Վիճահարույց է ոչ միայն Նախագահի գործունեությունը, այլ նաև հենց իր նախագահությունը. AntiFake.am

Այսօր` հունիսի 17-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման հարթակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդանշական բողոքի ակցիա Նախագահական նստավայրի դիմաց` #Anti_Fake_President խորագրով:

Բողոքի ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի իրականացնում իրեն Սահմանադրությամբ վերապահված գործառույթները: Մասնավորապես, նախագահը չի հետևում Սահմանադրության պահպանմանը: Վիճահարույց է ոչ միայն Նախագահի գործունեությունը, այլ նաև հենց իր նախագահությունը:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքումընդունվեցին ՀՀ սահմանադրության փոփոխությունները, և ՀՀ-ն կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոփոխվեց նաև ՀՀ նախագահի կարգավիճակը։ ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի հիմնական գործառույթն է հանդիսանում Սահմանադրության պահպանմանը հետևելը:

2018 թ-ի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը , ով իր պաշտոնն ստանձնեց 2018 թ-ի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ։

Այսպես՝ անդրադառնանք նախագահի գործունեությանը պաշտոնը ստանձնելուց հետո։

Արմեն Սարգսյանի՝ որպես Հանրապետության նախագահ, լեգիտիմությունը

Անհրաժեշտ է ընդգծել, որ ներկայացված Հանրապետության նախագահի թեկնածուն այնքան էլ միանշանակ չընդունվեց։ Մասնավորապես՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ ներկայիս Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս անդրադարձան ներկայացված թեկնածուի անհամապատասխանությանը ՀՀ Սահմանադրության պահանջներին։ Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ այդ ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ ըստ իրենց մոտ առկա տվյալների Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում չի հանդիսացել միայն ՀՀ քաղաքացի /«Ելք» խմբակցությունը պնդում էր, որ Արմեն Սարգսյանը՝ ըստ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից տրամադրված տեղեկանքի, 2012-14 թթ. հանդիսանում էր ՍՊԸ-ի տնօրեն, որի համար պետք է լիներ Մեծ Բրիտանիայի քաղաքացի/։ Ուստի՝ ի դեմս Ն. Փաշինյանի ընդդիմադիր խմբակցությունը պահանջում էր Արմեն Սարգսյանից ներկայացնել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տրամադրված փաստաթուղթը, որտեղ նշված կլիներ Արմեն Սարգսյանի Մեծ Բրիտանիայի քաղաքացիության դադարեցման ժամկետը։ Ընդդիմադիր խմբակցության կողմից Նախագահի լեգիտիմության ընդունման միակ նախապայմանը վերոնշյալ փաստաթղթի ներկայացումն էր։

Հայաստանի Հանրապետությունում ապրիլ ամսին քաղաքական զարգացումների արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Արդեն ընտրված և պաշտոնն ստանձնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գնաց Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսել է պահանջված փաստաթուղթը և հաստատեց Նախագահի լեգիտիմությունը։ Հատկանշական է, որ այդ փաստաթուղթը հետագայում այդպես էլ չհրապարակվեց։

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուի առաջադրման սահմանված ժամկետի խախտում

ՀՀ սահմանադրական դատարանում առկա էր դատավորի թափուր տեղ, որի թեկնածու պետք է ներկայացներ Հանրապետության նախագահը։ Վերջինս՝ 2018 թ-ի ապրիլի 23-ին ներկայացրեց Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով չընտրվեց ՀՀ սահմանադրական  դատարանի դատավոր, ինչից հետո՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախագահն պարտավորվում էր տասնօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։

Նախագահը՝ գտնելով, որ սահմանված ժամկետը բավականին սեղմ է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար դիմեց Սահմանադրական դատարան՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Սակայն ՍԴ դիմելուն միաժամանակ, Նախագահը չիրականացեց Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է՝ 10-օրյա ժամկետում ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը։ Այն դեպքում, երբ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ օրինականության սկզբունքի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Կարելի էր ենթադրել, որ նախագահի կողմից նման ինքնիրավչության իրականացումը պայմանավորված էր՝ իր դիմումի հիման վրա ՍԴ որոշման կայացմանը սպասելով։ Այնուամենայնիվ, մինչև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կայացումը /նախագահի դիմումի հիման վրա ՍԴ որոշումն ընդունվել է 2018 թ-ի նոյեմբերի 6-ին / 2018 թ-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ևս չընտրվեց որպես ՍԴ դատավոր:

Ամփոփելով վերոգրյալը, եզրակացնում ենք, որ սահմանադրական կարգի երաշխավորը խախտում է Սահմանադրության և օրենքների պահանջները։

Ազգային ժողովի շենքի շրջափակում

2018 թ-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծում սահմանված էր մի դրույթ, համաձայն որի՝ «նիստի չապահովման դեպքում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև, երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հարցերի քննարկման դեպքերի: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10:00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են վերսկսված նիստի նկատմամբ։»։

Այս օրենքի ընդունումն հիմք հանդիսացավ Վարչապետի անհիմն զայրույթի, և վերջինիս կոչով շրջափակվեց Ազգային ժողովի շենքը։ Սա գործադիր իշխանության ղեկավարի՝ Վարչապետի կողմից իշխանությունների տարանջատման սկզբունքի ակնհայտ խախտման դեպք էր։ Մասնավորապես՝ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»։

Ակնհայտ է, որ խախտվել էր իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, հետևաբար՝ ակնկալվում էր սահմանադրական կարգի երաշխավորի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վարչապետի կոչը և գործողությունները քննադատող կամ զսպող որևէ գործողություն։ Այն դեպքում, երբ Նախագահը հանդես եկավ Ն. Փաշինյանին աջակցող կարճ հաղորդագրությամբ, իսկ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի լրատվության բաժնում այդ որվա վերաբերյալ ընդհանրապես որևէ մամլո հաղորդագրություն առկա չէ  /ի դեպ, հոկտեմբերի 1-ին նախագահն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ /։ Ավելին՝ Ազգային ժողովի շրջափակման ժամանակ փողոցում Վարչապետի կողմից աշխատանքից ազատվեցին նախարարներ, և այս իրավական ճգնաժամի պայմաններում նախագահը խուսափեց իր սահմանադրական հիմնական գործառույթի իրականացումից։

Դատարանների մուտքերի արգելափակում

Սույն թվականի մայիսի 9-ին Վարչապետ Ն. Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ արեց. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:»։ Ակնհայտ է, որ կրկին գործադիր իշխանության ղեկավարի կողմից խախտվում էր Սահմանադրության 4-րդ հոդվածը՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, և կրկին հերթը Հանրապետության նախագահինն էր՝ հետևելու Սահմանադրության պահպանմանը, այսինքն՝ իրականացնելու իր հիմնական սահմանադրական գործառույթը։

Նախագահը, չխախտելով ավանդույթը, հանդես եկավ ոչինչ չասող ուղերձով, կրկին անգամ խուսափելով դիմել որևէ գործնական քայլի՝ սահմանադրական կարգը երաշխավորելու նպատակով /հատկանշական է, որ, այս անգամ ևս, նախագահը գործուղղման էր/։

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար օրենքի խախտմամբ իշխանության թեկնածուի առաջադրում

2018 թվականի հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի կողմից Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի, թեկնածությունը մերժելուց  հետո, բավականին ժամանակ Հանրապետության նախագահը թեկնածու չեր ներկայացնում։ Այնուհետև՝ ներկայացրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, ով բավականին հեղինակավոր գիտնական-իրավաբան է և աշխատել էր Սահմանադրական դատարանում։ Սակայն, իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը։

Նախագահը հաջորդաբար ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ում ևս՝ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Իր սկզբունքայնությամբ աչքի չընկնող նախագահը, պահելով որդեգրած անտարբեր քաղաքականության գիծը, ՍԴ դատավորի թեկնածու կրկին առաջադրեց Վահե Գրիգորյանին։ Այն դեպքում, երբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»:

Ինշպես արդեն նշել էինք Վահե Գրիգորյանն արդեն ներկայացվել էր նախագահի կողմից որպես ՍԴ դատավորի թեկնածու և, բնականաբար, «նոր» թեկնածու չէր կարող հանդիսանալ, առավել ևս՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից։ Հետևաբար՝ նախկինում արդեն ներկայացված և չընտրված թեկնածուն չէր կարող կրկին ներկայացվել։

Փաստորեն, Հանրապետության նախագահը տեղի տվեց իշխանության շանտաժին և նորից  առաջադրեց իշխանահաճո և հայտնի ձայնագրություներից ակնհայտ քաղաքականացված, տխրահռչակ իրավաբանին։ Արդյունքում՝ ծագում է հարց.ի՞նչը ստիպեց նախագահին դիմել քաղաքական ինքնասպանության, և իր ինստիտուտի հեղինակազրկման, միգուցե, հանրությունից այդպես էլ գաղտնի պահված քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ #Anti_Fake_PRESIDENT ակցիայի մասնակիցները Արմեն Սարգսյանից պահանջեցին հրապարակել նախագահի պաշտոնը ստանձնելու հետ կապված վիճահարույց փաստաթղթերը, որոնք ցույց է տվել ՀՀ վարչապետին, սակայն որոնք այդպես էլ չհանրայնացվեցին։

Ակցիայի մասնակիցները ակցիայի ընթացքում բաժանեցին պաղպաղակներ, ցույց տալու համար, որ նախագահի գործառույթների մեջ պաղպաղակ բաժանելը չի մտնում։ Խորհրդանշական ակցիան ամփոփվեց #Anti_Fake_PRESIDENT գրությամբ փուչիկները օդ բաց թողնելով և Արմեն Սարգսյանին «Կիսամյակային լավագույն Fake գործիչ» անվանակարգում հավաստագիր շնորհելով։

#Anti_Fake_President  ակցիայի նախաձեռնողներ`

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպություն

AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման հարթակ

Տեսանյութեր

Լրահոս