«Բոշեն փաշա չի դառնում»

Երեկ «Քաղպայմանագիրն» (ՔՊ) իր հերթական՝ 5-րդ համաժողովն արեց, որի աշխատանքները տևեցին մոտ 10 ժամ: Աշխատաժողովի ժամանակ եղան բավականին շատ ելույթներ, հնչեցին թեզեր ու արդեն բոլորին հայտնի հեղափոխական կոչեր: Կարող ենք ֆիքսել, որ աշխատաժողովի ողջ ընթացքի հիմքում ոչ թե մարդն էր կամ երկրի ապագան, նրա կառուցման տեսլականը, այլ իրենց ռևանշիստական մոտեցումների հերթական շարունակությունը: Պարբերաբար թմբկահարվող հեղափոխության «առաջնայնության ու աննախադեպության մասին դրույթներ»:

Որպես կանոն՝ նման աշխատաժողովների ժամանակ քննարկվում և առաջ են քաշվում կուսակցության գաղափարախոսական հիմնահարցեր, ընդհանուր կուսակցաշինությանը վերաբերող քայլեր: Սակայն ՔՊ-ական ֆորումն ուղղված էր ոչ թե երկրի զարգացմանը կամ կուսակցական շինարարությանը, այլ ավելի շատ նախկին իշխանություններին ուղղված ինչ-ինչ հայտարարություններ անելուն։

ՔՊ-ի «սեփականատեր» Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ ու տեղ-տեղ նիրհ բերող խոսքն իր համար էլ համոզիչ չէր, նրա ձայնը կենդանանում էր միայն «նախկիններին» քննադատելիս, իսկ կուսակցության պատկերացումների մասին ՀՀ՝ իբրև պետության կառավարման, քաղաքական ու տնտեսական, գոնե թեթևակի զարգացման մասին վարչապետը երդվյալ լռում էր:

Եթե հաշվի չառնենք ոչինչ չկոնկրետացնող ու արդեն սովորական դարձած հռետորաբանությունը, որից այդպես էլ ոչինչ չի հասկացվում, ապա «իզմ»-եր մերժող Փաշինյանին ծափահարում էր նրա հեղափոխական թիմը, որ փաստացի ընդամենը կշռաքար է՝ կախված նրա պարանոցից, և վարկանիշի անկման պատճառ՝ իր անգործիմաց ու անհեռատես քայլերով, անհեթեթ հայտարարություններով:

Այսօր մենք ապրում ենք մի իրականությունում, որ ըստ էության մինչև հերթական ընտրություններ պիտի ապրենք հեղափոխության փաստո՞վ: Դա բավակա՞ն է տնտեսություն պահելու, ազգային անվտանգություն ապահովելու, աշխատատեղ ստեղծելու, նույնիսկ 20 տարում բնակչություն կրկնապատկելու համար: Փաստացի՝ ոչ Փաշինյանը, ոչ ՔՊ վարչության 21 անդամներն ու մյուսները չունեն իշխանություն լինելու պատասխանատվություն։

Նրանք ընկալել են իշխանության ձևային կողմը՝ այցեր, հանդիպումներ, ելույթներ, հայտարարություններ, բովանդակային՝ աշխատանքի կողմը մնում է ինքնահոսի վիճակում:

Ակնհայտ է մի բան, որ քաղաքացին պետք է լինի գնահատված և արժանապատիվ, այլ ոչ թե ժողովրդին մատուցեն միայն տեսարաններ, ինչ-որ էքսցենտրիկ պահվածք ու անհասկանալի գոռգոռոցներ՝ իշխանությունների բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն քաղաքացու կողմից ստացած քվեի պատասխանատվության համար:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ անգամ մեկ տարի անց այս իշխանությունները չեն հասկացել, որ նման վարքագծի ժամանակներն արդեն անցել են, և իրենք երկրի ղեկավարություն են, պատասխանատվություն են կրում եղածի ու չեղածի համար:

Իշխանության ներկայացուցիչները, մոռանալով իրենց հիմնական առաքելությունը, հիմնականում թիրախավորում էին նախկին իշխանություններին՝ փորձելով  շրջանցել իրենց համար ռիսկային հարցերը: Համագումարը, որի նախապատրաստական աշխատանքները տևել էին ամիսներ շարունակ, մեկ բառով կարելի է ասել՝ համագումար էր ոչնչի մասին: Հատկանշական է, որ գործող իշխանությունների խոսքում կարմիր թելի նման գնում էր հետևյալ սկզբունքը՝ պետությունն ասոցիացվում էր իշխանության հետ, ինչը, համաձայնեք, որ բավականին ռիսկային երևույթ է:

Այս պարագայում տեղին է փաստել, որ պետությունը և իշխանությունն իրար հետ շաղկապված, բայց տարբեր հասկացություններ են, քաղաքագիտության մեջ դրանք վաղուց ուսումնասիրված, սահմանված ու բացատրված են՝ սկսած եգիպտական-փարավոնական ժամանակաշրջանի «աստվածային» ըմբռնումներից, ստրկատիրական և ավելի ուշ՝ ճորտատիրական ու ավատապետական հասարակարգերից՝ մինչև նոր ժամանակների հեղափոխությունները, քաղաքացիական հասարակարգերի հաստատումը տարբեր պետություններում, երբ ուժի իշխանությանը եկել է փոխարինելու ուժեղ իշխանություն հասկացությունը, որի ուժը, սակայն, հատկանշվում է «փափուկ ուժի իշխանությամբ, որի ամբողջական կիրառման անցումային փուլում է գտնվում քաղաքակիրթ աշխարհն այսօր:

Փաստենք հետևյալը. մոլորակի վրա, Հայաստանից բացի, այլ պետություններ էլ կան, ու Հայաստանը ստիպված է հարաբերվել այդ պետությունների հետ, ուստի արտաքին ոչ արարողակարգային, այլ՝ բովանդակային քաղաքականություն ունենալու ժամանակն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս