«Հայաստանի համար տարածաշրջանային մարտահրավերներն անսահման են, դրանց մատների արանքով նայելը ճիշտ չէ». Արևելագետ
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության խորացումը կարող է ազդել նաև Հայաստանի վրա։ Իրանը Հայաստանի համար ունի ստրատեգիական նշանակություն, և այդ հակամարտության ռազմական տարբերակի դեպքում Ադրբեջանը կարող է առիթից օգտվել և Արցախի ուղղությամբ ավելի սրել իրավիճակը։ Այսպիսի մտահոգություն օրերս հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Այս համատեքստում ինձ շատ է մտահոգում, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները հաշվարկում են համապատասխան ռիսկերը: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը մշակում է իրավիճակին արձագանքելու պլաններ: Արդյո՞ք մեր Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն ունեն ռազմավարություններ այս առնչությամբ: Կարծում եմ՝ հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձևաչափով քննարկել այս հարցերը»:
Թեմայի և բարձրացված մտահոգությունների շուրջ 168.am-ը զրուցել է Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արևելագետ Արաքս Փաշայանի հետ։
– Տիկին Փաշայան, ԱՄՆ-Իրան հակամարտությունն ի՞նչ վտանգներ է ներկայացնում տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը։
– Մերձավոր Արևելքն առանց այդ էլ աշխարհի ամենաթեժ տարաշրջանն է։ Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղակի տակնուվրա է անում ամբողջ Մերձավոր Արևելքը՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Չնայած խնդիրները հին են, բայց ԱՄՆ-ը տարածաշրջանում իր դաշնակիցների, առաջին հերթին՝ Իսրայելի միջոցով, փորձում է իրենց իսկ կողմից ձևավորված իրանաֆոբիայի շուրջ ձևավորել տարածաշրջանային առանցք, որին մաս են կազմում նաև Ծոցի արաբական որոշ միապետություններ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան։ Բոլոր ջանքերն ուղղված են Իրանին «դուրս բերելու» Մերձավոր Արևելքից, ինչն այս պահին իրատեսական չէ։ Ի դեպ, Թուրքիային նույնպես ձեռնտու է Իրանի հեռացումը։ Մյուս կողմից՝ օտար պետությունների տարածքում, այդ թվում՝ Սիրիայում, Եմենում, Լիբանանում և այլն, դեռևս շարունակվում են Իրանի դեմ ուղղված միջնորդավորված առճակատումներն ու հակամարտությունները, որից տուժում են տարածաշրջանի ժողովուրդները։ Դ․ Թրամփի և Բ․ Նեթանյահուի կառավարություններն Իրանի դեմ օգտագործում են հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում՝ սադրանքներ։
– Այստեղ Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր եք տեսնում։
– Հայաստանը շատ դեպքերում երկու քարի արանքում է։ Օրինակ՝ ռուս-վրացական հակամարտության դեպքում Հայաստանի համար իսկապես դժվար է երկու կողմի համար էլ ընդունելի կեցվածք ունենալը։ Սակայն վստահ եմ՝ ամենաբարդ իրավիճակներում էլ կարելի է ճկուն մոտեցումներ գտնել։ Իրանի հետ կապված՝ Հայաստանի համար է՛լ ավելի դժվար է, քանի որ խոսքը ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր հարևանի մասին է, որի դեմ իրականացվող ամերիկյան պատժամիջոցներից Հայաստանին այդպես էլ չհաջողվեց անմասն մնալ։
