«Կրեմլը հասկացնում է՝ Փաշինյանը չի դարձել ու չի դառնա «մերոնքական»»

Հունիսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայացել էր նրա հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպումը, որը տևել էր մեկ ժամից ավելի՝ տետ-ա-տետ ձևաչափով, բավականին լայն քննարկումների և քննադատությունների առիթ դարձավ, որից հետո ՌԴ դեսպանատունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ ընդգծելով, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում։

«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»,- ասված էր հաղորդագրությունում։

Հարկ է նշել, որ Ռուսաստանի կողմից նման քայլերը դիտարկվում են՝ որպես Ռուսաստանի իշխանությունների կողմից հրապարակային աջակցություն ՀՀ երկրորդ նախագահին և միջամտություն ՀՀ ներքին գործերին: Թեև դեսպանների դեպքում նախկին նախագահների, ղեկավարների, քաղաքական գործիչների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ, ու թեև ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ հրապարակայնորեն չողջունեցին այդ հանդիպման կայացման փաստը, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ ՌԴ դեսպանից դժգոհություն չունի։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն հարցեր չունի՞ երկժամյա հանդիպման փաստի առիթով, և ինչո՞ւ ռուս դեսպանին չեն կանչել ԱԳՆ բացատրությունների համար, ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ արարողակարգի և դիվանագիտական նորմերի շրջանակում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել, դեսպանի գործողությունները չեն կարող դառնալ դատապարտման կամ հատուկ քննության առարկա մեր գերատեսչության կողմից։

Փոխարտգործնախարարը հիշատակել էր հանրային դատողություններն ու պետական գործիչների արձագանքները, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, անգամ այն անձանց հանդեպ, ովքեր գտնվում են քննության տակ, սահմանափակումներ լինել չեն կարող։ Ընդհանուր առմամբ, ինչպես պարզաբանել է Հովհաննիսյանը, ԱԳՆ-ն մտադիր չէ հայտարարություններ անել։

«168 Ժամը» փորձեց ռուս փորձագետների հետ հասկանալ, թե իսկապե՞ս ՀՀ երկրորդ նախագահի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը պլանային բնույթ էր կրում, ինչո՞վ էր այն անհրաժեշտ ռուսական կողմին՝ հաշվի առնելով նաև կանխատեսվող բացասական արձագանքները նման հանդիպումից հետո ներկայիս փուլում։

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա նմանատիպ առաջին քայլը չէ։ Նա թվարկեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռ.Քոչարյանին ծննդյան կապակցությամբ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը խոսել է Ռ. Քոչարյանի մասին, և այլն։ Ըստ նրա՝ ՌԴ վերաբերմունքն այդ ամենի վերաբերյալ շատ հասկանալի ու պարզ է՝ Քոչարյանը ԼՂ առաջին նախագահն է, ՀՀ երկրորդ նախագահը։

«Հայաստանում, ի վերջո, Սահմանադրություն գոյություն ունի, նախագահն անձեռնմխելի է, վե՛րջ։ Պորոշենկոն մաքուր հանցագործ է, նույնիսկ նրան անձեռնմխելիությամբ են ապահովել։ Բնականաբար, այդ ամենը բացասական արձագանք է առաջացնում, խոսքը հաշիվներ մաքրելու մասին է։ Ուստի Մոսկվան սրանով և նման քայլերով ցույց է տալիս, որ կան խաղի կանոններ, որոնք պետք է պահպանել, և հարցն այստեղ Քոչարյանի մեջ չէ անձնապես»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքով, եթե իշխանություններն այդ կանոնները չեն պահպանում, ապա դիտարկվում, ընկալվում են՝ որպես ոչ քաղաքակիրթ այն շրջապատում, որտեղ նրանք հայտնվում են, չեն դիտարկվում՝ որպես «մերոնքական»։

«Ինչու է Փաշինյանը նման դիսկոմֆորտ զգում ՀԱՊԿ երկրների և ԵԱՏՄ շրջանակում, քանի որ հայտնվում է նախագահների շրջանում, այսինքն՝ հեղափոխականը գալիս է ու սկսում է նստեցնել, դա նորմալ չէ, նորմալ չի դիտարկվում։ Ես չեմ ասում, որ պետք է թաքցնել հանցագործությունները, եթե դրանք կան, բայց երկրի առաջին դեմք եղած մարդն անձեռնմխելի է երկրի ցանկացած կետում, եթե չկա ներքին պատերազմ կամ ծանրագույն հանցագործություններ, երբ երկիրը լուրջ պարտություններ է կրել այդ ղեկավարի պատճառով։ ՀՀ-ն երեք նախագահ է ունեցել, հայտարարելը, որ բոլոր երեք նախագահները հանցագործներ են, այդ պարագայում ես կհարցնեմ՝ իսկ Հայաստանն ընդհանրապես գոյություն ունի՞, իսկ ո՞վ է ստեղծել այդ պետությունը։ Նման հարցեր են առաջանում։ Հայերը հին, խելացի ժողովուրդ են, պետք է հարգեն իրենց:

