն երկրում շատ լուրջ խնդիրների լուծման որոշակի ծրագրերը։ Չգիտեմ, այդ պահին այդ ծրագրերը կան, թե ոչ, գուցե կա, բայց չունեն այն ռեսուրսները, որպեսզի դրանք կիրառեն»,- ընդգծեց Գ. Քեռյանը։
Զվարթ Խաչատրյան