Այս հարցում ամերիկյան մոտեցումը խիստ միանշանակ է, առանց բացառությունների, ինչքան էլ հայկական կողմը փորձի բացատրել Իրան-Հայաստան հարաբերությունների բացառիկ նշանակությունը շրջափակման մեջ գտնվող պետության համար։ Պատժամիջոցների տակ հայտնված Իրանն ի զորու չէ հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ տնտեսական, ֆինանսական և այլևայլ ոլորտներում համագործակցել այնպես, ինչպես դա կարող էր անել առանց պատժամիջոցների։ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը բավական ցածր ցուցանիշներ ունի, մյուս ոլորտներն էլ, կարելի է ասել, ակտիվ վիճակում չեն։ Վերջին շրջանում իրանական ազգային արժույթի արժեզրկումը հանգեցրեց նաև դեպի Հայաստան զբոսաշրջության տեմպերի անկմանը։
– Այս հակամարտության համատեքստում Հայաստանի լռությունն արդյոք վտանգավոր չէ՞, հատկապես Արցախի հարցի հետ կապված, քանի որ չկա հստակ ու պաշտոնական դիրքորոշում։
– Հայաստանն իրականում պետք է լուռ հետևի դեպքերին, բայց պատրաստ լինի հնարավոր բոլոր բարդ իրավիճակներին և դրանց լուծման համար ունենա պլան Բ-եր։ Հայաստանում հիմա ավելի շատ կենտրոնացած են ներքին խնդիրների ու վեճերի վրա, ինչը, կարծում եմ, իշխանության բացթողումներից է։ Նման մոտեցումն անընդունելի ու ռիսկային է։ Պետք է վերացարկվել ներքաղաքական անտագոնիզմից և համախմբել ուժերը՝ արտաքին խնդիրներով ավելի պատշաճ զբաղվելու համար։ Հայաստանի համար տարածաշրջանային մարտահրավերներն անսահման են, դրանց մատների արանքով նայելը ճիշտ չէ։
Մենք բազմաթիվ անելիքներ ունենք արտաքին ուղղություններում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, նաև Չինաստանի հետ կապված, որոնց լուծման համար պարտադիր է օգտագործել նաև Հայաստանի ոլորտային մասնագետների ներուժը։ Ես, օրինակ, առաջարկում եմ, որպեսզի Կառավարությանը կամ առանձին գերատեսչություններին կից գործեն վերլուծաբանների թիմեր, որոնք կաշխատեն արտակարգ ռեժիմով և խորհրդատվություն կտրամադրեն պետությանը։
– ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ հրամայական է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և փակ ձևաչափով քննարկել հարցը, Դուք դրա անհրաժշտությունը տեսնո՞ւմ եք։
– Կարծում եմ՝ գերատեսչություններն իրենք են ձևավորում իրենց օրակարգերը, և, եթե նման անհրաժեշտություն կա, վստահ եմ, որ հարցերը քննարկվում են։ Բայց թե ինչ տեսական ու գործնական մոտեցումներ են մշակվում, որ ավելի շոշափելի բարձրանա հարևան երկրների, օրինակ՝ Վրաստանի ու Իրանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների մակարդակը, որպեսզի Հայաստանը, ի վերջո, Մերձավոր Արևելքում վարի պրոակտիվ քաղաքականություն, որպեսզի ՀՀ-Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, Չինաստան հարաբերություններն ավելի գրագետ ձևավորվեն, դժվարանում եմ ասել։
Պետք է նկատի ունենալ, որ մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում, շատ բարդ հարևաններ ունենք՝ առանց բացառության։ Հստակ է, որ արտաքին քաղաքական խնդիրներին այսօր պետք է շատ ավելի գրագետ մոտենալ։ Չեմ կարող պնդել, որ նախկինում գերազանց էր։ Մենք առայժմ չենք կարողանում թե՛ մեր տարածաշրջանում, և թե՛ միջազգային հարթակներում պատշաճ դիմագրավել Ադրբեջանին կամ թուրք-ադրբեջանական քարոզչությանը։ Նույն արաբական աշխարհում Ադրբեջանն այսօր շատ ավելի առաջ է գնացել։ Մեր ռեսուրսները գուցե ավելի քիչ են, բայց վստահ եմ, որ թիրախավորված աշխատելու դեպքում հաջողությունների կարելի է հասնել։
Զվարթ Խաչատրյան