Այո՛, կան հաշիվներ, իսկ ո՞ր երկիրը չունի պատմական հաշիվներ, բայց պետք է քաղաքակիրթ կերպով վերաբերվել սեփական պատմությանը և ընթանալ առաջ և ոչ թե՝ հետ»,- ասաց Ս. Տարասովը։ Անկախ ամեն ինչից և անձնական համակրանք-հակակրանքից, ըստ նրա, պետությունների միջև հարաբերությունները նորմալ են, քանի որ միջպետական հարաբերությունները չեն կառուցվում անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ռազմական գործընկեր, ԵԱՏՄ անդամ, ՌԴ-ն ՀՀ անվտանգության երաշխավորն է, եթե հայերի վրա որևէ մեկը հարձակվի, ռուսները միշտ իրենց կողքին են լինելու: Այսինքն՝ սա կա, բայց կան նրբություններ, կա ելույթների որոշակի ոճաբանություն, բազմիմաստության կիրառում, որը համարժեք չի ընկալվում ՌԴ-ում։ Ռուսաստանում սովոր են նշել՝ գործընկեր, ընկեր, իսկ այստեղ հստակ չէ, թե ինչ են նշում։ Ռուսաստանը չի ասում՝ միայն մեզ հետ ընկերություն անի, մնացածին ատի: Ո՛չ, պետք է բոլորի հետ աշխատել, բայց կան նրբություններ»,- ասաց Տարասովը։

Ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը ևս գտնում է, որ Փաշինյանը «մերոնքական» չի դարձել, սակայն, ըստ նրա, դա չի ունենա լուրջ բացասական հետևանքներ երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ Մոսկվան շատ երկրների նոր ղեկավարությունների հետ հարաբերությունների նոր ավանդույթներ է ձևավորում։

Վադիմ Դուբնովի խոսքով՝ այդ հանդիպման փաստը պետք չէ դրամատիզացնել, քանի որ Կրեմլը ցուցադրում է իր լավ հարաբերությունները Քոչարյանի հետ, իսկ Փաշինյանը մինչ այս պահը չի դարձել «մերոնքական» Կրեմլի համար։

«Ղեկավարների, իշխանությունների միջև հարաբերությունները նորմալ են, հանդիպում են կոռեկտ կերպով, խոսակցությունները ևս կոռեկտ են: Այսինքն՝ հարաբերությունների ողջ ծրագիրը Ռուսաստանն իրականացնում է հնարավոր կոռեկտությամբ և ժպիտով։ Բայց Փաշինյանին հասկացնում են, որ նա մերոնքական չի դարձել, և քիչ հավանական է, որ կդառնա։

Քոչարյանը և Սարգսյանը մեր ակումբի անդամներն էին՝ ռուսամետ, եվրասիական, իսկ Փաշինյանը փորձում է իրեն դիրքավորել՝ որպես եվրասիական, բայց մենք նրան այդքան էլ չենք հավատում և մենք հիմքեր ունենք իրեն չհավատալու ու մենք դա հասկացնում ենք։ Չեմ կարծում, որ դա կունենա մեծ քաղաքական հետևանքներ, գուցեև դրական է, քանի որ վերջին շրջանում Մոսկվան մշակում է հարաբերությունների կառուցման որոշակիորեն նոր ավանդույթներ այն գործիչների հետ, որոնք դուրս են ավանդական եվրասիական շրջանակից։

Այսինքն՝ Մոսկվայի համար դա կարևոր է, քանի որ ամենուր նոր մարդիկ են Վրաստանում, Հայաստանում, Ղրղըզստանում արդեն այն չեն, ուստի այստեղ հարցը նույնիսկ Քոչարյանն ու Փաշինյանը չեն, եթե լրջորեն խոսենք։ Հարցի առաջին մակարդակում, այո՛, Մոսկվան պահպանում է իր նվիրվածությունը Քոչարյանին, քանի որ նա նախկին ակումբի անդամ է, հին շրջապատի գործիչ է, իսկ եթե խորությամբ քննարկենք, ապա հարաբերությունների նոր մոդել է ձևավորվում, հարաբերությունների նոր էթիկա, Փաշինյանի հետ դա է գործում, դա հասկանալի է։

«Մեր մարդը չէ, բայց մենք կաշխատենք նրա հետ»՝ նման ընկալում է։ Դա, կարծում եմ՝ խնդրահարույց չէ»,- ասաց Դուբնովը։

Տեսանյութեր

Լրահոս