Բաժիններ՝

ՊԵԿ-ի պետի տեղակալը նորից փորձության է ենթարկել մաքսավորներին

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պետի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը արդեն երկրորդ անգամ փորձության է ենթարկել իր ղեկավարած  մաքսային ոլորտը: Հիշեցնենք, որ Շ. Ներսիսյանը կոորդինացնում է մաքսային ոլորտը։

Հեղափոխության արդյունքում ՊԵԿ-ում հայտնված այս տեղակալը, որը մինչ այդ չէր եղել  պետական կառավարման համակարգում, սակայն իր նշանակումից մեկ ամիս անց բացակա հիմքերով  միանգամից գնդապետի կոչում ստացավ,  իր ոչ կոմպետենտ լինելու պատճառով հաճախ է ճոխ նվիրատվություններ անում տնտեսվարողներին:

Հանգստի օրերին մաքսավճարների զիջելու հայտնի ակցիային, պարզվում է, նախորդած է եղել շատ ավելի յուրահատուկ մի որոշում, որը, ի դեպ, գործել է երկարաժամկետ ու դարձյալ  ոչ օրինական որոշման հիմքերով: Եվ եթե նախորդի դեպքում տուժել էր ՊԵԿ արտաբյուջեն, ապա այս հրահանգի պարագայում պետական բյուջեն է նվազ մուտքեր ապահովել:

Ավելի վաղ 168.amգրել էր, որ  սեփական նախաձեռնությամբ գլխավոր մաքսավորը որոշել է մաքսավճարների հավաքագրումը հանգստի օրերին չեղյալ համարել, և տնտեսվարողներին ընծայած հեղափոխական պաշտոնյայի զիջման ակցիան «աղքատացրել» էր  ՊԵԿ  արտաբյուջեն:

Կրկին որոշ տնտեսվարողների սիրաշահելու մղումով  գլխավոր մաքսավոր Շուշանիկ Ներսիսյանը անցած տարվա կեսին հանձնարարել է  ներկրվող հագուստեղենի դեպքում այլ մաքսավճարներ կիրառել, թղթատարության մեջ դրանք մանիպուլյատիվ լուծումներով են արձանագրվել, սակայն մի քանի ամիս գործած հրահանգի էֆեկտը էականորեն հարվածել է պետական բյուջեին, թեթևացրել է  ներկրողի ֆինանսական բեռը,  փոխարենը՝ նույն ժամանակահատվածում ավելացրել է արտահանվող նույնատեսակ ապրանքների թիվը դեպի Ռուսաստան:

168.am-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ այս «ոչ լեգալ» զիջումներն իրականում արվել են հատուկ նպատակով՝ հեղափոխությունից հետո արտահանման թիվը բարձր ցույց տալու համար:

«Եվ դա մեծապես հաջողվել է մինչև 2018-ի նոյեմբերը»,- արձանագրում է մեր աղբյուրը՝ նշելով, որ 2018թ. տեքստիլի արտահանման ծավալների ուռճացված ցուցանիշ է արձանագրվել, և դա ՊԵԿ-ը մատուցել է՝ իբրև հեղափոխության բերած առավելություն տեղական արտադրողի համար:

Մինչդեռ իրականում կրկնվել է «Սպայկա» ընկերության՝ հայտնի թուրքական պոմիդորի պատմությունը՝ ներկրվել է թուրքական  ապրանքը,  կոստյումի մաքսավճարը 200 դրամ հաշվվելով՝ այն միաժամանակ  արտահանվել է  Ռուսաստան՝ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համաձայն:

Ի դեպ, մի քանի ամիս տևած այս ակցիան ՊԵԿ-ում հիմնավորում այդպես էլ չի ստացել, արդյունքում՝  տուժել է պետությունը, բայց շահել է տնտեսվարողը կամ ՊԵԿ-ի կարգադրիչներից մեկը, ում շատ պետք էր շրջանցել օրենքը ու չպատժվել «Սպայկայի» օրինակով:

Մի ուշագրավ տեղեկություն ևս.  այս յուրօրինակ մեխանիզմով աշխատել են  ոչ բոլոր մաքսակետերը: Ինչպես նախկին հրահանգի դեպքում, այս մեկի պարագայում էլ  5 մաքսապետերից երեքը հանդգնել են չկիրառել նոր մոտեցումը՝ հաշվի առնելով այն, որ Շուշանիկ Ներսիսյանի հրահանգն իջեցվել է նորից բանավոր՝ առանց իրավակարգավորում ստանալու:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս